Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից 200 հազար դոլարով թանկարժեք առանձնատուն ձեռք բերելուն առնչվող քրեական գործի վարույթը չի կարճվել, սակայն ոստիկանապետը որևէ կարգավիճակ չունի:
Այս մասին «Հետք»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են գլխավոր դատախազությունից: «Վլադիմիր Գասպարյանի կարգավիճակին հնարավոր կլինի անդրադառնալ միայն լրիվ և բազմակողմանի քննություն կատարելու, ձեռք բերված ապացույցների գնահատման արդյունքում»,- ասված է դատախազության պատասխանում:
Նույն հարցի վերաբերյալ էլ հատուկ քննչական ծառայությունից պատասխանել են, որ նախաքննության ընթացքում կատարվել են բազմաթիվ քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում` հարցաքննվել են վկաներ, կատարվել առգրավումներ, զննություններ: «Ինչ վերաբերում է Վլադիմիր Գասպարյանի դատավարական կարգավիճակին, ապա վերջինս մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակ չունի: Քրեական գործի վերաբերյալ (այդ թվում, թե գործով առնչություն ունեցող անձանցից ովքեր են հրավիրվել նախաքննական մարմին և ինչ քննչական գործողությունների են մասնակցել) որևէ այլ տեղեկատվություն չենք կարող տրամադրել նախնական քննության տվյալների հրապարակման անթույլատրելիությունից ելնելով»,- ասված է ՀՔԾ-ի պատասխանում:
Նախկին ոստիկանապետի կողմից առանձնատուն գնելու վերաբերյալ «Հետք»-ի հրապարակման հիման վրա նախորդ տարվա սեպտեմբեր ամսին էր քրեական գործ հարուցվել: Շուրջ 6 ամիս տևած նախաքննության ընթացքում քննչական մարմինը նախկին ոստիկանապետին չի հարցաքննել:
Այս նյութը դիտել են - 3238 անգամ