ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Գեորգիևսկ քաղաքում տեղացիները նախօրեին բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով օբյեկտիվ քննել ծագումով հայ Լուսինե Առուստամյանի դաժան սպանությունը:
Նախնական տվյալներով՝ բազմազավակ մորն անդամահատել է բիզնեսի նրա գործընկերուհին՝ ազգականուհու հետ, որը պոլիկինիկայում բաժնի վարիչ է աշխատում: Լուսինեի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու դրդապատճառը եղել է պարտքը չվերադարձնելու ցանկությունը:
Բողոքի ակցիան անցկացվել է քաղաքի Մշակույթի պալատի մոտ: «Ավելի քան 100 քաղաքացի է հավաքվել՝ իրավապահներից պահանջելով օրենքի ողջ խստությամբ պատժել բազմազավակ մոր՝ Լուսինեի հրեշավոր սպանությունը»,- Interfax-ը մեջբերել է ակցիայի կազմակերպիչներից մեկի խոսքերը:
Գեորգիևսկի քաղաքային ադմինիստրացիայում ընդգծել են, որ միտինգը եղել է արտոնված: «Ներկայացվել էր 500 մարդու մասնակցության հայտ, փաստացի հավաքվել էր գրեթե կեսը: Ադմինիստրացիայից միտինգին ներկա է եղել անվտանգության ծառայության պետը, պետի տեղակալը, իրավապահ մարմինների աշխատակիցներ»,- հայտնել են քաղաքապետարանից:
Լուսինե Առուստամյանը, որի երրորդ երեխան ընդամենը 3 տարեկան է, անհետացել էր Ամանորից առաջ: Հունվարի 11-ին ջրասուզակները կնոջ անդամահատված մարմինը հայտնաբերել էին Պոդկումոկ գետում:
Քննիչների վարկածով՝ երիտասարդ մոր հրեշավոր սպանությունը կազմակերպել է առևտրի ոլորտից նրա գործընկերուհին: Աիդա անունով չարագործը պարզապես չի ցանկացել կնոջը վերադարձնել 600 հազար ռուբլի պարտքը:
Ավելին, աղմկահարույց քրեական գործով երկրորդ ֆիգուրանտը կասկածյալ բիզնես լեդիի ազգականն է՝ Անժելա անունով: Ներկայում նա գործի շրջանակում հանդես է գալիս որպես վկա, քանի որ կատարվածի ողջ մեղավորությունն իր վրա է վերցրել Աիդան: Վերջինս պնդում է, որ միայնակ է սպանել ու անդամահատել Լուսինեին:
Գեորգիևսկի բնակիչները, սակայն, վստահ են, որ Մնացականյան Անժելան նույնպես առնչություն ունի սպանությանը:
«Նրա մասնակցությունը հանցագործությանն ակնհայտ է, իսկ նա շարունակում է հանգիստ աշխատել»,- ասում են քաղաքի բնակիչները: Նրանք օգնության նպատակով դիմել են նաև «Թող խոսեն» թոք-շոուի հաղորդավար Անդրեյ Մալախովին, հայտնում է Блокнот Ставрополь լրատվական գործակալությունը:
Նշվում է, որ դեպքի վայրում շարունակում են աշխատել կրիմինալիստներն ու քննիչները: Հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով («Սպանություն»):
Կասկածյալ Աիդա Մնացականյանը կալանավորված է:
Այս նյութը դիտել են - 2051 անգամ