Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է ԱՄՆ քննությունների դաշնային բյուրոյի իրավական կցորդի հետ
2019-11-04 09:47:00
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է ԱՄՆ քննությունների Դաշնային բյուրոյի իրավական կցորդի հետ (լուսանկարներ)
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների քննությունների դաշնային բյուրոյի իրավական կցորդ Դիեպ Շումեյքերի գլխավորած պատվիրակության հետ:
ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին՝ Քննչական կոմիտեում հյուրընկալվելու նախաձեռնության համար՝ նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավապահ մարմինների միջև տարիներ ի վեր ձևավորված փոխվստահելի և գործընկերական հարաբերությունները:
«Քննչական կոմիտեի գործունեության ամբողջ ընթացքում մենք զգացել ենք ԱՄՆ գործընկերների անվերապահ աջակցությունը, որի մասնավոր դրսևորումներից է Քննչական կոմիտեի վարույթում քննված կոնկրետ քրեական գործերով ԱՄՆ քննությունների դաշնային բյուրոյի կողմից ցուցաբերված պատշաճ իրավական օգնությունը, ինչի արդյունքում հնարավոր եղավ բացահայտել մի շարք հանցագործություններ»,- ասաց Հայկ Գրիգորյանը:
ՔԿ նախագահը կարևորեց նաև ԱՄՆ քննությունների դաշնային բյուրոյի հրավերով Վաշինգտոնում տեղակայված ԱՄՆ քննությունների դաշնային բյուրոյի կենտրոնական գրասենյակ իրականացված Քննչական կոմիտեի ծառայողների աշխատանքային այցերը, որոնց ընթացքում համաձայնություններ են ձեռք բերվել՝ կոմիտեի ծառայողների վերապատրաստումներն ԱՄՆ-ում կազմակերպելու գործընթացի առնչությամբ:
Ամերիկայի Միացյալ Նահանգների քննությունների դաշնային բյուրոյի իրավական կցորդ Դիեպ Շումեյքերն իր խոսքում շնորհակալություն հայտնեց ընդունելության համար:
Դիեպ Շումեյքերը վստահեցրեց, որ ՀՀ քննչական կոմիտեի և ԱՄՆ քննությունների դաշնային բյուրոյի փոխգործակցությունն առաջիկայում կունենա զարգացման էլ ավելի լայն հեռանկարներ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:
ՀՀ Քննչական Կոմիտե
Այս նյութը դիտել են - 12384 անգամ