Սկզբից ահաբեկում էին, հետո գումար առաջարկում, հիմա Վանեցյանի ու Ալեն Սիմոնյանի անուններն են տալիս. «Վստրեչի Ապերի» գործով տուժող. Տեսանյութ.Hayacq 2019-02-27 13:00:00
Հայացք մամուլի ակումբում «Վստրեչի Ապեր» մականվամբ հայտնի Արամ Վարդանյանի քրեական գործով տուժող Մամիկոն Բագրատունին և փաստաբան Արայիկ Պապիկյանը խոսեցին Արամ Վարդանյանի գործի և ազատ արձակման մասին, ինչպես նաև տեղեկացրեցին, որ գործն արդեն վերաքննիչ դատարանում է:
Մամիկոն Բագրատունին և փաստաբան Արայիկ Պապիկյանը կարծում են, որ Արամ Վարդանյանի ազատ արձակումը հակաիրավական է: «Քրեական վարույթն ընթացել է բավականին լուրջ բացթողումներով: Գործի քննությունն ի սկզբանե, մեղմ ասած՝ օբյեկտիվ չի իրականացվել` արդարության բացահայտման ուղղությամբ: Եվ նախաքննության, և Առաջին ատյանի դատարանում քննության ընթացքում պաշտոնատար անձինք՝ քննիչ, դատախազ, դատավոր, որպես կանոն, սահմանափակվել են օրենքներով, բայց արդարադատություն չեն իրականացրել: Երբ քրեական գործը հարուցվել է, նախաքննական մարմնի ձեռք բերված ապացույցներով մեծ թվով մարդիկ պետք է որ մեղադրյալի կարգավիճակ ունենային, սակայն նման կարգավիճակ ստացել է ընդամենը երկու հոգի: Անձինք, ովքեր մեղադրվել են ծանր հանցագործություն կատարելու համար, մեր «արդարամիտ դատարանների» ու «քննիչի ու դատախազի աշխատանքի շնորհիվ» անազատության մեջ գրեթե չեն մնացել: Նման արարք կատարած ցանկացած այլ անձինք գոնե նախնական կալանքը կրելու էին քրեակատարողական հիմնարկում»,-ասաց Արայիկ Պապիկյանը: Արայիկ Պապիկյանը հայտնեց, որ հիմա բողոք են ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ պարզելու, թե ինչո՞ւ են րոպեների ընթացքում ճակատագրական որոշումներ կայացնում: Մամիկոն Բագրատունին էլ նշեց, որ իրեն բազմիցս են ասել, հասկանո՞ւմ է, թե ում հետ գործ ունի, մեկ է, Արամ Վարդանյանն ազատ է արձակվելու, հիմա ավելի ուժեղ մեջք ունի. «Իր ծանոթները ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի անուններն էին տալիս: Սկզբից ահաբեկում էին, հետո գումար առաջարկում, հիմա Վանեցյանի ու Ալեն Սիմոնյանի անուններն են տալիս: Բայց ես չեմ լռելու, բողոքել ենք, գնալու ենք մինչև Եվրադատարան: Արդեն 9-րդ ամիսն է լրանում, որ պետությունն իմ անվտանգությունն է ապահովում: Այսինքն, տեսել է խնդիր: Փաստեր, ձայնագրություններ կան, որ իմ ընտանիքին ահաբեկել է: Ինչի՞ց պետք է ենթադրեմ, որ Արամ Վարդանյանի կողմից իմ ընտանիքին վտանգ չի սպառնում: Թող ինչ-որ մեկը ասի՝ կանչել ենք, բացատրել ենք, հասկացել է»,- ասաց Մամիկոն Բագրատունին: Մանրամասներն տեսանյութում: