Մի տեսակ արհեստական իրարանցում է ստեղծվել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի նշանակման հարցի շուրջ: Կարծում եմ՝ ժողովրդին բացարձակապես չի հետաքրքրում այդ հարցը:
Թե ով կլինի նոր օմբուդսմենը, հանրության մեծ մասին իսկապես քիչ է հետաքրքրում: Իսկ այս թեմայով կեղծ իրարարանցման հեղինակը պարզ է թե ով է:
Գործող իշխանությունը, որն այս կերպ փորձում է չգիտես՝ ում ցույց տալ, որ մեզանում ինչ-որ պաշտոնի հավակնորդ թեկնածուների միջեւ մրցակցություն կա: Սուտ է:
Իշխանությունը բոլոր պաշտոններում միշտ էլ իր ուզած թեկնածուին է նշանակել ու «կնիքել»՝ առանց հաշվի առնելու հանրության կարծիքը: Ու ցավալին այն է, որ էս տեսակ մոտեցումներին ու որոշումներին հանրությունը վարժվել-համակերպվել է: Ինչպես, օրինակ, Լիսկայի վերանշանակման դեպքում (մի քիչ աղմկեցինք ու վերջ), կամ Տիգրան Սարգսյանի թեկնածության առաջադրումը ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Օրինակները շատ են:
Նույն Գալուստ Սահակյանի սպիկերությունը նոնսենս է: Բազմաթիվ են այն բարձրաստիճանավորները, որոնք, մեղմ ասած, իրենց տեղում չեն: Բայց դե, նշանակողը նշանակում է՝ հաշվի չառնելով հանրային կարծիքը:
Հիմա էլ էս օմբուդսմենի պաշտոնակռիվն է, որ ձեւականորեն հրահրվել է իշխանության կողմից:
Անկեղծ ասած, այդ գրասենյակը երբեք ինձ չի հետաքրքրել: Այդ օֆիսից ես իմ՝ որպես ՀՀ քաղաքացու իրավունքների պաշտպանություն երբեք չեմ ակնկալել: Բայց ինձ հիմա առավելապես հետաքրքրում են Զարուհի Փոստանջյանի մղումն ու ցանկությունը՝ անպայման նստել օմբուդսմենի աթոռին:
Հետաքրքիր է՝ ինչու է այդչափ ջանում տիկինը՝ տիրելու համար մի պաշտոնի, որի «կուրատորը» ինչպես եղել, այնպես էլ մնալու է գործող իշխանությունը, և բացի այդ՝ միայն ՀՀԿ–ի ձայներով ինքը կարող է օմբուդսմեն դառնալ:
Գուցե Փոստանջյանը վերջնականապես հույսը կտրե՞լ է խորհրդարանից, այսինքն՝ սին հույսեր չի փայփայում, թե 2017-ի խորհրդարանում կլինի (մանավանդ, երբ «Ժառանգություն» կուսակցությունից կամ խմբակցությունից միայն անունն է մնացել): Եվ փորձում է գոնե օմբուդսմենի կարգավիճակով մնալ «քաղաքական արենայում»: Անկախ հանգամանքից, որ այդ «արենայում» «վարժեցնողը» գոնե այս պահին նույն՝ գործող իշխանությունն է:
Կիմա Եղիազարյան
Հ.Գ.։ Հայաստանում անիմաստ է կադրային հարց քննարկելը, այս կամ այն մարդուն այս կամ այն պաշտոնին արժանի կամ ոչ արժանի համարելը։ Ամեն ինչ արժեզրկվել է։
Ի վերջո, Ս. Սարգսյանի նախագահության դեպքում բոլորը կարող են բոլոր պաշտոնների հավակնորդ դառնալ։ Ումի՞ց են պակաս։
Այս նյութը դիտել են - 1401 անգամ