Շարունակվում է «Լուսարարի» հարցազրույցը՝ «Մանկավարժի օրագրի» մտորումներով2019-03-11 11:02:00
Շարունակվում է «Լուսարարի» հարցազրույցը՝ «Մանկավարժի օրագրի» մտորումներով
- Դուք նաև ակտիվ եք սոցցանցում, ի՞նչ է այն տալիս Ձեզ:
- Հոգուս խորքում մեծ ձգտում ունեի՝ գտնել մի ասպարեզ, որտեղ ասելիք ունենամ, նաև՝ լսարան: Ու գտա այն, գտա այս ընկերական տարածքը, որ իմ ներքին հոգու խմորումները տեսանելի դարձնեմ նրանց, լսեմ կարծիքներ, մտքեր փոխանակեմ... Տարիների իմ մանկավարժական գործունեությունը դարձավ տեսանելի իմ շրջապատում, կամաց-կամաց այդ տեսանելիության տարածքներն ընդարձակվեցին, որտեղ դպրոցականներ են կողքիս, ինձ հասկացող դեռահասներ, ու սեր կա մեր միջև, գեղեցիկ հարաբերություններ: Լայնացավ այդ տարածքը, ու աշխարհից հեռու ծվարած Մարտակերտը տեսանելի դարձավ իր դպրոցով, իր աշակերտներով, այնտեղ դասավանդող ուսուցիչներով, իր անհանգիստ ապրումներով, ապրիլյան պատերազմական օրերով...
Ես ո՞վ էի, որ ձգտում էի գրել, ու իմ գրիչն իր արժանվույն տեղն ուներ այն հեռավոր ամերիկյան կայքի «Մանկավարժի անկյուն» գողտրիկ տարածքում, որտեղ բարեհամբույր մարդկանցով շրջապատված՝ շուտով ես ի տես դարձա շատերին: Ես ո՞վ էի, դասարանից դասարան մտնող ուսուցչուհիս, ով 92-ի փախստականի պիտակ ուներ իր հետ, օտար ափերի սառնություն, հայրենադարձի դժվարին կացություն, ով դպրոց էր մտել ու ցանկանում էր իր նորարարությամբ մի նոր ազատություն տալ դեռահասներին:
Իմ էությամբ ես ազատ եմ, ու իմ ազատությունը տարածեցի ամենուր, որ իմ առջև նստած աշակերտն իր խոսքը հնչեցնի համարձակ: Ուսուցչի ու աշակերտի միջև փոխադարձ սիրո ու հարգանքի վրա ստեղծված այս հրաշալի հարաբերությունը տեսանելի դարձրի, որը կդառնար մանկավարժի փորձ, ուսումնական գործընթացի գեղեցիկ նվիրում, գուցե նաև ուրիշների սեփականությունը՝ որպես ուղեցույց դրանով առաջնորդվելու դեպքում: Ես ուսուցիչ էի, ով սիրում էր իր մասնագիտությունը և այդ սիրով տեսանելի դարձնում իր աշակերտների հոգում կատարվող տեղաշարժերը, որ կապված էին հիմնականում սահմանամերձ բնակավայրիս անհանգիստ ապրումներով:
Ամեն օր սոցցանց եմ մտնում, առաջին հերթին բացում եմ իմ էջը` այս յուրահատուկ լույսի աղբյուրի: Այն լրատվության հիանալի միջոց է, տեղեկատվական դաշտ, միայն թե ճիշտ և նպատակային օգտագործվի: Գիտելիքների լավագույն շտեմարան է, հետազոտական որոնումների հուսալի աղբյուր` ինքնակրթության ճանապարհին: Նորօրյա նամակագրություն է տարածական հեռավորության վրա` ժամանակի մեջ տեղավորված, ինքնահաստատման, ինքնաճանաչողության զարգացման ուղի` կատարած հղումների, գնահատանքների, իրար հետ կիսվելու արդյունքում: Այն ասպարեզ է մրցույթների, բանավեճերի, նաև` մտածական ունակություններ դրսևորելու, ստեղծագործելու, հետաքրքրություններն ընդլայնելու համար:
Ցանկացած հարթության շրջանակներում և փոխադարձ հղումների արդյունքում յուրաքանչյուրս յուրովի շփվում ենք մարդկանց հետ, ընթերցում նրանց գրառումները, կարծիքներ հայտնում, մեկնաբանություններ կատարում` մասնագիտական կամ հասարակական կյանքին առնչվող հարցերի շուրջ: Այս յուրահատուկ ընկերությունը, որը նաև որոշ դեպքերում արտաքնապես անճանաչելիության քողով է ծածկված, մարդկային հիանալի հարաբերությունների հաստատման ասպարեզ է ինձ համար, առողջ միջավայր` անկախ սեռից և տարիքից:
Սոցցանցն էլ միջավայր է, պետք է մաքուր պահենք այդ միջավայրը, որտեղ կերպարներ են ստեղծվում, իրական մարդկային կերպարներ` ազնիվ մղումներով, հաստատուն քայլերով, բարի կամքի դրսևորումով, կերպարներ, ովքեր, տարածություն ու ժամանակ չճանաչելով, մոտենում են իրար, դառնում հարազատ: Այս միջավայրն էլ մաքրություն է ուզում մեզանից` մաքուր խոսք, մաքուր վերաբերմունք, մի քիչ` տնավարի, նաև` հյուընկալ, երբեմն` պաշտոնական կամ հարգալից` դրանով իսկ յուրովի մեր կերպարն ի ցույց դնելով ամենքին: Ասում են նաև, որ մարդու լեզուն և բնավորությունն իրար հետ անխզելիորեն կապված են: Այդ բնավորությունը նաև նկատելի է այս տարածական միջավայրում, որտեղ մեզ համար կերպարներ են ստեղծվում: Այստեղ մենք ազատ ենք մեր շրջապատը ձևավորելու հարցում, նույնպիսի ազատություն նկատելի է նաև մեր կարծիքներում, մեր մտածողական ուղղվածությամբ, որոնց ոչ ոք իրավունք չունի բռնանալ:
-Ի՞նչ է Ձեզ համար ծննդավայրը:
-Մարտակերտ...Այստեղ հավերժահույզ մեղեդիներ կան, լուսե երազներ: Այն մեր քաղաքն է, մեր հարազատ բնօրրանը` երկու պատերազմ տեսած մեր բնակավայրը: Ավելի քան մեկ տարի՝ 1992-93 թվականներին, եղել է թշնամու ձեռքին, բռնագաղթված ժողովուրդը` տեղահան եղած: Կամաց-կամաց նորից եկան, նորից տուն ու տեղ վերականգնեցին, ու նորից մի նոր ապրիլյան պատերազմ, իր հետ մի նոր տարհանում ու մի նոր սարսափ: Անսահման սեր կա և հույս, խռովք ու ընդվզումներ այստեղ ապրողների հոգում: Դա խաղաղության հաստատման և պատերազմի դեմ ուղղված բոլորիս ազատաբաղձ կոչն է, որ ամեն օր հնչում է այս հողին ամուր կառչած մեծերի ու փոքրերի շուրթերով:
Մենք` մարտակերտցիներս, ապրում եք այստեղ, որովհետև ոգի կա, հայի հավատ, սեր... Սեր կա հողի, օջախի, անգամ փոշու, իսկ ավերակների հանդեպ տածած մեր մեծ սիրո մեջ սարսուռ կա... Այստեղ ազնվացնող և ջերմացնող հոգիներ կան, շատերը` խառնվածքների բազմազանությամբ, մարդկային խորունկ և հմայիչ մտորումներով, որ լուսավոր ու պայծառ հայացքներով իրենց անցնելիք ճանապարհին կարողանում են կերտել փայլուն ու գեղեցիկ կերպարներ` համոզված, որ Տեր Աստվածը հենց դրա համար է մարդուն կյանք պարգևել:
Հպարտության զգացում ունեմ քաղաքիս ու այստեղ ապրողների նկատմամբ, առավել ևս, երբ գիտեմ, որ ուշադրության և հոգատարության կարիք ունենք մենք, որ համառ կամքով ընդունել ենք այստեղ ապրելու պատգամը:
Ասում են` լավատեսությունը մեծ մարդկանց շքեղությունն է, ահա այդպես էլ ապրում ենք մենք հոգու շքեղության մեջ, որտեղ հավերժահույզ մեղեդիներ կան, անմահների հիշատակ, որ կամաց-կամաց սուզվում են հույզերիդ աշխարհը, լուսավորում միտքդ և տանում քեզ դեպի երազների մի նոր աշխարհ: Սահմանին մոտ հողի` արկերից ճաքճքած հառաչանքներն են մեզ հասնում, և զգում ենք, որ այդ պահին մարդը հերոսանում է ոչ միայն պատերազմի առաջին գծում, այլ իր հարազատ հողի վրա, և մարդու մեջ խոսում է հողի ձայնը: Սահմանի մոտ այսպես գոյատևելու ապրելակերպը այդ մենք չենք ընտրել, այստեղ բոլորս էլ՝ մեծից փոքր, նվիրյալներ ենք: Եվ այսպես հողի ձայնը ամեն օր արցունքից ծնված մի փոքրիկ հեքիաթ է հյուսում, որ արձագանքում է հոգուս կանչերի լուսե-լուսավոր գալիք օրերին՝ մարդկանց, աշխարհին, բոլորին ուղղված: Ես հավատում եմ գալիք օրերին:
- Ապրելու Ձեր բանաձևը:
- Հոռետեսությունն ինձ համար չէ, միշտ էլ ունեցել եմ ներդաշնակ ու կատարյալ հասարակության մեջ ապրելու երազանք ու միշտ էլ հոգուս խորքում փայփայել եմ այն իդեալականը, որ այս փոքր բնակավայրում պետք է մեկս մյուսի նկատմամբ ունենանք: Միշտ էլ լուսավոր իդեալի երազանք եմ ունեցել` անտեսելով մեր շրջապատի արատները, միշտ էլ բռնկուն է եղել իմ անցած ճամփան, բայց հիմա կյանքի մեղմ ու հանդարտ ընթացքն եմ նախընտրում, նայում խոհերիս ընթացքին, ձգտում կրակոտ զգացումներս հակադրել մեղմորեն օրորվող մտորումներիս: Շրջապատում միայն գեղեցիկը տեսնելու և արարելու ցանկությունը երբեմն բախվում է իրականությանը, որտեղ սպասումը մարդկային ներդաշնակության հասնելու համար դառնում է անիրագործելի: Ես շարունակում եմ կապված մնալ իմ հարազատ երկրի, իմ շրջապատի, իմ ապրած ու ապրելիք տարիների հետ, իմ կյանքը շաղախված է մեծագույն սիրով ու հարգանքով: Հետևապես պետք է ապրենք միմիայն ճշտի սկզբունքով, բարին արարելու աստվածահաճո էությամբ:
-Հոգետանջ մի հարց՝ ուսուցիչն ու աշակերտը նու՞յն տարածքում չեն:
-Տարիներ շարունակ այն համոզմունքին եմ մնացել, որ Արցախի կրթության համակարգը համալրված է լավագույն ուսուցիչներով, ովքեր արժանապատվորեն են կատարում իրենց վերապահված առաքելությունը մատաղ սերնդի ուսուցման և դաստիարակության գործում` ի նպաստ մեր երկրի հզորացման ու բարգավաճման: Իսկ այսօրվա սերունդը լի է հետաքրքրություններով, սեփական կարծիքով, ազատամիտ գաղափարներով, նա վաղը այս երկրի արժանի տերն է դառնալու, նաև համոզված եմ, որ ազատություն սիրող այսօրվա սերունդն է կերտելու ազատ ու անկախ Արցախը:
Այսօր մեր առջև նստած են նաև բազմակողմանիորեն զարգացած, տեղեկատվական տեխնոլոգիաներին տիրապետող աշակերտներ: Այս առումով այսօրվա ուսուցիչը նույնիսկ, կարելի է ասել, մի քանի քայլ հետ է մնում աշակերտից: Չմոռանալով նաև ավանդական կրթության որոշ առավելություններ` հաստատակամորեն կարող եմ ասել, որ ժամանակները փոխվել են, մենք չենք կարող նախկին ստրկամիտ գաղափարներով դաստիարակել մեր աշակերտներին, որ հատուկ է եղել խորհրդային տարիների կրթությանը: Չեմ ուզում զերծ մնալ նաև այն բոլոր թերություններից, որ առկա են այսօրվա կրթության ոլորտում` կապված բուհական ընդունելության և այլ երևույթների հետ, բայց բարձրաձայն կարող եմ ասել, որ մենք ձևավորում ենք ապագա արհեստավորին, շինարարին, բժշկին, ուսուցչին, գիտնականին և շա~տ- շատերին` շարունակելով մեր նախորդների առաքելությունը:
Իսկապես, ստեղծվել է մի վիճակ, երբ ուսուցիչն ու աշակերտը երբեմն իրար չեն հասկանում: Այստեղ է, որ սրությամբ է դրվում մանկավարժի բարձր համոզմունքների ու կերպարային ազդեցության հարցը: Ես թերևս շարունակում եմ մնալ այն համոզմանը, որ ուսուցիչը պետք է հասնի այնպիսի հեղինակության, որի հետ նույնանալու խորը ցանկություն ունենա աշակերտը: Եվ համոզված եմ, որ մեր նկատմամբ հարգանքն ու պատիվը ձեռք ենք բերում մեր իսկ մանկավարժական ճիշտ գործունեությամբ, դժվարությունների հաղթահարման մեր ընտրած ճիշտ ճանապարհով, դեռահասների հետ ունեցած փոխադարձ հասկացվածությամբ, ծնողների հետ հարաբերությունների անհատական մոտեցմամբ: Արժանի լինենք մանկավարժի կոչմանը, այլապես կյանքի շատ ու շատ ոլորտներում կարող ենք պարտություն կրել:
Սվետլանա Խաչատրյան,
«Լուսարարի» խմբագիր
Այս նյութը դիտել են - 25513 անգամ