Դեսպան Ներսեսյանի հանդիպումը կոնգրեսական Ջոն Քոքսի հետ2019-01-17 14:28:00
Հունվարի 16-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպեց Կալիֆորնիա նահանգի նորընտիր դեմոկրատ կոնգրեսական Ջոն Քոքսին: Դեսպան Ներսեսյանը շնորհավորեց Կոնգրեսական Քոքսին ընտրվելու կապակցությամբ` մաղթելով հաջողություններ իր հետագա գործունեության մեջ:
Դեսպանը ներկայացրեց ՀՀ Կառավարության կողմից իրականացվող արմատական բարեփոխումները, մասնավորապես` արդարադատության, մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում, ինչպես նաև 2018թ. դեկտեմբերի 9-ին ՀՀ-ում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ու միջազգային դիտորդական կազմակերպությունների բարձր գնահատականները:
Կողմերը կարևորեցին ԱՄՆ Կոնգրեսի դերակատարումը ԱՄՆ արտաքին աջակցության ավելացման, ներդրումների խթանման, երկկողմ քաղաքական ու միջխորհրդարանական կապերի ակտիվացման, ինչպես նաև տարածաշրջանային հիմնախնդիրների կարգավորման հարցերում:
Զրուցակիցները բարձր գնահատեցին հայ համայնքի դերակատարումը հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման ու խորացման գործում: Դեսպան Ներսեսյանը և Կոնգրեսական Քոքսը պայմանավորվեցին շարունակել շփումները հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի հարցերի շուրջ:
Այս նյութը դիտել են - 11476 անգամ