Երգչուհի Շուշան Պետրոսյանի ֆեյսբուքյան վարքագիծը պետք է քննարկվեր, բայց հետաձգվել է հաջորդ շաբաթ...
2016-02-11 21:11:00

Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովի նիստը, որի ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանի ֆեյսբուքյան վարքագիծը պետք է քննարկվեր, հետաձգվել է հաջորդ շաբաթ, մինչդեռ նախատեսված էր այսօր:  Հանձնաժողովում ՀՀԿ-ի ներկայացուցիչ Սուքիաս Ավետիսյանը NEWS.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ դա պայմանավորված է հանձնաժողովի  անդամների աշխատանքային գրաֆիկով:

«Այլ պատճառ չի եղել, ուղղակի հանձնաժողովի անդամների գրաֆիկի հետ կապված է եղել հետաձգումը: Շուշան Պետրոսյանը ոչ մի կապ չունի: Մենք դիմումն ընդունել ենք վարույթ ու նիստում կքննարկվի:  Ուղղակի անդամների կեսը բացակա էին, չէին կարող մասնակցել, դրա  համար հետաձգեցինք հաջորդ երկուշաբթի»,-ասաց Սուքիաս Ավետիսյանը:

Նա նշեց, որ դեռ չեն կարող ասել` Շուշան Պետրոսյանի արտահայտությունները կհամարվեն պատգամավորի վարքագծի կանոնների խախտում, թե ոչ:

Հիշեցնենք, որ օրերս ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը ֆեյսբուքյան օգտատեր Գայանե Շահինյանին ասել էր. «Չհամարձակվես գարշելի երախդ բացել ու նման էժան ու հավուղեղ մակարդակի արտահայտվել երկրիս, մեր բանակի, մեր Պաշտպանության նախարարի մասին, ուշադիր լսի, աչքերդ կհանեմ ու ոնց ուզում ես արձագանքի, ԼԱԿՈՏ»:

Սույն խոսակցությունն սկսվել էր այն բանից հետո, երբ օգտատերը Արցախում զինծառայողի զոհվելուց հետո գրել էր. «Էս պետություն չի, երկիր չի, նողկում ես ազգից, իշխանություններից, պաշտպանության նախարարությունից...»:

Այս առնչությամբ հունվարի 13-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից փոստային առաքման միջոցով դիմում է ներկայացվել ՀՀ Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողով՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի կողմից ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով սահմանված էթիկայի նորմերը խախտելու, մասնավորապես՝ ֆեյսբուքյան օգտատեր Գայանե Շահինյանի հասցեին հնչեցրած բռնության և սպառնալիքի կոչերի ու վիրավորական արտահայտությունների վերաբերյալ որոշում կայացնելու հարցով:

Այս նյութը դիտել են - 1380 անգամ