Ինչպես հայտնի է, Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում փետրվարի 9-ի գիշերը գրեթե հարյուր «անօրինական» կառույց են քանդել: Նշենք, որ այդ օբյեկտներում զբաղված էին նաեւ ԱՊՀ երկրներից աշխատանքային ներգաղթյալներ: Իմիջիայլոց, դատելով օբյեկտներից մեկի անունից («Անուշ» առեւտրի կենտրոն), այնտեղ նաեւ մեր հայրենակիցներն էին աշխատում:
Որոշ մեկնաբաններ դրանում տեսել են երկրից աշխատանքային ներգաղթյալների արտաքսման սկիզբը: Այդպես է, թե այդպես չէ, կերեւա մոտ ապագայում: Մի բան է պարզ. աշխատանքային ներգաղթյալների վիճակը Ռուսաստանում բարդացել է: Իհարկե, բոլորն են վատ ապրում, ոչ միայն ներգաղթյալները: Իրական աշխատավարձն անկում է ապրում, մի շարք արդյունաբերական ձեռնարկություններում անձնակազմի զանգվածային կրճատումներ են սկսվել, շատ օտարերկրյա ֆիրմաներ հեռացել են (կամ էլ մտադիր են հեռանալ) երկրից, եւ այլն, եւ այլն:
Իմիջիայլոց, Ռուսաստանում գործազուրկների քանակն անցյալ տարի պաշտոնական տվյալներով 7,4 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա մակարդակը: Ընդ որում, ռուսաստանցի շատ փորձագետների կարծիքով, ընթացիկ տարում այդ ոլորտում դրական տեղաշարժեր չեն սպասվում:
Ներգաղթյալների վիճակն ավելի է վատացնում ռուբլու փլուզումը, որն իրեն զգացնել է տալիս, երբ ռուբլին վերածում են դոլարի կամ ԱՊՀ երկրների ազգային արժույթների: Հետո էլ, Ռուսաստանում ձգձգվող տնտեսական ճգնաժամը հանգեցրել է «օտարների» հանդեպ քաղաքականության խստացման: Օրինակ, կրճատվել են օտարերկրացիների թույլատրելի մասնաբաժինները տնտեսության տարբեր ոլորտներում աշխատակազմի թվաքանակում:
Մեր քաղաքացիները, որոնց թիվը Ռուսաստանում գրեթե 0,5 մլն մարդ է, առավելապես զբաղված են շինարարության եւ առեւտրի մեջ: Մինչդեռ անցյալ տարի շինարարության մեջ աշխատանքների ընդհանուր ծավալը, ըստ գնահատականի, կրճատվել է 15–20 տոկոսով, իսկ մանրածախ ապրանքաշրջանառության ֆիզիկական ծավալում անկումը հասել է 10 տոկոսի:
Ռուսաստանում մեր աշխատանքային ներգաղթյալները կկարողանա՞ն դիմանալ այդ գրոհներին, թե՞ ստիպված կլինեն հայրենիք վերադառնալ: Պարզ է, որ մարդկանց տուն վերադարձը, բոլոր դրական հետեւանքներով հանդերձ, տնտեսության համար բավականին ծանր հետեւանքներ կունենա: Արդեն անցյալ տարի Ռուսաստանից տրանսֆերտների կրճատումը բացասաբար էր անդրադարձել բնակչության ֆինանսական եկամտի վրա, իսկ այդտեղից էլ` առեւտրի եւ մի շարք ծառայությունների վիճակի:
-
Այս նյութը դիտել են - 1429 անգամ