Ինչպես հայտնի է, անցյալ տարի Ռուսաստանում ինֆլյացիայի երկնիշ թիվը նկատելիորեն կրճատել է իրական աշխատավարձի մեծությունը: Այսինքն կյանքը թանկացել է: Իսկ մեզ մոտ ինֆլյացիան դեֆլյացիայով է փոխարինվել: Բայց արդյո՞ք դա նշանակում է, որ Հայաստանում «միջին» վարձու աշխատողը սկսել է ավելի լավ ապրել, քան Ռուսաստանի իր դասակարգակիցը:
Դիտարկենք ռուսական Կրասնոդար քաղաքի` համանուն մարզի վարչական կենտրոնի ցուցանիշները: Կրասնոդարի մարզում մեր հայրենակիցները մեծ քանակ են կազմում. հայերն իրենց թվով երկրորդ ամենամեծ համայնքն են ռուսներից հետո:
Կրասնոդարի վարչակազմը հրապարակել է ամենանշանակալի սննդամթերքների գների մոնիտորինգի արդյունքները հունվարի 27-ի դրությամբ: Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը կարճ տեղեկություն է հրապարակել ընթացիկ տարվա հունվարին մանրածախ գների մասին: Բայց երկու հրապարակման տեսականիների մեջ ընդամենը հինգ ապրանք է համընկնում` բուսական սննդամթերքներ: Այսինքն գնի հստակ արտահայտված սեզոնայնությամբ սննդամթերքը:
Երեւանում եւ Կրասնոդարում այս ապրանքներից ինչքա՞ն կարելի է գնել միջին աշխատավարձով: Նախ նշենք, որ հաշվարկներում անվանական (այսինքն` բրուտտո) աշխատավարձի օգտագործումը կարող է աղավաղել իրական պատկերը: Հարցն այն է, որ Ռուսաստանում անվանական աշխատավարձից ընդամենը եկամտահարկ է պահվում` հարթ սանդղակով 13 տոկոս: Իսկ մեզ մոտ գրեթե երկու անգամ ավելի շատ է պահվում` 25 տոկոս: Այդ պատճառով հաշվարկների համար օգտագործում ենք «մաքուր» աշխատավարձը` հանելով պարտադիր հարկերը (առանց պետական սեկտորի աշխատակիցների համար «նպատակային վճարների»):
Քանի որ Երեւանում եւ Կրասնոդարում աշխատավարձի վերաբերյալ վերջին տվյալները վերաբերում են անցյալ տարվա նոյեմբերին, դրանց հիման վրա հաշվարկը մի քիչ պայմանական բնույթ է կրում: Բայց հազիվ թե անցած երկու ամսվա ընթացքում այդ ցուցանիշներում էական տեղաշարժեր եղած լինեն, որոնք ի վիճակի լինեն լրջորեն փոփոխել դրանց միջեւ հարաբերակցությունը:
Վերոբերյալ գրաֆիկում ներկայացվում է բուսական առանձին մթերքների քանակությունը (կգ-ով), որը Կրասնոդարում եւ Երեւանում հնարավոր է գնել մաքուր աշխատավարձով: Տարբերությունն այնքան ակնհայտ է, որ մեկնաբանությունների կարիք չունի: Իհարկե, սխալ կլիներ մի քանի ապրանքի հիման վրա արմատական եզրահանգումներ անել:
Հավելենք, որ շատ քաղաքացիներ չեն վստահում պաշտոնական տվյալներին, հատկապես` աշխատավարձի գծով: Սակայն հաշվի առնենք, որ խոսքը միջին ցուցանիշների մասին է, որոնք ինչպես աշխատավարձի, այնպես էլ գների հարցում կարող են հսկայական տարբերություն համահարթել: Օրինակ` Կրասնոդարում գները տատանվում են բավականին լայն սահմաններում. գրաֆիկում ներկայացված ապրանքների առավելագույն եւ նվազագույն գների տարբերությունը մեկ ու կես, երկու անգամ է:
Այս նյութը դիտել են - 1398 անգամ