Փակագծեր են բացվում. Միշիկի գրպանային շահերին զոհ է գնալու ամերիկյան հայալեզու մեդիադաշտը...2019-09-19 21:55:00
ԱՄՆ-ում գործող հայկական «ARTN» հեռուստաընկերության տնօրեն Ռոբերտ Օղլախչյանի սենսացիոն ասուլիսը տեղեկատվական ռումբի ազդեցություն է թողել:
Այն բացահայտումներն ու հայտարարությունները, որոնցով հանդես է եկել ԱՄՆ-ում հայալեզու մեդիադաշտի ամենավառ ներկայացուցիչներից մեկը, բացահայտում են անդրկուլիսյան այնպիսի ռեալներ ու բարքեր, որոնց շուրջ խորապես չխորհել, որոնք վելուծության չենթարկել հնարավոր չէ:
Բանից պարզվում է՝ այն կոռուպցիոն մեխանիզմներն ու հանցավոր մեթոդները, որոնք օգնել են նախորդ իշխանություններին պահելու ու ավելացնելու սեփական ազդեցությունն օվկիանոսից անդին գործունեություն ծավալող հայկական մեդիադաշտի վրա, ոչ միայն ցայսօր արմատախիլ չեն արվել, այլև շարունակում են կատարելագործվել:
Պարզվում է՝ «Պանարմենիան» մեդիա հոլդինգն, որն, ինչպես հատնի է, անմիջականորեն կապվում է Արթուր Ջանիբեկյանի և Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ, շարունակում է իր՝ դաշտում բացարձակ մոնոպոլիա հաստատելուն ուղղված քայլերը:
Մասնավորապես՝ ԱՄՆ-ում գործող «Պանարմենիան» ինքը պատրաստվում է սեփականել Հ1 հեռուստաընկերության վերահեռարձակման լիցենզիան ամսական ընդամենը 4000 դոլարով, և սա այն դեպքում, երբ նախորդ պայմանագիրը՝ 5 տարի ժամկետով, կնքված Ռուբեն Ջաղինյանի օրոք, սահմանում էր տարեկան 30000 դոլար գումար:
Այսինքն՝ փոխարենը պայմանագիրն արմատական վերանայման ենթարկելու, Հ1-ի ներկա ղեկավարությունը առաջիկայում պատրաստվում է վերակնքել պայմանագիրը՝ նույնքան մարազմատիկ պայմաններով:
Իրական շուկայական գները տասնյակ անգամներ բարձր են այն գներից, որոնք սահմանվել են ու սահմանվելու են պայմանագրով: Այսպիսով՝ ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը որոշում է կայացրել «Պանարմենիան»-ի հետ տխրահռչակ պայմանագիրը նոյեմբերից վերաթարմացնել ևս 5 տարի ժամկետով՝ առանց որևիցե մրցույթ հայտարարելու, առանց մյուս խաղացողներին որևիցե շանս թողնելու:
Նկատենք նաև, որ ամսական ընդամենը 4000 դոլարը, որն, ըստ էության, շուկայական գներից գրեթե հարյուր անգամ պակաս է, ոչ միայն որևիցե խնդիր Հ1-ի համար պրակտիկորեն չի լուծելու, այլև որևիցե կերպ չի թեթևացնելու պետության ֆինասնական բեռը: Մինչդեռ, եթե նորմալ մրցույթ հայտարարվեր, ազատ մրցակցություն ապահովվեր, ապա դրանից կշահեին բոլորը և՛ Հ1-ի առաջ կբացվեին զարգացման նոր հորիզոններ, և՛ պետական բյուջեից հեռուստաընկերությանը հատկացվող միջոցները տասնյակ տոկոսներով կնվազեին՝ կոմպենսացվելով մասնավորի միջոցներով:
Դիցուք, նույն Օղլախչյանը հայտարարել է 5մլն դոլարի հասնող ներդրում ապահովելու պատրաստակամության մասին՝ շեշտելով, սակայն, որ նման առաջարկով հանդես գալու բուն նպատակը բոլորի համար հավասար պայմանների ստեղծումն է. ով ավելի շատ կառաջարկի, թո՛ղ վերահեռարձակման լիցենզիան՝ նրան էլ տրվի:
Ի՞նչ է ստացվում վերջնարդյունքում:
Ստացվում է այն, որ մի հոգու՝ հանրահռչակ ու նույնքան տխրահռչակ Միշիկի գրպանային շահերին զոհ է գնալու ամերիկյան հայալեզու մեդիադաշտը՝ պայմանավորված այն հակամրցակցային մթնոլորտով, որի պայմաններում անհնար է լինելու գոյատևել: Միքայել Մինասյանը, կանգ չառնելով ոչնչի առաջ, այսօր էլ շարունակում է աներ պապայի հիմնած ավանդույթների շարունակականության երաշխավորմամբ զբաղվել, կոռուպցիայի, քաղաքական կապերի ու փողի զոռով սեփականել մեդիադաշտի հետ կապված ամեն ինչ՝ վերահսկելու այն ինֆորմացիոն հոսքերը, որոնցից էլ շատ առումներով կախված է նաև այլ ոլորտներում ձեռք բերած ազդեցության ու գերիշխանության պահպանումը:
Նա, ով վերահսկում է ինֆորմացիան, վերահսկում է ամեն ինչ՝ սա հայտնի ճշմարտություն է:
Բայց ինֆորմացիոն դաշտն ամեն գնով տոտալ վերահսկման տակ պահելը գուցե այնքան էլ սոսկալի չլիներ, եթե դրան հասնելու համար գործի չդրվեին ամենադատապարտելի ու անմարդկային մեթոդները:
Ռոբերտ Օղլախչյանն, ում հետ Միքայել Մինասյանն խնդիրներ է ունեցել դեռ տարիներ առաջ՝ նրանից խլելով «Շանթ» հ/ը-ի հեռարձակման իրավունքն ԱՄՆ-ում՝ խախտելով գրված ու չգրված օրենքներն, իր ասուլիսում հանդես է եկել ցնցող հայտարարությամբ. ոմանք (դժվար չէ կռահել թե ովքեր), մեքսիկական բանդաների հետ գործարք են կնքել, մեծ գումարներ վճարել՝ Օղլախչյանին ու նրա որդուն վերացնելու համար: Աղմկոտ այս գործն այժմ գտնվում է Դաշնային Ծառայության Բյուրոյի և Ոստիկանության հսկողության տակ և խոստանում է շուտով սենսացիա դառնալ, երբ բացահայտվեն գործի բոլոր մանրամասներն ու փաստարկվեն:
Փաստորեն, հանրությունն ականատես է դառնում հիրավի խայտառակ իրավիճակի:
Միքայել Մինասյանը շարունակում է իր կործանարար գործունեությունն, ու մինչ Հայաստանում իշխանությունները խոսում են Մինասյանի կողմից սեփականած ստրատեգիական օբյեկտների մասին՝ միաժամանակ հայտարարելով այս խայտառակ վիճակին վերջ տալու վճռակամության մասին, ԱՄՆ-ում՝ նույն Միշիկը, շարունակում է կոռուպցիոն միջոցներով ու կասկածելի կապեր բանեցնելով՝ բարգավաճել, մեծացնել սեփական ազդեցությունն ու մնալ փաստացի իրավիճակի տերը:
Իսկ այս ամենի արդյունքում չգոյության վտանգի առաջ են կանգնելու այն բոլոր հեռուստաընկերություններն, որոնք երկար տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ կարողացել են իրենց կարևոր տեղն ունենալ ԱՄՆ-ի հայալեզու մեդիադաշտում, իրենց նպաստը բերել հատկապես հայապահպանության գործում, սերունդներ կրթել, Սփյուռքը շաղկապել հայրենիքին: Այս ամենն այսօր հայտնվել է լրջագույն սպառնալիքի տակ, ինչ է թե՝ բավարարվեն Միշիկի ամբիցիաներն, ինչ է թե՝ մի խումբ թալանչիներ շարունակեն բավարարել իրենց քմահաճույքները:
Ե՞րբ է այս ամենի վերջը գալու…
Այս նյութը դիտել են - 25191 անգամ