Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ներկայացրել է ԱՄՆ-ի 2017 թվականի պետբյուջեի նախագիծը, որը կազմում է շուրջ 4 տրիլիոն 100 միլիարդ դոլար:
«Մենք զգալի առաջընթաց ենք գրանցել անցած 7 տարիների ընթացքում տնտեսության ոլորտում. նվազել է գործազրկությունը, պակասել՝ դեֆիցիտը եւ նույնիսկ՝ անկում ապրել նավթի գները: Ստեղծվել են նոր աշխատատեղեր, ավելացել աշխատավարձերը եւ բժշկական ապահովագրություն ունեցող ամերիկացիների թիվը», - ասել է Օբաման:
Իր ազգային անվտանգության թիմի հետ հանդիպման ընթացքում Բարաք Օբաման նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է մնալ երկրագնդի հզորագույն երկիրը եւ շարունակում է իրականացնել առավել խիզախ եւ բեկումնային ծրագրեր:
Մասնավորապես, 2017-ի պետբյուջեի նախագիծը նախատեսում է խոշոր ներդրումներ քաղցկեղի բուժման եւ մաքուր էներգիայի զարգացման ոլորտներում: Նախատեսվում է նաեւ պաշտպանական ծախսերի աճ:
«Մեր ներկայացված բյուջեն արտահայտում է իմ առաջնությունները, այն առաջնությունները, որոնք, իմ կարծիքով, օգնելու են զարգացնել Ամերիկայի անվտանգությունն ու բարգավաճումը ապագա տարիներին», - նշել է Օբաման:
Մեկ այլ ոլորտ, որն ունի լուրջ ներդրումների կարիք, առցանց անվտանգությունն է: Նախագահ Օբամայի խոսքով, Միացյալ Նահանգների բազմաթիվ պետական գործակալություններ աշխատում են 1960-ականներիմակարդակի վրա:
«Անվտանգության ապահովումը ոչ միայն տանկերի կամ օդանավերի առկայության կամ ցամաքային անվտանգության ապահովման խնդիր է, այլ նաեւ պահանջում է մեր առցանց անվտանգության ուժեղացում», - նշել է Օբաման:
Վերլուծաբանների կարծիքով, նախընտրական տարում նախագահ Օբամային չափազանց բարդ է լինելու պետբյուջեի ընդունման վերաբերյալ հանրապետական մեծամասնություն ունեցող Կոնգրեսի հետ բանակցելը: Այսպես, հանրապետականներն արդեն հայտարարել են, որ մտադիր չեն հավանություն տալ դեմոկրատ Օբամայի բյուջեին:
Այս նյութը դիտել են - 1534 անգամ