Ինձ ուղղված նամակ՝ ուսուցչի աշխատանքի բարձր գնահատանքով2019-01-11 22:16:00
Ես չգիտեի՝ ով է նա, ինչ մասնագիտություն ունի: Բայց ինձ համար մեկն էր, ով երևաց իր ընթերցասիրությամբ, երբ դեռ անցած տարի գրեց, որ ցանկանում է իմ նոր հրատարակված գրքից ունենալ: Իհարկե, չմերժեցի: Շուտով ստացա նրա նոր գրառումը. «Բարև Ձեզ: Շատ շնորհակալ կլինեմ Ձեր նվերը («Գրողն ու ուսուցիչը...Ժամանակի մեջ և անդին») ստանալու համար: Ֆեյսբուքյան գրառումներից կարելի է հասկանալ, որ Դուք բնակվում եք Արցախում: Չնայած մենք ծանոթ չենք, բայց ցանկալի է գիրքը հեղինակային ինքնագրով ստանալ»:
Շուտով Մարտակերտի կենտրոնական հիվանդանոցի տնօրենի միջոցով հրատարակած երկու գիրքս հասցվեց Ստեփանակերտ, այնտեղից՝ իմ ֆեյսբուքյան ընկեր, Աշտարակում բնակվող Արտավազդ Սարգսյանին: Արդեն տեսանելի էր, որ մարդուն, ում չեմ ճանաչում, եթե հետաքրքրել են իմ գրքերը, ապա գովելի է երևույթը, որ մեր օրերում դեռ պահպանվում է գրքի հանդեպ սերը: Չնայած սահմանափակ էր հրատարակությունը, և ձգտում էի նվիրել նրանց, ովքեր տեղ էին գտել այդ գրքերում, բայց հարմար գտա նաև հասցնել այն մի քանի անծանոթ ընթերցասերների:
Վերջերս ինձ անակնկալի բերեց նրա նամակը, չնայած ուշացումով նկատեցի: Ուղղակի հիացմունքով կարդացի այն, որտեղ տարիների հեռվից նա հիշում է իր ուսուցիչներին, նաև ինձ ուղղված գնահատողական խոսք կար. «Բարև Ձեզ, տիկի՛ն Նատաշա: 45 տարի առաջ եմ ավարտել Ստեփանակերտի թիվ 2 միջնակարգ դպրոցը (ոսկե մեդալով): Ինձ բախտ է վիճակվել լինելու աշակերտը այդ տարիներին մեր մարզի լավագույն մանկավարժների՝ Գուրգեն Հայրապետյան (ֆիզիկա), Նիկոլայ Բաբայան (քիմիա), Լազր Թումանյան (մաթեմատիկա), Բորիս Բաղրյան (հայոց լեզու և գրականություն), Վլադիմիր Սարգսյան (պատմություն), Սերգեյ Խաչատրյան (ֆիզկուլտուրա), Էռնա Ակոպովնա (գերմաներեն), Տատյանա Խորենովնա (ռուսաց լեզու և գրականություն): Մի խոսքով՝ հրաշալի մասնագետների մի աստղաբույլ: Նրանց մեծ մասն այսօր չկան... Բայց, միևնույն է, ես նրանց հիշելու եմ ընդմիշտ... Գուցե դա գալիս է նաև նրանից, որ ծնվել եմ մանկավարժների՞ ընտանիքում և տեսել նրանց նվիրվածությունը իրենց գործին: Եվ երբ խոսակցություն է լինում մանկավարժների մասին, ես առաջինը հիշում և տեսնում եմ նրանց: Նաև՝ ծնողներիս...
Ուշադրությամբ հետևելով Ձեր ֆեյսբուքյան էջին, կարդալով Ձեր գրքերը՝ տեսնում եմ Ձեր նվիրվածությունը մասնագիտությանը, մեր երեխաների ճիշտ դաստիարակությանն ու կրթմանը: Տեսնում եմ Ձեր մայրական հոգատարությունը, արցախուհու հայրենասիրական կեցվածքը: Եվ որ շատ կարևոր է, չտեսա, որ զբաղվեք քաղաքականությամբ, դիմություն կամ ընդդիմություն խաղաք: Երանի~ յուրաքանչյուր ոք զբաղվեր միայն իր գործով և այն կատարեր ըստ պատշաճի, նվիրումով, ինչպես դա Դուք եք անում: Շնորհավորում եմ Ձեզ, առողջություն եմ մաղթում, հաջողություններ, երկար տարիների երջանիկ կյանք, բեղուն գրիչ, ուժ ու կորով: Ամենալավն ու բարին Ձեզ, Ձեր ընտանիքին: Եվ ցանկանում եմ, որ տասնամյակներ հետո էլ Դուք Ձեր աշակերտների հուշերում մնաք այնպիսին, ինչպիսին իմ հուշերում մնացել են իմ լավագույն ուսուցիչները»:
Ես չէի կարող ինձ համար անծանոթ, բայց հոգիս ջերմությամբ լցրած անձնավորությանը բացեիբաց չասել շնորհակալություն, որ այդպես գնահատել գիտի ուսուցիչներին, որ այդքան գրագետ շարադրանքով կարողացավ այնպես զարմացնել ինձ, որ այս անգամ ես առաջարկեցի իմ նոր հրատարակված «Մանկավարժի օրագրի» 2-րդ մասը նվիրել նրան:
Նաև ցանկացա իմ մեծագույն երախտիքն այս հրապարակմամբ հայտնել ուսուցչի ծանրաբեռնված աշխատանքը գնահատող անհատականությանը՝ հարգելի Արտավազդ Սարգսյանին: Իսկ նրա Նոր տարվա շնորհավորանքի այս խոսքն ավելի ջերմացրեց ինձ, երբ կարդացի Արցախի, ընդհանրապես, զինվորի հանդեպ ունեցած նրա նուրբ ու սրտագին զգացումը. «Լավագույն ցանկություններս Ձեզ, ամբողջ Արցախ աշխարհիս... Սահմանում կանգնած զինվորներիս...»:
Սա այն է, որ ընթերցում ես ու լռում: Լռում ես ու չգիտես ինչ ասել, բայց դեմքիդ դաջված է մնում մի մեծ հիացմունք... Եվ այսքանը հեռվից գրում է տարիների մասնագիտական փորձ ունեցող բժիշկը, ով կենսագրական հարուստ ճանապարհ է անցել ու միշտ էլ մնացել իր խղճին հավատարիմ:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 25337 անգամ