Աշոտյանը կփսխի լափածը...
2016-02-11 09:54:00

Աշոտյանին նախարարական պորտֆելից զրկելու լուրը տարբեր կերպ է ընկալվել հանրության տարբեր շերտերում: Մի մասը խիստ ցավակցում է սույն նախկին երիտհանրապետականին և հոգոց հանելով ասում՝ խե՛ղճ Աշոտյան, սա էլ դարձավ դաշնակների լափակերության զոհը, մյուսներն ասում են, որ սրան դա էլ է քիչ, հերիք է լափեր, թող հիմա էլ այդ գործը հին ընկերները շարունակեն, նրանք արդեն տառապում են ցինգայից:

Աշոտյանը, իհարկե, զոհ է, բայց ոչ միայն Դաշնակցության ագահության և պաշտոնամոլության, այլ սեփական անկշտության: Իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրները պնդում են, որ Աշոտյանից ազատվելու որոշումը կայացված է եղել վաղուց, իսկ դաշնակներին կոալիցիա մտցնելն էլ եղել է այդ որոշումն իրականացնելու հնարավորություն:
Իշխանությունում գտնվողները գիտեն, որ յուրաքանչյուր պաշտոնյայի տրված է լափելու չափաքանակ, դրանից ավելին արգելվում է: Արգելվում է ոչ թե օրենքով, որովհետև օրենքով լափելն ընդհանրապես արգելվում է, այլ ներքին կանոնակարգերով: Յուրաքանչյուր իշխանավոր գիտի, որ այսքան ուտելու դեպքում կարող է մարսել կերածը, իսկ դրանից հետո կարող է ստամոքսի խանգարումներ ունենալ, զրկվել լափելու իրավունքից ընդհանրապես: Բայց հայկական ժողովրդական ասացվածքն ասում է, որ ախորժակն ուտելուց է բացվում, ինչը նշանակում է, որ չնայած սահմանված լափի քանակին՝ հայ պաշտոնյաները, հատկապես բարձրաստիճան, այնքան են տարվում լափելով, որ կորցնում են չափի զգացողությունը, և սկսում են ինքնամոռաց լափել՝ մտածելով. քանի հնարավոր է՝ պետք է շատ լափել, որովհետև հետո կարող է նման բարենպաստ հնարավորություն չառաջանալ:

Լափելը չի կարող աննկատ մնալ, քանի որ խոսքը ոչ թե տասնյակ կամ անգամ հարյուր հազարների, այլ միլիոնավոր դոլարների մասին է: Կան տեղեկություններ, որ կազմակերպվել են ինչ-որ կեղծ տենդերներ, կնքվել են պայմանագրեր, փոխանցվել են գումարներ, բայց իրական արդյունք այդ ամենից չկա (ինչ-որ գրքեր են տպվել Ջավախքի ու Սփյուռքի համար, ավելի ճիշտ՝ դրանց փողերն են դուրս գրվել, բայց գրքերը ոչ ոք չի տեսել): Նշանակում է, որ այդ գումարներն ինչ-որ տեղ անհետացել են, դրանք դարձել են ինչ-որ մարդկանց անձնական սեփականությունը:

Իշխանությունը չի ցանկանում հրապարակայնացնել այդ տվյալները, քանի որ դրանով ընկնում է բուն իշխանության վարկանիշը, ընկնում է իշխող Հանրապետական կուսակցության հեղինակությունը, քանի որ Աշոտյանն ինչ է-ինչ չէ, բայց կուսակցության փոխնախագահն է: Հասարակությունը կարող է լսել այդ բացահայտումները և ասել, որ եթե Աշոտյանն է յուրացրել պետական միջոցները, ապա դա կարող է անել յուրաքանչյուրը, բոլորն են իշխանության մեջ այդպիսին, ուղղակի մի մասի կերածը բացահայտվել է, մյուսներինը` ոչ: Դրա համար նրան վաստակած հանգստի կուղարկեն առանց աղմուկի: Բայց, հաստատ, նրանից հաշիվ կպահանջեն լափածի համար: Քանի որ, ինչպես նշեցինք վերևում, թույլատրելիից ավելի լափելը վտանգավոր է ստամոքսի և, ընդհանրապես, աղեստամոքսային տրակտի նորմալ գործունեության համար: Ուղղակի այդ բարդացումները սկսվում են իշխանությունը կորցնելուց հետո: Բժիշկ Աշոտյանը գիտե, որ կա հիվանդության գաղտնի և բացահայտ շրջան:

Սակայն բժիշկ Աշոտյանն ունի նաև այլ խնդիր` անձնական անվտանգության հարցը: Հայտնի է, որ Գագիկ Ծառուկյանը լուրջ մտադրություն ունի սրան մեջտեղից ճղելու, և անհամբեր սպասում է այդ օրվան: Իսկ այդ օրվան ընդհանրապես չի սպասում Աշոտյանը, ավելին, նա սարսափում է դրանից: Ի՞նչը կարող է փրկել Աշոտյանին ապագա ողբերգությունից: Միայն բարձր պաշտոնը: Հետևաբար, նա երազում է դրա մասին և իրեն տեսնում է Ազգային ժողովի նախագահի պաշտոնում: Իսկ իշխանությունն Աշոտյանին տեսնում է Ազգային անվտանգութան խորհրդի քարտուղարի պաշտոնում, որտեղ նա կպաշտպանի թե՛ ազգային, թե՛ իր անձնական անվտանգութունը: Ինչևէ, առաջիկայում կտեսնենք, թե ինչպիսին կլինի մեր օրերի խոշորագույն նժդեհականի ճակատագիրը:
Ծառուկ Սարգսյան
shame.am
Այս նյութը դիտել են - 7034 անգամ