Իշխանության ներսում իրար են ուտում «Փաստ»
2019-04-04 01:19:00
«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ կառավարության աշխատակազմում աշխատանքից ազատվել են վարչապետի արարողակարգի պետ Ալեքսանդր Մխիթարյանը, կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ Մարգարիտա Ազարյանը (Արթուր Վանեցյանի մայրը) և աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արթուր Սարգսյանը: Եթե սրան գումարենք նաև Հայկ Այվազյանի ազատումը, ստացվում է, որ եթե սկզբնական շրջանում ՀՀԿ-ականներին և, այսպես կոչված, «այլախոհներին» էին աշխատանքից ազատում և մաքրում իրենց շրջապատը, ապա հիմա «հեղափոխությունը խժռում է սեփական զավակներին»: 
Դա պայմանավորված է նրանով, որ իշխանության ներսում ակնհայտ թիմային բաժանումներ են տեղի ունենում, և յուրաքանչյուր բլոկը փորձում է ճիշտ դիրքավորվել իշխանական տիրույթում, իսկ ձևավորված թիմերը միմյանց ոչնչացման գործընթաց են սկսել: Այստեղ միակ բացառությունը երևի թե Մարգարիտա Ազարյանն է, ով, ըստ մեր տեղեկությունների, ազատվել է իր դիմումի համաձայն՝ թոշակի անցնելու կապակցությամբ»:

Այս նյութը դիտել են - 3252 անգամ