Երևանի պատմական շերտը «հանրային գերակա շահ» ձևակերպման ներքո փոշիացնելու բարբարոս գործում իր անուրանալի ավանդն ունի գործարար Սամվել Մայրապետյանը և նրան պատկանող «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությունը: Այս ընկերությունն է, որ դեռևս 2008 թվականից Երևանի կենտրոնում գտնվող Աբովյան-Պուշկին-Նալբանդյան փողոցների միջանկյալ հատվածում բազմաֆունկցիոնալ կառուցապատում է իրականացնում: Անցած տարիները Մայրապետյանին տվեցին երկու կարևոր բան՝ մեծ շահույթ և «քանդարար» տիտղոսը: Առաջինը նա վերցրեց հաճույքով, իսկ երկրորդի պարագայում մի փոքր կոտրատվում է:: Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում այն հանգամանքին, որ երևանցիները անվանում են մայրաքաղաքի գլխավոր քանդարար, նա պ:ատասխանում է. «Սուտ են ասում... Դուք մտնում եք էմոցիոնալ դաշտ: Ոչ ոք ոչ մի բան չի քանդում, ոչ մի այդպիսի պրոցես չկա»:
Իհարկե, երբ շենքերը փլուզվում են, կարիք չկա ոտք դնել նրա էմոցիոնալ դաշտը, քանի որ մի քանի քար էլ կարող է գլխիդ թափվել: Եվ զգուշավոր Մայրապետյանը ոչ միայն հեռվից է դիտում ավերածությունները, այլև այդ ընթացքում անընդհատ ձեռքերն է լվանում, ինչպես ժամանակին անում էր Պիղատոսը: Նա պնդում է, որ ոչ մի բանի հետ կապ չունի, ոչինչ իրեն չի վերաբերում և դրանք իր գործը չեն: «Գերակա շահն էլ իմ գործը չի, ես անհատ մարդ եմ, ես չեմ կարող պատասխան տալ` գերակա շահը ճիշտ բան ա, թե սխալ բան ա, ես կարող եմ մասնակցել, շահել տենդերը կամ չշահել: Ինձ իրավունք է տրվել բանակցել մարդկանց հետ, բանակցել ու ձեռք բերել… Ես ընդամենը ձեռք բերող եմ»:
Փաստորեն Մայրապետյանը հրաշալի և մինչ օրս անհայտ մասնագիտույթյուն ունի՝ ձեռք բերող: Բայց նա նաև մեկ ուրիշ փեշակի էլ է տիրապետում, որը կոչվում է «իր վրայից գցող»: Այդ դեպքում բոլորը մեղավոր են, բացի նրանից: «Երբ որ կթողնեն քանդել, ես էլ կքանդեմ»,- հայտարարում է նա՝ խոստովանելով, որ խորապես թքած ունի պատմության, մշակույթի, հուշարձանների ու այդ կարգի «անհետաքրքիր» բաների վրա:
Ասում են, փոս փորողն ի վերջո ինքն է ընկնում իր փորած փոսը: Եթե դա իրոք այդպես է, ապա քանդողն էլ մի օր պիտի մնա իր քանդածի փլատակների տակ: Տեսնես, երկինքն այդքան արդարացի կգտնվի՞ Մայրապետյանի հարցում:
Այս նյութը դիտել են - 1678 անգամ