Սինանյանը «պայթեցրեց» Փաշինյանի փուչիկը. «168 »
2019-10-11 19:05:00
Այն հանգամանքը, որ վերջին մեկուկես տարիների ընթացքում մենք ականատես ենք դառնում, թե ինչպես են ՀՀ գործող իշխանությունները, սեփական «խոստումների միֆերը» պայթեցնելով՝ շարժվում առաջ, փաստում է, որ Հայաստանում այսօր տիրում է մի վիճակ, ինչը, «քաղաքական վակխանալիայից» բացի, այլ կերպ կոչել չես կարող։ Ակնհայտորեն բախվում ենք այնպիսի երևույթների ու կոնկրետ գործընթացների, որոնք ուղղակի հակասում են Նիկոլ Փաշինյանի, հետո նաև՝ նրա թիմի, հայտարարած «հեղափոխական գաղափարների» ու «բում» էֆեկտ ապահովող զարգացումների հետ։ 
168.am-ին տված իր հարցազրույցում Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանն ասել է.
«Թավշյա հեղափոխության ընթացքում սփյուռքը ոգևորված էր այն հնարավորություններով, փոփոխություններով և տեսլականով, որ իր հետ բերելու էր հեղափոխությունը: Հիմա այդ փոփոխություններն ընթացքի մեջ են: Մեծ ներգաղթի համար նախևառաջ պետք է ստեղծվեն նախապայմաններ, իսկ դրա համար մենք շատ պետք է աշխատենք, շտկենք նաև նախորդ 30 տարիների աններելի սխալները»:
Խոսելով ՀՀ-ում Նիկոլ Փաշինյանի ներդրումային «բումի» մասին՝ Սինանյանն ասել է, ներդրումները սպասվող ծավալից ցածր են, որի պատճառը «այն կործանարար քաղաքականությունն է, որը տասնամյակներ շարունակ վարել է նախորդ ապաշնորհ վարչակարգը»։
Այս ֆոնին տեղին է հիշել Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունը, թե՝ «Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը բավարար հիմք է, որ դեպի ՀՀ ներդրումները հոսեն»։
Նա քանիցս հայտարարում էր, թե «մի շարք սփյուռքահայեր զանգահարում են և պատրաստակամություն հայտնում իրենց ներդրումն ունենալ իրենց պատմական հայրենիքը շենացնելու գործում»։
Օրինակ, փետրվարի 12-ի ԱԺ իր ելույթում Փաշինյանն ասել է. «Մեր պատկերացմամբ, երկրի ներդրումային վիճակի բարելավում նշանակում է՝ առաջին հերթին՝ երկրի միջազգային իմիջի բարելավում, որովհետև եթե որևէ տեղից միջազգային բիզնեսը ստանում է նեգատիվ ազդակներ, նեգատիվ լուրեր, այդ թվում՝ քաղաքական միջավայրի վերաբերյալ, դա բնականորեն պետք է ազդի այդ երկրում ներդրումների գրավչության վրա: Այս առումով, կարող եմ ասել, որ հիմա ՀՀ-ն գտնվում է բոլորովին այլ իրավիճակում, որովհետև երկար տարիներ ՀՀ-ում հիմնական դիսկուրսը եղել է այն, որ գումարներ ծախսենք, որպեսզի CNN-ով, BBC-ով, աշխարհի առաջատար այլ լրատվամիջոցներով Հայաստան անունը հնչի, Հայաստանի մասին պատմեն, պատմեն, որ Հայաստանում դրական միջավայր և դրական փոփոխություններ կան»:
Ի դեպ, հավելենք, որ մինչև ԱԺ արտահերթ ընտրությունները Փաշինյանը հայտարարում էր, որ «մինչև ԱԺ-ն չցրենք, ՀՀ-ում ներդրումներ չեն լինի»։ Նա նաև անընդհատ նշում էր, որ «թավշյա հեղափոխությունից հետո աննախադեպ հայրենադարձության հոսք է ապահովվելու», և նմանօրինակ դեմագոգիկ հայտարարություններ։
Փաստն այն է, որ կառավարությունը մինչև այժմ չի կարողանում հստակեցնել իր ներդրումային քաղաքականությունը։ Այդպես էլ բաց է մնում այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ պետք է ներդրողները գան Հայաստան, այդ ո՞ր առավելության համար։ Կամ՝ ի՞նչ լրացուցիչ պայմաններ է ստեղծել կառավարությունը, որպեսզի գրավի ներդրողներին։
Պրիմիտիվ է հուսալ, որ թավշյա հեղափոխությունը բավարար է դրա համար, չափազանց պարզունակ մոտեցում է։ Պարզ է, որ ինչքան էլ թմբկահարվի, թե Հայաստանում այլևս կոռուպցիա չկա, իսկ մենաշնորհներն ընդհանրապես ջախջախված են, դրանով ներդրողներին դժվար է գայթակղել։ Ակնհայտ է, որ ինչքան էլ քաղաքական կամք լինի, եթե կան օրենսդրական սխալ հիմնավորումներ, բնականաբար, տնտեսությունը չի կարող զարգանալ:
Քաղաքական փոփոխությունը և Փաշինյանի կողմից նման կոչերը, աներկբա է, որ կունենան կարճաժամկետ էֆեկտ, եթե բարենաստ տնտեսական միջավայր չստեղծվի: ՀՀ-ում պահանջված ներդրումներ ներգրավելու առանցքային խնդիրը կայանում է նրանում, որ երկրում մինչ օրս չեն ձևավորվել տարբեր ներդրումային հոսքերի համար համապատասխան արդյունավետ խողովակներ և հարթակներ, իսկ եղած հարթակների արդյունավետությունը խիստ ցածր է: Փաստն այն է, որ ներդրումային միջավայրի ապահովման համար կարևոր է առկա բազմաթիվ խնդիրների լուծումը՝ աշխարհաքաղաքական, քաղաքական, օրենսդրական, տնտեսական, ենթակառուցվածքների և լոգիստիկ, մասնավորապես՝ տրանսպորտային և այլն:
 
Ամփոփելով՝ հավելենք մի կարևոր դրվագ ևս։ Փաշինյանի «զանգվածային հայրենադարձության» մասին բալլադը բավականին ինտրիգային ու զավեշտալի է դառնում, երբ ծանոթանում ենք, թե ինչքան մարդ է դիմել «Գրին քարտի» խաղարկությանը մասնակցելու համար։ Այսպես՝ 2018 թ. ընդհանուր առմամբ Միացյալ Նահանգների մշտական բնակության քարտ ձեռք բերելու ցանկություն է ունեցել 267 հազար 67 հայաստանցի, որոնցից 110 հազար 725-ը եղել են դիմորդները, 156 հազար 342-ը՝ դիմորդների ընտանիքի անդամները՝ կինը, երեխաները:

Ի դեպ՝ նախորդ երկու տարիներին Հայաստանից դիմորդների թիվն ավելի քիչ է եղել, մասնավորապես՝ 2017 թ.-ին գրին քարտի խաղարկությանը մասնակցել է 96 հազար 389 քաղաքացի (դիմորդների ընտանիքի անդամները՝ 130 հազար 156, ընդհանուր՝ 226 հազար 545 քաղաքացի), իսկ 2016 թ.՝ 71 հազար 854: Եթե այս ամենին համադրում ենք այն դրվագը, որ «գրին քարտի» դիմումների ընդունումը լինում է յուրաքանչյուր տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, ապա 2018 թ. ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունից» հետո էլ ՀՀ քաղաքացիները ավելի շատ են ցանկացել ԱՄՆ-ում մշտական բնակություն հաստատելու նպատակով արտագաղթել Հայաստանից:
 168.am
Այս նյութը դիտել են - 336917 անգամ