ՀՀ կառավարության նիստի օրակարգում է «Յուքոմ» ընկերությանը հարկային արտոնություններ տրամադրելու մասին հարցը: Ըստ այդմ, «Յուքոմը» ստանալու է ավելի քան 17 միլիարդ դրամի ապրանքների ներկրման համար հաշվարկված ավելացված արժեքի հարկը երեք տարի անց մուծելու հնարավորություն:
Պետք է մտածել, թե «Յուքոմը» ամենախեղճ ու անմխիթար վիճակում հայտնված ընկերություններից է, որին փրկելու և աջակցելու համար երկիրը պատրաստ է աննախադեպ զոհաբերումների, միայն թե վերջինիս փրկի սնանկացման ճիրաններից: Մինչդեռ պատկերը ճիշտ հակառակն է, և եթե հարկ լինի, գուցե թե նույն «Յուքոմն» ինչ-ինչ հարցերում օգնության ձեռք մեկնի կառավարությանը:
Բայց ինչպես որ ամեն ինչ իր բացատրությունն ունի, այս դեպքում էլ պատասխանը շատ պարզ է: Գաղտնիք չէ, որ ընկերությունը պաշտոնապես պատկանում է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի մերձավոր ազգականներին, ասել է, թե՝ հենց նախարարին: Իսկ վերջինս երբեք չի հրաժարվի հանուն իր անձնական բարեկեցության քամել երկրի վերջին կոպեկները:
Ի դեպ, Խաչատրյանն այդպես է վարվում թե մեծ, թե մանր հնարավորությունների դեպքում: Օրինակ, այն բանից հետո երբ նա «Յուքոմով» կլանեց «Օրանժ Արմենիա» ընկերությունը, նրա ղեկավարած նախարարությունը բջջային հեռախոսակապի ծառայությունների պայմանագիր է կնքում բացառապես «Օրանժ»-ի հետ: Մեկ տարվա համար նախարարությունը ծառայությունների համար վճարել է 15 միլիոն դրամ կամ ավելի քան 31 հազար ԱՄՆ դոլար: Այս գրպանից դուրս եկածը լցվում է մյուս գրպանը: Կարևորը, որ գրպանների տերն է նույնը և դրանց ծավալներն էլ հսկայական են:
Ինչեր ասես որ չի անում հայրենի կառավարությունը իր հարազատների համար: Ընդ որում, անում է այնպես, կարծես թե այս երկրի ժողովուդրն իր թշնամին է...
Այս նյութը դիտել են - 1592 անգամ