Արվեստի բոլոր ճյուղերը խամրեցին՝ ասպարեզը թողնելով համբակներին...
2016-02-11 08:02:00

1967-ից հրատարակվող ,,Գարուն,, գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական ամսագրի յուրաքանչյուր խմբագրի մահից հետո ինձ միշտ թվացել է, որ մեռնում է հայ ժամանակակից գրականությունը:
Հենց 1967-ից մայրս բաժանորդագրվում էր ,,Գարուն,, եւ ես՝ 7 տարեկան երեխա չէի հասկանում, թե ինչու էր մայրս այդքան կլանված կարդում այդ ամսագիրը: Ինչպես այն թվերին էր ընդունված՝ լավ ամսագիրը նախ սկսում էին թերթել վերջին էջերից /նույնն էլ մայրս էր անում/:
Այսինքն՝ ակնածանքն այդ գրական ամսագրի հանդեպ ձեւավորվել է դեռ փոքրուց:
1990-ականների սկզբին ամսագրի հիմնադրին՝ Վարդգես Պետրոսյանին իր տան շեմին սպանեցին:
Մնացած խմբագիրներն իրենց մահով հեռացան էս անցավոր աշխարհից...
Հիմա էլ լսեցի, որ մահացել է ,,Գարունի,, վերջին խմբագիրը՝ Վարուժան Այվազյանը, որի հետ զրուցել եմ, երբ նոր էր նշանակվել ամսագրի խմբագիր /2002-ին/ եւ նա ինձ նվիրեց իր գրքերից մեկը՝ ,,,Համեմատական կենսագրություններ,,:
Ափսոս...Ջահել էր...Աստված հոգին լուսավորի...
Սովետի բիրտ գրաքննության պայմաններում ,,Գարունը,, գրական, հասարակական կյանքում իսկապես հեղափոխություն կատարեց եւ, պատահական չէ, որ 88-ի շարժման օրերին, որը Վարդգես Պետրոսյանը բնորոշել է ,,սրբազան թրթիռ,,՝ նույն գարունականներն էին հրապարակում եւ հարթակում...
Ինչ-խոսք, որքան էլ արհեստական շնչառություն տային՝ ,,Գարունը,, անկախությունից հետո կորցրեց իր դեմքը, այն ,,պայթուցիկ,, հրապարակումները, որ կային մինչ այդ՝ այլեւս անհետացան ամսագրի էջերից: Պարադոքս է, բայց այդպես է. գրաքննության բացակայությունից արվեստի բոլոր ճյուղերը խամրեցին՝ ասպարեզը թողնելով համբակներին...
Ինչեւէ....

Կիմա Եղիազարյան
Այս նյութը դիտել են - 1816 անգամ