Ուսանողին հարցնում եմ՝ պողոտա բառը ինչու՞ ես գրում մեծատառով, ասում է՝ ինստագրամում այդպես է գրված.Փառանձեմ Մեյթիխանյան (video)
2019-11-16 19:23:00
Ցանկացած օրենքի նախագիծ, եթե շոշափում է հայագիտության խնդիր, այն էլ՝ այս տեսանկյունից, բնական է՝ պետք է առաջացնի մտավորական խավի, բուհերի մասնագիտական ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների բուռն զայրույթը: Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ եթերով հեռարձակվող «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ընթացքում ասաց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Փառանձեմ Մեյթիխանյանը՝ անդրադառնալով ոչ մասնագիտական ֆակուլտետներում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» ու «Հայոց պատմություն» առարկաների ոչ պարտադիր դասավանդման վերաբերյալ օրինագծին:
Մեյթիխանյանի գնահատմամբ՝ այս աղմուկի պատասխանատուն ԿԳՄՍ նախարարությունն է. հնարավոր էր օրենքի նախագիծն այնպես նախապատրաստել, որ այն նման արձագանք չստանար:
Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Անահիտ Մովսիսյանն էլ նշում է, որ մասնագետները նախապես ծանոթ են եղել օրենքի նախագծի աշխատանքային տարբերակին և արտահայտել են իրենց դժգոհությունները նախագծի որոշ կետերի վերաբերյալ, սակայն այն նորից դրել են շրջանառության մեջ՝ առանց որևէ փոփոխության. «Երբ նախագիծը պետք է դրվեր համաժողովրդական քննարկման, և՛ վարչապետը, և՛ նախարարը միանգամից հայտարարեցին, որ նախագիծը պետք է անպայման կյանքի կոչել, որից էլ սկսվեցին բուռն, գուցե նաև՝ անկազմակերպ բողոքի ակցիաները»:
Անահիտ Մովսիսյանի համար անհասկանալի է՝ ինչպես կարող է նախարարը չխորհրդակցել ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի հետ և չքննարկել օրենքի նախագիծը:
Փառանձեմ Մեյթիխանյանը պնդում է՝ պրոֆեսորադասախոսական կազմից ոչ մեկը չի պահանջում նախարարի հրաժարականը, բայց և նշում է՝ պետք է տեր կանգնել հայագիտության պահպանմանը:
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԿԳՄՍՆ շուրջ ստեղծված իրավիճակի ու վիճահարույց հարցերի վերաբերյալ կոշտ ելույթին՝ Փառանձեմ Մեյթիխանյանն ասաց. «Օրենքի այս նախագիծը կազմելիս՝ պետք էր ուսումնասիրել «Հայոց լեզվի» ծրագրերը: Օդից միանգամից չեն վերցնում ու ասում՝ գիտե՞ք՝ մենք որոշեցինք, որ «Հայոց լեզուն» պարտադիր չէ ոչ մասնագիտական բաժիններում»:
Փառանձեմ Մեյթիխանյանը, ով ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի հեռակա բաժնում դասավանդում է իրավագիտության լեզու, ներկայացրեց մի օրինակ, ըստ որի՝ քրեական դատավարության դասագրքից թելադրություն է տվել, ուսանողները մեկ նախադասության մեջ այնքան սխալ են արել, որ հնարավոր չի եղել անգամ մի քանի դասաժամում այդ սխալները բացատրել: Նա ցավով նշեց, որ ուսանողներն անգամ բառապաշար չունեն. 12 տարի դպրոցում կրթություն ստացած երեխան ընդունվում է բուհ, բայց խոսել չգիտի:


Այս նյութը դիտել են - 7637 անգամ