Մանկավարժ Նատաշա Պողոսյանի դիմանկարը
2019-03-04 13:18:00
Մանկավարժ Նատաշա Պողոսյանի դիմանկարը «Լուսարարը» ներկայացնում է նրա հետ հարցազրույցով, բայց ոչ թե նրա անմիջական մասնակցությամբ, այլ «Մանկավարժի օրագիր» գրքից նրա մտորումների միջոցով՝ նպատակ ունենալով այդ կերպ ընթերցողին ծանոթացնել նաև նրա ստեղծած մանրաքանդակներին:
-Ձեր ինքնակենսագրականը:
-Միջնակարգն ավարտելուց 20 տարի հետո միայն ինձ հաջողվեց մտնել դպրոց: Շատ դժվար էր այդ ճանապարհը, բացի դրանից այն դարձել էր կյանքի նպատակ: 1976-ի դպրոցի շրջանավարտիս բախտ չվիճակվեց այդ տարին ընդունվելու բուհ: Խորհրդային կարգերի քարացած կանոնների համաձայն` ընդունելության չորս քննություն բարեհաջող հանձնելուց հետո անգամ չընդունվեցի: Մեկ միավոր, որ չէր բավարարում…Այդ սառցե օրենքը շարունակվեց հաջորդ տարի…Մինչ այդ տարբեր աշխատանքներ տարա` ստաժ ձեռք բերելու համար, որ հնարավորություն ունենամ նորից փաստաթղթեր հանձնելու: Երկրորդ տարում հաջող քննություններ հանձնելուց հետո նորից դուրս մնացի ընդունելությունից: Այս անգամ իմ արցունքները պիտի միախառնվեին այն 0, 5 միավորին, որ չէր բավարարում…
Բարձրագույն ընդունվելն ինձ համար դարձավ գերնպատակ, որի համար նորից սկսվեց մի մեծ պայքար: Ամռանն արևահարվում էի, դրան հաջորդում էր իմ աշխատանքն անձրևի կաթկթոցի տակ, և ձմռան սառնամանիքին ցրտահարվածիս սպասում էր մի նոր տքնաջան աշխատանք այն խաղողի բաց դաշտում: Երրորդ տարին հաջող էր ինձ համար, երբ երջանկությամբ համակված` հասկացա, որ վերջապես Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի ուսանողուհի եմ դարձել: Ուսանողական տարիներին գերազանց սովորելը դարձել էր նոր նպատակ, և ես համառորեն ձգտում էի հասնել դրան:
1982-ին գերազանցությամբ ավարտեցի բուհը: Բայց այդտեղ դժվարությունների վերջը չեկավ: Միջնակարգի դռները փակ մնացին ինձ համար, և ես հայտնվեցի տարբեր աշխատատեղերում՝ մանկապարտեզի դաստիարակչուհի, շրջանային պիոներական տան մեթոդիստ, դաստիարակչուհի գիշերօթիկ միջնակարգ դպրոցում, ապա` շրջանային լուսաշխատողների տան տնօրեն և, վերջապես, համատեղության կարգով` ուսուցչուհի գիշերային հեռակա դպրոցում:
Որքա~ն դյուրին է թվարկելը, իսկ այդտեղ արցունքախառն վախվորած ճանապարհ կար երեկոյան ժամերին` գիշերային խավարի մեջ, որ ինձ այդ յուրատեսակ դպրոցն էր տանում, բայց նաև մասնագիտության հանդեպ սեր ունեի, որ սպառվում էր ինձանից մեծահասակ այդ «աշակերտների» սառած հայացքներին նայելիս:
1992-ի Արցախյան պատերազմի տարիների բռնագաղթից հետո ապրեցի ՌԴ-ում, իսկ 1995-ին հայրենի հողի կանչով վերադարձա Արցախ և, վերջապես, աշխատանքի ընդունվեցի Մարտակերտի Վլ. Բալայանի անվան միջնակարգ դպրոցում: Բայց այստեղ էլ դյուրին չէր իմ անցնելիք ճանապարհը, չնայած ձեռքբերումներիս հանդեպ ոմանք աչք էին փակում, բայց ամեն տարի պարգևատրվում էի տարբեր պատվոգրերով իմ աշակերտների հաջողությունների համար: Եվ ահա ուսուցչուհու բազմաբեղուն և տքնաջան աշխատանքս գնահատանքի արժանացավ 15 տարի հետո, երբ 2011թ. պարգևատրվեցի ԼՂՀ վարչապետի հուշամեդալով` մատուցած ծառայությունների և մանկավարժության մեջ ներդրած ավանդի համար:
2013 թ. մասնակցեցի «Տարվա լավագույն ուսուցիչ» հանրապետական մրցույթին ու պարգևատրվեցի ԼՂՀ կրթության և գիտության նախարարության կողմից՝ «Լավագույն ավանդույթների պահպանումը և նորարարությունը մանկավարժության մեջ» անվանակարգում հաղթելու համար: 2013 թ. ԿԳ նախարարության երաշխավորությամբ և ֆինանսական օժանդակությամբ հրատարակվեց իմ առաջին գիրքը՝ «Ուսուցչի իմ թղթապանակը» մեթոդական ձեռնարկը, որը բաժանվեց Արցախի բոլոր դպրոցներին: 2014 թ. ստացա հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման առաջին աստիճանի տարակարգ: 2014 թ. ինձ շնորհվեց Արցախի վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում: Այս օրերին էլ, որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, նաև որպես այդ մեթոդմիավորման նախագահ` սիրով շարունակում եմ իմ գործունեությունը նույն դպրոցում: Հուսամ` կկարողանամ նոր հաջողություններ արձանագրել իմ մանկավարժական աշխատանքում` չմոռանալով սիրո և արցունքի այն հետքերը, որ մնացին իմ անցած ճանապարհին:
Ինքնակենսագրական այս համառոտագրությունն իրականում պայքար էր, որի բովում թրծվեց իմ միտքն ու հոգին: Իրականում հեշտությամբ տրվող և ոչ մի բան չի կարող ախորժալի ու հյութեղ լինել, և քանիցս համոզվել եմ, որ նեղ ու անձուկ ճանապարհներն են հոգիդ դարձնում ընդարձակ, միտքդ՝ ճկուն, կամքդ՝ անկոտրում... Աշակերտներիս պատեհ ու անառիթ, ուղղակի և անուղղակի պատմում եմ կյանքի «ասֆալտապատ» և «քարքարոտ» ճանապարհների մասին, բայց իմ ու նրանց բանավեճի վերջին հանգրվանը դառնում է ճշմարտության ճանապարհը:
-Ուրեմն, ուսուցիչ դառնալը Ձեր նպատակն է եղել: Ձեր մանկավարժական տվայտանքները, հույզերն ու ապրումները, աշակերտների ու գործընկերների հետ Ձեր հարաբերությունները, հայրենիքի հետ կապը և, ընդհանրապես, Ձեր ձգտումները նախընտրել եք ամփոփել գրքերում: Ստեղծագործելը պարտադի՞ր է ուսուցչի համար:
-Ես հպարտություն եմ զգում այս մի հատիկ բառից, որ կոչվում է «ուսուցիչ», և մեկ այլ հպարտության զգացում գերիշխող է դառնում «Արցախի ուսուցչուհի» անվան կողքին, երբ այսքան մոտիկ ենք ապրում սահմանից: Վերջին տարիներս ուսուցչուհուս համար բացվեց նաև մանկավարժական արարումների մի նոր ոլորտ՝ իմ մասնագիտությանը զուգահեռված գեղարվեստական ու գրականագիտական վերլուծություններով, գնահատանքի խոսքերով… Այն հնարավորություն տվեց նաև ի մի բերել բոլոր նյութերը գրքերի տեսքով՝ իմ աշակերտների մտքերի, արտահայտած կարծիքների ամփոփմամբ, որտեղ երևում է նաև մանկավարժը տարբեր ստեղծագործությունների` պատկերավորման արվեստի վերլուծություններով, գրողի մասին իր խոսքով, գեղարվեստական մտքի խորությամբ, սահմանամերձ դպրոցիս ուսուցիչների, ինձ հետ աշխատող անհատականությունների մտքերով, աշխարհայացքով ու կենսադիրքով:
Մանկավարժիս աշխարհը լրացնում են ոչ միայն աշակերտները, այլ նաև՝ իմ գործընկերները: Իմ աշխատանքային օրը նաև նրանց հետ է, երբեմն` հասկացված, երբեմն` գուցե չհասկացված, երբեմն` սրտաբուխ խոսքերով, ժպիտներով առատ, երբեմն` մտքերի մեջ, հուզական խռովքով…Սա մի ուրիշ աշխարհ է, որտեղ գրեթե բոլորս Արցախյան պատերազմ ենք տեսել, բռնագաղթի ճանապարհ անցել, վերադարձել ենք հայրենիք, նոր աշխատանքի կցվել, սերունդներ դաստիարակել, նորից ապրիլյան ահուսարսափ ապրել, մի նոր տարհանում տեսել, բայց նորից մնացել այս հողին կառչած: Հողն այս մոգական ուժ ունի: Այն այլևս սրբացված է ընկածների թանկ արյան շաղախով և դարձել է ողջերի արժանապատվությունը: Եվ հենց այս հողի նկատմամբ ունեցած սիրուց էլ ծնվել են խոսքերս յուրաքանչյուրի մասին, ովքեր նաև կորուստներ ունեն իրենց հոգում, հարազատների անմահ հիշատակ:
«Մանկավարժի օրագիրն» ունի ընթացք ու շարունակություն, և դեռ անհայտ է այդ շարունակականության ավարտը, քանի դեռ մանկավարժիս համար տեսանելի են իմ դպրոցն ու այնտեղ դասավանդվող աշակերտները, ուսուցիչներն ու նրանց վարած դասերը, հայրենի սահմանակից բնակավայրիս ապրումներն ու մանկավարժիս անհանգիստ տվայտանքները... Սա գիրք է, որ դեռ պիտի գրվի, քանի դեռ հնարավորություն ունեմ իմ գրիչը ծառայեցնելու հանրությանը, ովքեր էլ նրանք լինեն, դա լինի իմ շրջապատում, իմ դպրոցում, իմ հայրենիքում, թե հայրենիքից դուրս՝ Սփյուռքում: «Մանկավարժի օրագիրը» դարձավ ինձ հարազատ ու շատ մտերիմ: Այն ինձ հարազատ դարձած դպրոցի նորօրյա կյանքն է, դասարանից դասարան մտնող ուսուցչի աշխատանքային գործունեությունը, ով մտահոգ է սերնդի վաղվա օրով, ընդհանրապես՝ նրա ճակատագրով: Լավատեսությունը փայլում է այս օրագրում, որ միտված է նոր սերնդին տանելու դեպի լուսավոր ապագա:
Սա գիրք է, որ հպարտության և ուրախության նրբերանգներով տեսանելի է դարձնում մեր դպրոցականների և ուսուցչուհուս մանկավարժական կյանքը, որ ինչքան ուսանելի, նույնքան դաստիարակչական է: Այս օրագիրը բացահայտում է աշակերտի և ուսուցչի մի նոր հարաբերություն, որ շատ մտերմական է, փոխադարձ հասկացվածության բարձր մակարդակով, դեռահասների անձնական հույզերի անհանգիստ վայրիվերումներով, մանկավարժի ուղղորդող խորհուրդներով: Այստեղ գործող անձերը դպրոցականներն են, ովքեր տեսանելի են իրենց շարադրություններով, մտքերով, կարծիքներով, ապրած անհանգստությամբ, միմյանց հանդեպ ունեցած վերաբերմունքով:
Սա գիրք է, որ բացում է ընթերցողի համար ուսուցչի գործունեության լայն տարածքներ: Այս գիրքը ազդարարում է ուսուցչի բարդ ու դժվարին աշխատանքը, որ բազում նրբություններ ունի՝ կախված աշակերտի ու ծնողի հետ ունեցած հարաբերություններից, որոնցից էլ ծնվում են ուսուցչի հանդեպ ակնածանքն ու այն դրական բոլոր որակները, որի պատասխանատուն հենց ինքն ուսուցիչն է՝ իր մանկավարժական ու հոգեբանական ճշմարիտ ուղղվածությամբ: Այս գիրքը գալիս է նաև բարձրաձայնելու կրթության ոլորտում եղած թերությունների մասին: Սա գիրք է, որտեղ արժևորվում է աշակերտի անհատականությունը՝ անկախ նրանից, թե նա ինչ կարողությունների և ընդունակությունների տեր է: Այստեղ չեն տարբերակվում աշակերտներն իրենց սովորելու շնորհով, նրանք հավասարապես ուշադրության կենտրոնում են, ուսուցչի կողմից սիրված: Ազատ են նրանք ուսուցչի հետ ունեցած հարաբերություններում, նաև՝ հարգալից ու համակրանքով լեցուն:
Այստեղ ի ցույց են դրվում դեռահասների տարբեր հուզական վիճակներ, որոնց զուգահեռվում է մանկավարժի կողմից հնարավոր մոտեցման ու հարթեցման ճանապարհը: Այստեղ ուսուցիչը երևում է նաև դասերից դուրս իր անձնական և անանձնական ապրումներով, նա հասարակության անդամ է, իր երկրի քաղաքացին, նաև՝ մտահոգ այդ երկրի ապագայով: Այս գիրքը գալիս է «ո՛չ» ասելու մանկավարժական հին քարացած ձևերին, սա գիրք է, որտեղ ուսուցիչն ինքն է իր համար ստեղծում դյուրընկալ պայմաններ ու այդ իսկ սիրով այն փոխանցում իր առջև նստած դեռահասներին:
Այս գիրքը մանկավարժիս անցած մեկ տարվա աշխատանքային կենսագրությունն է, որ ծնվեց ու դարձավ ուսուցչի ու աշակերտի համատեղ գործունեության դպրոցական տարեգրություն: /Շարունակելի/
Սվետլանա Խաչատրյան Արցախի կրթության, գիտության և սպորտի նախարարության պաշտոնաթերթ «Լուսարարի» խմբագիր
Այս նյութը դիտել են - 140525 անգամ