Ցնցեցին աշխարհահռչակ համերգասրահը. Վարդան և Սիրանույշ Գևորգյաններին հաջողվեց անել անհնարինը
2019-11-19 12:59:00
Սովորաբար ընդունված է համարել, որ հայ մշակույթի պահպանման հարցում հիմնահենքային նշանակություն ունեցող կարևորագույն գործոնը պետական աջակցության հանգամանքն է, և որքան հիմնավոր ու խորքային է այդ աջակցությունն, այնքան մեծ են հնարավորություններն, որ դարերի խորքից մեզ ավանդված արժեքների հարատևության թելը կմնա անվնաս: Դա, թերևս, այդպես է, սակայն ակնհայտ է նաև, որ համաշխարհային ազգի կարգավիճակ ունեցող հայության համար ասվածը ճշմարտութան միայն մի մասն է:
Ինչպես ցույց է տալիս կյանքը, Սփյուռքի կողմից հայ մշակույթի պահպանման, զարգացման ու տարածման ուղղությամբ արվող քայլերը պակաս էական դեր չեն ունենում մշակույթի պահպանման և, առավել ևս, մատաղ սերնդի մոտ ազգային արժեհամակարգի արմատավորման հարցում:
ԱՄՆ-ում ապրող ու արարող սփյուռքահայության գործունեության հիմնական անկյունաքարերից մեկն էլ մշտապես եղել է ու ցայսօր էլ շարունակում է մնալ հայ մշակույթն ու դրա լայն պրոպագանդան: Սփյուռքն այսօր հավասարապես կիսում է հայ մշակույթի պահպանման պետության ունեցած պատասխանատվությունը՝ պատվով իրականացնելով ազգապահպան առաքելությունը, որի հիմքում, ինչպես հայտնի է, այն հարուստ մշակութային ժառանգությունն է, որը դարեր ի վեր սնել է հայությանը՝ այսօր էլ շարունակելով ներշնչման աղբյուր հանդիսանալ աշխարհի չորս ծագերում թևածող հայորդիների համար:
Նոյեմբերի 17-ին աշխարհահռչակ «DOLBY» համերգասրահում տեղի ունեցավ Վարդան և Սիրանույշ Գևորգյանների ղեկավարած «Գևորգյան» պարի ակադեմիայի 25-ամյակին նվիրված հոբելյանական համերգը, որին, ի դեպ, լոսանջելեսահայությունը սրտի տրոփյունով էր սպասում:
Հինգ հարյուրից ավել սաներ ունեցող ու Լոս Անջելեսում խոշորագույններից մեկը համարվող «Վարդան և Սիրանույշ Գևորգյաններ» պարի ակադեմիայի՝ հայ մշակույթի պահպանման գործում ներդրած ավանդն իսկապես հսկայական է. այն ոչ միայն անգնահատելի ավանդ է ունեցել մշակույթի, ազգային արժեհամակարգի պահպանման նվիրական գործում, այլև իր գործունեությամբ է՛լ ավելի անքակտելի է դարձրել Սփյուռքի ու հայրենիքի միջև կապը, ամրացրել այն կամուրջը, որի անսասանության շնորհիվ է նաև, որ չնայած բազմաթիվ մարտահրավերներին, Սփյուռքը հավատարիմ է մնում իր ազգային ակունքներին:
Պարն է եղել է այն լեզուն, մանկավարժական այն գործիքակազմը, որի միջոցով Վարդան և Սիրանույշ Գևորգյանները մշտապես ջանացել են հային հայ պահել ազգերի խառնարան դարձած երկրում:
Պարուսույց Սոնա Գևորգյանն, ով այս երկու հրաշալի մարդկանց զավակն է, պատվով է շարունակում ծնողների ազգանվեր գործը՝ նոր մակարդակի բարձրացնելով ակադեմիայի ազգանվեր գործունեությունը:
Գալով կայացած համերգին՝ պետք է արձանագրել, որ այն իսկապես շքեղ էր ու տպավորիչ, իսկ տոմսերը հասցրել էին սպառվել շատ կարճ ժամանակահատվածում, ինչպես ամերիկահայերն են ասում, «sold out» էին եղել հաշված օրերի ընթացքում:
Տպավորիչ էին թե՛ ներկայացման ընթացքում բեմ բարձրացած երեխաների ելույթները, թե՛ երիտասարդ տղաների առնական կեցվածքն ու օրիորդների հեզաճկուն պարը և թե՛ համերգի գեղարվեստական ձևավորման հատվածը:
Մասնավորապես՝ չափազանց հիշարժան էր հեղափոխությանը, Նիկոլ Փաշինյանին նվիրված «Դուխով» երգի ներքո երեխաների բեմելն, ինչպես նաև Սիրուշոյի մի քանի երգերի ներքո բեմադրված պարերը, որոնք անզուգական էին ստացվել:
Ծրագրի բացմանը նախապատվությունը տրված էր հաղորդավարներ՝ գեղեցկուհի Գայանե Ասլամազյանին և շնորհաշատ երիտասարդ Ռաֆայել Մնացականյանին, ովքեր իրենց գեղեցիկ ու տպավորիչ խոսքով անզուգական դարձրեցին երեկոն:
Չափազանց տպավորիչ ստացվեց հատկապես համերգն եզրափակող անզուգական պարի՝ Հայաստանի դրոշներով ուղեկցվող բեմականացումն, երբ աշխարհահռչակ «DOLBY» համերգասրահում ներկա գտնվող հանդիսատեսը, ականատես դառնալով այդ ամենին, հնարավորություն ունեցավ անիրական զգացողություններ ապրել՝ ևս մեկ անգամ վերարաժևորելով հայ մշակույթն ու դրա անքակտելի, կարևոր մասը հանդիսացող պարարվեստը:
Վերջում, երբ հաղորդավարները սկսեցին ներկայացնել Վարդան և Սիրանույշ Գևորգյաններին, բեմ բարձրացավ նաև նրանց դուստրը՝ Սոնա Գևորգյանը՝շնորհակալություն հայտնելով երեխաներին ու նրանց ծնողներին ցուցաբերած վստահության համար:
Գեղեցկուհի Սոնայի խոսքը թաթախված էր հուզմունքով, որը, թերևս, արդյունք էր այն արգասիքի, որին նա հասել էր մեծ ջանքերի շնորհիվ: Եվ մինչ խոսում էր՝ ծաղիկները ձեռքին, հանկարծ շրջապատվեց երեխաների մեծ բազմությամբ՝ երախտիքի արժանանալով հենց իր սաների կողմից. տեսարանն անպատմելիորեն հուզիչ էր:
Անակնկալներ նույնպես եղան: Գեղեցկուհի Սոնան անակնկալ էր պատրաստել իր ծնողների համար. նրանց պատվին հնչեց Շառլ Ազնավուրի «La bohème» երգն, ու Սոնան խնդրեց, որպեսզի երգի հնչյունների ներքո ծնողները տանգո պարեն հանդիսատեսի ներկայությամբ: Այսպիսով՝ Սոնան անակնկալի բերեց ոչ միայն իր ծնողներին, այլև, թերևս, առավելապես հանդիսատեսին:
Ի դեպ՝ տեղեկացնենք, որ հաջորդ տարի «Գևորգյան» պարի ակադեմիայի սաները պատրաստվում են համերգներով հանդես գալ արդեն հայրենիքում՝ Հայաստանում, ինչի մասին, մենք առաջիկայում ավելի մանրամասն կխոսենք:
Ցանկանում ենք արձանագրել նաև, որ նմանօրինակ մեգա նախագծերը, թերևս, երբեք ու երբեք կյանքի չեն կարող կոչվել, եթե չլինեն հովանավորները:
Իհարկե, «Գևորգյան» պարի ակադեմիան ունի շատ-շատ հովանավորներ, սակայն, մենք հատկապես կցանկանայինք ընդգծել երկու հովանավոր ընտանիքների՝ համայնքում շատ սիրված ու հարգված Սարգիս ու Նարինե Նիկողոսյանների, Պետրոս և Կարինե Տաղլյանների ունեցած ներդրումը, ովքեր վերջին 20-25 տարիների ընթացքում մշտապես աջակցել են Վարդան և Սիրանույշ Գևորգյաններ պարախմբին, վստահել են նրանց, գնահատել նրանց կողմից արվող գործը: Այդ մարդիկ երբեք չեն հեռացել իրենց հայկական արմատներից ու հնարավորինս սատարել են ազգային արժեքների ու մշակույթի պահպանմանն ու առաջխաղացմանն ուժերի ներածին չափով, ինչն, անկասկած, չափազանց գնահատելի է ու արժանի մեծ գովեստի: Սեփական արմատներին կառչած մնալով է, որ բազում փորձությունների միջով անցած հայ ժողովուրդը շարունակում է հարատևել ու զարմացնել:
Աշխարհին մենք հետաքրքիր ենք մեր ազգայինով ու անխաթար դիմագծով:
Գայանե Մանուկյան

Այս նյութը դիտել են - 24427 անգամ