Միջնորդություն է ներկայացվել Շիրխանյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու վերաբերյալ...
2016-02-09 18:14:00

2015թ. դեկտեմբերի 21-ին ԱԱԾ կողմից վնասազերծված զինված խմբի գործով կալանավորված ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի պաշտպաններն ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչություն միջնորդություն են ներկայացրել իրենց պաշտպանյալին մասնագիտացված բուժհաստատություն տեղափոխելու վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վահան Շիրխանյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը` նշելով, որ ներկայացված միջնորդության պատասխանը կլինի մինչեւ փետրվարի 12-ը:

«Մենք պահանջում ենք, որ մեր պաշտպանյալը տեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց, քանի որ նա առողջական վատ վիճակում է եւ անհապաղ լուծում է հարկավոր տալ այս հարցին»,- ասաց Ստեփան Ոսկանյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վերաքննիչ դատարանը մերժել է 2015թ. դեկտեմբերի 21-ին ԱԱԾ կողմից վնասազերծված զինված խմբի գործով կալանավորված ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի պաշտպանների միջնորդությունը` Շիրխանյանին մասնագիտացված բուժհաստատություն տեղափոխելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են, ապա կալանավորվել:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235–րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ Հանցավոր համագործակցություն ստեղծելը եւ դրան մասնակցել եւ Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:
Այս նյութը դիտել են - 1384 անգամ