ՀՅԴ-ի հետ համաձայնություն կա, պաշտոնների հարցը որոշված է (VIDEO)
2016-02-10 20:30:00

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են  ներկուսակցական, ներքաղաքական և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նիստից հետո լրագրողների հետ զրույցում հաստատեց Հայ հեղափոխական դաշնակցության ու Հանրապետական կուսակցության ընդհանուր կոալիցիա կազմելու մասին շրջանառվող տեղեկությունները:

«ՀՀԿ-ն ՀՅԴ-ի հետ ունի նախնական համաձայնություն՝ ապագայում կառավարության կազմում աշխատելու ուղղությամբ։ Վերջնական համաձայնության մասին կտեղեկանաք մինչեւ շաբաթվա վերջ»,-ասել է Շարմազանովը։

Ըստ Շարմազանովի՝ եթե նախկինում հայտարարում էին, որ համաձայնություն հնարավոր է, առանց հստակեցնելու՝ կլինի համաձայնություն, թե՝ ոչ, ապա հիմա հաստատում են, որ եկել են ընդհանուր համաձայնության: Նա նաև չբացառեց, որ ՀՅԴ-ին և՛ նախարարական պորտֆելներ կտան, և՛ մարզպետների պաշտոններ։ 

«Մենք ունենք նախնական համաձայնություն, ինչը նշանակում է, որ այն ամբողջական չէ: Մեր համաձայնությունը ոչ թե զուտ պաշտոնների բաշխման հարց է, այլ լուրջ քաղաքական, գաղափարական հիմքերի վրա պետք է դրվի»,- նշեց նա:

«Երեք օր հետո կասեմ։ Մեր կուսակցական գործընկերները բոլորը կշարունակեն իրենց գործունեությունը, մեկը մի ոլորտում, մյուսը՝ կուսակցական ոլորտում: ՀՀԿ խոսնակը լրագրողներին հայտնեց նաև, որ կուսակցությունում դեռևս չի քննարկվել, թե ով կնշանակվի ԱԱԾ ղեկավարի պաշտոնում»,- հանդիպման ավարտին հավելեց Էդուարդ Շարմազանովը:

 

Այս նյութը դիտել են - 1449 անգամ