եթե կառավարությունը չարձագանքի ուսուցչիցների պահանջին՝ դիմելու են գործադուլի .Hayeli
2019-02-23 22:51:00
«Hayeli.am » գրում է.
Ուսուցիչների շրջանում հասունացող դժգոհությունը Նիկոլ Փաշինյանի կառավարության ամենամեծ մարտահրավերն է։ Հեղափոխությունը թմբիրից արթնացրել է երկար ժամանակ ամորֆ վիճակում գտնվող ուսուցչական հանրույթին, և դժգոհությունը, որն այժմ նրանք փորձում են արտահայտել, առավել քան արդարացի է։ Մի խումբ ուսուցիչներ նախօրեին մամուլի ասուլիս են հրավիրել և հայտարարել, որ եթե իրենց աշխատավարձը չբարձրանա, դասարաններում աշխակերտների թիվը չնվազեցվի, չբարելավվի մանկավարժների ատեստացիայի համակարգը, իրենք դիմելու են գործադուլի։ 
Օրերս՝ Մերգելյան ակումբում տեղի ունեցած քննարկման ժամանակ, կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, պատասխանելով թիվ 196 հիմնական դպրոցի ուսուցչուհի Սուսաննա Վարդանյանի՝ աշխատավարձի բարձրացման վերաբերյալ հարցին, հայտարարել է, որ բյուջեում գումար չկա, որովհետև, ըստ ԿԳ նախարարի ներկայացրած տվյալների՝ ուսուցիչների աշխատավարձն ընդամենը 10 տոկոսով բարձրացնելու համար հավելյալ 7 մլրդ դրամ գումար կպահանջվի։ «Թվում է, թե բյուջեում փող չունեն միայն ուսուցչի համար։ Այն հարցին, թե ինչպես է, որ պետական աշխատողների աշխատավարձերը բարձրանում են, ուսուցիչներինը՝ ոչ, պատասխանն ուղղակի ցնցող էր՝ պետական աշխատողները 500-600 հոգի են, դուք՝ ուսուցիչներդ, հազարավոր»,- արդեն ասուլիսում նախարարի խոսքը պատմում էր ուսուցչուհի Վարդանյանը։
Փետրվարի 22-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը, N 54 ավագ դպրոցի ուսուցչուհի Լուսինե Գասպարյանը հայտարարեց, որ եթե կառավարությունը չարձագանքի և չլսի իրենց խնդիրները, երկուշաբթի օրը՝ փետրվարի 25-ին, դիմելու են Արհմիությունների կոնֆեդերացիա, դրանից հետո մեկ շաբաթ կսպասեն, եթե կառավարությունը չարձագանքի, դիմելու են գործադուլի։ Ուսուցիչներն իրավունք ունեն պաշտպանելու իրենց իրավունքները, բարձրացնելու մասնագիտական հարցեր, պահանջելու արժանապատիվ կյանք։ Տարիներ շարունակ ուսուցիչները եղել են ամենաանպաշտպան ու արժեզրկված խավը։ Քաղաքական և պետական իշխանությունները ստորացրել են ուսուցչին՝ նրան դարձնելով քաղաքական գործիք, ընտրություններում վերարտադրվելու, ձայներ հավաքագրելու և քվեներ կեղծելու արատավոր համակարգի մաս։
Ուսուցչի աշխատավարձը վերջին անգամ բարձրացվել է 2008 թվականին՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից։ Քոչարյանի՝ իշխանությունից հեռանալուց հետո ուսուցչի աշխատավարձը ոչ միայն չի բարձրացվել, այլ տարբեր կողմնակի մեթոդներով իջեցվել է․ հանվել են գրավոր աշխատանքների ստուգման համար նախատեսված հավելավճարները, դասղեկության ու մեթոդմիավորման համար նախատեսված գումարները, ուսուցիչները մեծ մասամբ չեն ստանում պարգևավճար և 13-րդ աշխատավարձ, որովհետև դպրոցը, որպես կանոն, չի ունենում տնտեսված միջոցներ։
Այս ամենին գումարած՝ մանկավարժի դրույքային շաբաթական ծանրաբեռնվածությունը նախկին 18 դասաժամից հասցվեց 22 ժամի, դասարաններում աշակերտների խտությունը հասցվեց 35-ի, այն դեպքում երբ դասասենյակները փոքր են և նախատեսված չեն այդ քանակի աշակերտների համար։ Զուգահեռաբար պետության և հասարակության պահանջները դպրոցից և ուսուցչից գնալով ավելանում են։ Այս տարիներին դպրոցներում հազար ու մի անիմաստ ծրագրեր ու նախագծեր փորձարկվեցին, մտցվեցին դասարան․ամ համակարգի էլեկտրոնային մատյանները, որոնք ուսուցչի համար հավելյալ աշխատանք են, այժմ նրանցից պահանջվում է կիրառել նոր էլեկտրոնային ուսուցման մեթոդներ, անընդհատ ինքնակրթվել ու բարելավել գիտելիքները, որովհտև դա ժամանակի պահանջ է։ Իսկ ինչ են ստանում այդ ամենի դիմաց ուսուցիչները՝ օրեցօր նվազող աշխատավարձ, պետական արհամարհական վերաբմունք, նախատինքներ, թե դուք դարձել էիք քաղաքական գործիք, չեք ապահովում որակյալ կրթություն և տապալում եք սերունդ կրթելու պատասխանատու գործը։ Ուսուցիչներից դժգոհում են շատերը, անգամ նրանք, ովքեր չեն կարողանում սեփական տանը հարազատ երեխային տարրական գիտելիքներ սովորեցնել, անգամ նրանք, ովքեր երբևէ դասարան չեն մտել և չեն պատկերացնում այդ աշխատանքի բարդությունը։
2008 թվականից առ այսօր ուսուցիչը համբերատար տարել է ամեն ինչ և սպասել ավելի լավ օրվա։ Այս ընթացքում բարձրացվել են ոստիկանների, զինվորական համակարգի սպաների, պետական ծառայողների, բժիշկների աշխատավարձերը, թոշակներն ու նպաստները, իսկ ուսուցիչների համար փող, պարզվում է, չկա, կան միայն անընդհատ աճող պահանջներ։ Ուսուցիչները թերևս հասկացել են, որ առանց պայքարի արդյունքի չեն հասնելու, և եթե իրենք լռեն, ապա նոր իշխանությունը ևս տրորելու է իրենց, ինչպես նախորդը։
Ուսուցչական հանրույթը այն բացառիկ խավն է, որը կարող է նոր՝ իրական հեղափոխություն իրագործել։ Դրա համար ուսուցիչներն ունեն բոլոր ռեսուրսները․ ի վերջո ի՞նչ են անելու ԿԳ հեղափոխական նախարար Արայիկ Հարությունյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը, եթե հանրապետության բոլոր 1400 դպրոցներում գործադուլ հայտարարվի, և 43 հազար մանկավարժները՝ ամեն մեկն իր բնակավայրում դուրս գա փողոց։ Սա իսկապես կլինի այնպիսի հեղափոխություն, որի մասին Նիկոլ Փաշինյանը պատկերացնել անգամ չէր կարող։
 
Այս նյութը դիտել են - 25399 անգամ