Այն, որ ընտրությունների ժամանակ կրթության ոլորտի աշխատողները՝ ուսուցիչներ, դաստիարակներ, տնօրեններ, բառիս ուղիղ իմաստով պետական ծառայություն են մատուցում, արդեն փաստված իրողություն է: Վառ ապացույցն Ավան և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում քննվող գործն է, մեղադրյալի աթոռին՝ թիվ 56 մանկապարտեզի տնօրենը:
Չարաշահելով դիրքն ու կնիքի, այսպես ասած, զորությունը՝ Ավան-Առինջ թաղամասի մանկապարտեզի տնօրենն ու նույն տարածքում տեղակայված ընտրատարածքի նախագահը որպես հանձնաժողովի անդամ, այլ անձի տվյալների դիմաց գիտակցաբար գրառել է մտացածին անձնագրային կեղծ տվյալ, ստորագրել, կնքել, իսկ քվեաթերթիկը գցել քվեատուփի մեջ: Կարինե Ստեփանյանը, ի դեպ, ընդունել է առաջադրված մեղադրանքը: Ընտրակեղծիք կատարած տնօրենին պետք է հեռացնել աշխատանքից՝ կարծում է Անահիտ Բախշյանը:
«Այն անձը, ում փոխարեն կատարել են քվեարկություն, զարմացած է: Հույս ունի՝ նման բան երկրորդ անգամ չի կրկնվի, եղածն էլ դաս կլինի ընդհանրապես բոլոր կրթական օջախների աշխատակիցների համար, որոնք ներառված են ընտրական հանձնաժողովների կազմում, և արժանապատվորեն կկատարեն իրենց աշխատանքը: Ի վերջո, մանկավարժը պետք է օրինակելի մարդ լինի: Հակառակ դեպքում՝ ինչ երեխա վստահելու մասին է խոսքը:
56-րդ մանկապարտեզի ոչ ծնողները, ոչ էլ մանկավարժները, ակնհայտ ճշմարտությանը կողմ չեն: Դատարանի որոշում դեռ չկա, ինչ կարիք կա փչացնել հարաբերությունները տնօրենի հետ: Ասել է, թե՝ տնօրենի մասին կա՛մ լավը, կա՛մ ոչինչ, որքան էլ որ հոգու խորքում մեղադրեն ընտրակեղծիք կատարողին: Ու սա է պատճառը, որ «ի՞նչ վերաբերմունք ունեք տնօրենի խախտմանը» հարցին, պատասխանում են»:
Թե ինչ կարծիք ունեն տնօրենի մասին մանկավարժները, այդպես էլ ճշտել չի հաջողվում: Փակ դռան հետևում 5-րոպեանոց քննարկումից հետո բերում են սպասված լուրը:
Հիշեցնենք, որ ընտրական հանձնաժողովում կրակից ուրիշի համար շագանակներ դուրս բերելը ևս մեղք է, օրենքով պատժելի արարք: Իսկ մեղադրյալին սպառնում է վեց ամսից երեք տարվա ազատազրկում կամ տուգանք` նվազագույն աշխատավարձի 200-600-ապատիկի չափով