Որքա՞ն ժամանակ է պետք, որ դպրոցներն ունենան սանհանգույց 21-րդ դարն հորով-մորով արած Հայաստանում դեռ կան դպրոցներ, որտեղ երեխաները օգտվում են դրսի քարաշեն, հորատ զուգարաններից: Հանրապետության բոլոր մարզերում է առկա նման խնդիրը, թե գործող դպրոցներից որոնք ունեն սանհանգույց եւ հոսող ջուր, փորձեցինք պարզել հարցման միջոցով:
Արարատի մարզում մարզպետարանի ենթակայության տակ կա 107 դպրոց, որից 20-ը չունեն սանհանգույց, աշակերտները օգտվում են դրսի քարաշեն զուգարաններից. «Այս պահին ձեռքիս տակ չկան տվյալներ, թե քանի դպրոց ունի հոսող ջուր, զգալի մասում հոսող ջուր կա»,- ասաց Արարատի մարզպետարանի կրթության բաժնի պետ Ալբերտ Մկրտչյանը: Տավուշի մարզում կա 77 դպրոց, որից 28-ը չունեն սանհանգույց, իսկ ջուրն էլ դպրոցներում ժամով է լինում: «Գեղարքունիքի մարզում գործում է 118 դպրոց, որից մշտական ջուր ունեն 88-ը, սանհանգույց ունի 85 դպրոց, իսկ 33-ը չունեն սանհանգույց:
Սակայն վերջին տարիների բավականին աշխատանքներ կատարվել են այս ուղղությամբ», -մեզ հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետարանի կրթության մշակույթի և սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը: Արմավիրի մարզպետարանի ենթակայության տակ գտնվող 114 դպրոցներից 3 դպրոց չունի հոսող ջուր, 5 դպրոց չունի սանհանգույց: Նույն խնդիրը կա նաեւ Կոտայքի մարզի մի քանի համայնքերի դպրոցներում: Ջրաբերի միջնակարգ դպրոցում սովորում են 256 աշակերտ, ոչ սանհանգույց կա, ոչ սպորտդահլիճ:
Տարիներ շարունակ սանհանգույց չկար Արմավիրի մարզի Փշատավան գյուղի դպրոցում, այստեղ տղաներ ու աղջիկները մի քարե հորատ զուգարանից էին օգտվում: Դպրոցի տնօրեն Նեյլի Ղորղանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս տարի դպրոցում կառուցել են սանհանգույց եւ շուտով այն կգործի: Այսպես կարելի է հերթով թվել, սակայն կարեւորը այն է, թե երբ այս խնդրին լուծում կտրվի: Պատկերացնում եք՝ երեխաները ինչ վիճակում են հայտնվում հատկապես ձմռան ամիսներին, մոտ 100 մետր պետք է գնան, որ հասնեն պետքարանին: Իսկ այսպես կոչված դրսի «ուբոռնիների» սանիտարական վիճակի մասին խոսելն ավելորդ ենք համարում:
Նելլի Կարապետյան Նյութի աղբյուրը ` hraparak.am
Այս նյութը դիտել են - 1387 անգամ