Այսօր Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովում տեղի կունենա մարդու իրավունքների պաշտպանի ընտրության արտահերթ նիստը։ Ներկայացված է 3 թեկնածու, որոնցից մեկին պետք է ընտրի հանձնաժողովը։ Այդ թեկնածուի հարցը կդրվի լիագումար նիստի քննարկմանը, եւ խորհրդարանի 3/5 ձայների կողմ քվեարկելու դեպքում այդ թեկնածուն կընտրվի։ Ներկայացված երեք թեկնածուներն են արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը, որը ՀՀԿ-ի առաջադրած թեկնածուն է, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, որին առաջադրել է անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, եւ ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանի առաջադրած թեկնածուն՝ «Իրավապաշտպան» ՀԿ ղեկավար Նարեկ Ալոյանը։ Այստեղ բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել։ Հանձնաժողովն ունի 12 անդամ, որից վեցը ՀՀԿ-ական է։ Պարզ է, որ ՀՀԿ-ն ամբողջ կազմով կքվեարկի իր թեկնածուի՝ Արման Թաթոյանի օգտին։ Բայց եթե մյուս 6 հոգին քվեարկի թեկնածուներից որեւէ մեկի օգտին, ապա ձայները կլինեն հավասար, եւ լիագումար նիստում խորհրդարանը կունենա արդեն երկու թեկնածու։ Նշենք, որ Զարուհի Փոստանջյանին, բացի Էդմոն Մարուքյանից, սատարում է նաեւ ՕԵԿ-ը, այդ հանձնաժողովում ներկայացված է Հովհաննես Մարգարյանը։ Հիմա, եթե բացի Զարուհի Փոստանջյանից, Մարուքյանից ու Մարգարյանից, Փոստանջյանի օգտին քվեարկեն նաեւ ՀԱԿ-ից Գագիկ Ջհանգիրյանը, ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանն ու ֆորմալ առումով ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը, ապա Փոստանջյանն ու Թաթոյանը կունենան հավասար ձայներ։ Եվ, ըստ այդմ, խորհրդարանը կունենա այլընտրանքային ընտրության հնարավորություն։ Մնում է հուսալ, որ գրեթե պաշտոնապես կոալիցիայի մեջ մտած ՀՅԴ-ական ապագա նախարար Արծվիկ Մինասյանը, սեփական թեկնածուին առաջադրած Տիգրան Ուրիխանյանն ու մասնագիտական ամբիցիաներով աչքի ընկնող ՀԱԿ անդամ Գագիկ Ջհանգիրյանը մի կողմ կդնեն բոլոր «խանգարող հանգամանքներն» ու մի անգամ գոնե միասնաբար հանդես կգան՝ խորհրդարանին հնարավորություն տալով ընտրություն կատարել իշխանական եւ ընդդիմադիր թեկնածուների միջեւ։ Թե չէ ստացվում է, որ հանձնաժողովում ՀՀԿ-ին սատարելով՝ նրանք կանցկացնեն իշխանական թեկնածուին, այլընտրանք չթողնելով մյուսների համար։ Նյութի աղբյուրը ` hraparak.am
Այս նյութը դիտել են - 1468 անգամ