Տեր-Պետրոսյանն ու «Արմենիա»-ն ընդդեմ Արծվաշենի
2016-02-11 11:32:00

http://usarmenianews.com/files/4354556d/1214/d893a6a5f4ca.jpgԱշխարհի գրեթե բոլոր երկրներում, անգամ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի սիրած Մադագասկարում և ՀՀ նախկին վարչապետ, երջանկահիշատակ Տիգրան Սարգսյանի բնօրրան ԵՏՄ-ում, Արծվաշենի նկատմամբ (ի տարբերություն Ղարաբաղի) վերաբերմունքը միանշանակ է՝ այն Հայաստանի Հանրապետության անբաժանելի մասն է, և վե՛րջ: Ավելի ստույգ` սա Հայաստանն է, և վե՛րջ, ինչպես կասեր նախագահ Սարգսյանը: Հետևաբար, աշխարհում տպագրվող քարտեզներում ևս Արծվաշենը պատկերված է Հայաստանի կազմում: Արծվաշենը Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանի գյուղերից է, գտնվում է Ճամբարակից 25 կմ հյուսիս-արևելք, զբաղեցնում է 40 քառ. կմ տարածք, 90 անգամ մեծ է Վատիկանի, մոտ 20 անգամ՝ Մոնակոյի զբաղեցրած տարածքից և համարյա հավասար է Սան Մարինոյին: 1992թ. օգոստոսի 8-ին Արծվաշենն օկուպացվեց Ադրբեջանի զինված ուժերի կողմից: Այդ օկուպացիան այնքան էլ պատերազմական գործողությունների արդյունք չէր: Մասնավորապես, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պնդում է, որ 1992թ. Հայաստանը ոչ թե կորցրել է Արծվաշենը, այլ փոխանակել է այնուրիշ տարածքների հետ, իսկ փոխանակումը հանձնարարված էր ազգի հերոս և օրենսդիր Սեյրան Սարոյանին։ Փաստորեն, նա այդ հայտարարությամբ մատնանշում է, որ նաև իր մասնակցությամբ կամ գիտությամբ կատարվել է հանցագործություն՝ ՀՀ Քր. օր. 300.2 հոդվածի հատկանիշներով (տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողություններ): Բայց թող Լևոն Տեր-Պետրոսյանի արարքով զբաղվեն իրավապահ մարմինները, քանզի այն խնդիրը, որը ցանկանում ենք բարձրացնել այս հոդվածով, այլ է:

Ինչպես նշեցինք, աշխարհը ճանաչում է Արծվաշենը որպես Հայաստանի անբաժանելի մաս, քանի որ մեր երկիրն անկախացել է Արծվաշենով հանդերձ, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի տարածքային արկածախնդրությունն անընդունելի է աշխարհում: Սակայն աշխարհն՝ աշխարհով, իսկ Հայաստանում այդքան էլ միանշանակ չի ընկալվում տարածքային ամբողջականության գաղափարը: ՀՀ ոստիկանությունը, տրանսպորտի և կապի, առողջապահության, ֆինանսների, կրթության և գիտության նախարարությունները, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և բազմաթիվ այլ պետական կառույցներ Հայաստանի Հանրապետության քարտեզը հանրությանն են ներկայացնում առանց Արծվաշենի: Սա մեկ բան կարող է նշանակել՝ դրանք բոլորը համաձայն են առաջին նախագահի տարածքների փոխանակման քաղաքականությանը, ասել է թե՝ նրա հետ նույն գործով են: Բացի հիշատակված պետական մարմիններից, Տեր-Պետրոսյանի զիջողականությունը բազմաթիվ հետևորդներ է ձեռք բերել նաև այլ ոլորտներում՝ «Բիլայնը», «Վիվասելը», «Գազպրոմ-Արմենիան», «Երևանջուրը», ՀԷՑ-ը ևս Հայաստանի քարտեզներից վերացրել են Արծվաշենը: Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված գործողությանն ակտիվ մասնակցում են հեռուստաընկերությունները, որոնցից ամենաակտիվն է «Արմենիա»-ն։ Պարզվում է, որ այդ հեռուստաընկերությունում ՀՀ առաջին նախագահը՝ ի դեմս լրատվական ծրագրերի տնօրեն Արտակ Ալեքսանյանի, լուրջ գաղափարակիցներ ունի: Բանն այն է, որ «Արմենիա»-ի լրատվական ծրագրերում ներկայացված ՀՀ քարտեզն առանց Արծվաշենի է: Հեռուստաընկերությունում աշխատող մեր աղբյուրները պնդում են, որ ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված գործողությունն իրականացվում է հենց Արտակ Ալեքսանյանի ցուցումով: Իսկ թե ինչն է նման վերաբերմունքի հիմքը՝ կպարզենք առաջիկայում:

Այժմ միայն կարող ենք փաստել, որ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ տարածքների զիջման և փոխանակման քաղաքականությունը քաղցկեղի նման տարածվել է հայաստանցիների մեջ՝ ընդգրկելով գրեթե բոլոր ոլորտները: Սա նշանակում է, որ Հայաստանում շուտով կսկսեն քարտեզներ տպագրել, ասենք, առանց Վանաձորի կամ էլ Նուբարաշենի: Եվ այս պարագայում շատ դժվար է որոշել, թե ով է այս խայտառակության հեղինակը՝ Լևոն Տեր-Պետրոսյա՞նը, «Վիվասե՞լը», թե՞ Արտակ Ալեքսանյանը:

Օսկան Քոչարյան


Հետգրություն

Մի խոսքով՝ այսպես.
Пусть Жираф был неправ, -
Но виновен не Жираф,
А тот, кто крикнул из ветвей:
«Жираф большой - ему видней!».

 

Այս նյութը դիտել են - 1346 անգամ