Նախատոնական երկու խոսք «Հայ ուսուցիչների միություն» խմբի ուսուցիչներին...2019-12-28 01:17:00
«Հայ ուսուցիչների միություն» խումբն այն հարթակն է, որտեղ ընդգրկվածս օրվանից կարողացա ընթերցել տարբեր նյութեր և բարձրաձայնել կրթության ոլորտում առկա բազմաթիվ մտահոգիչ հարցեր՝ երբեմն արձագանքելով նաև ուսուցչի հեղինակազրկմանն ուղղված տարբեր հրապարակումների: Ինձ համար այս խումբը վաղուց հարազատ օջախ է դարձել՝ բազմաթիվ ծանոթ թե անծանոթ ուսուցիչներով, ովքեր իրենց տքնաջան աշխատանքով ապագա են կերտում, բայց երբեմն մնում անուշադրության մատնված կամ անարդարացիորեն հայտնվում քննադատությունների թիրախում, երբ յուրաքանչյուր ոլորտում չեն բացառվում տարբեր մասնագիտությունների տեր նվիրյալ անձանց կողքին նաև ոչ որակյալ անպատասխանատուները՝ դրանք լինեն բժիշկներ, իրավաբաններ, տնտեսագետներ..., թե տարբեր իշխանավորներ:
Ես ականատեսը դարձա, որ հայ ուսուցիչը դարերից եկած մտավորականի աղքատությունն իր հետ շարունակաբար տանում է նաև մեր օրերում, երբ այդ վեհ կերպարը, իր աշխատանքի բնույթից ելնելով, ամեն դառնություն տանում է, որ հոգով մնա ուսուցիչ: Իսկ ուսուցիչը մեծություն է, բայց, ցավոք, ժամանակները փոխվել են ոչ այնքան ուսուցչի օգտին, ուրեմն՝ զինվենք համբերությամբ, սերնդին գիտելիքներ փոխանցելով և մարդասիրության որակներ ուսուցանելով՝ տանենք արդարության ճանապարհով, չէ՞ որ նրանք են վաղը այս երկրի հիմնաքարը դառնալու:
Մտահոգություններովս հանդերձ, իմ շատ հարգելի՛, նույնքան սիրելի՛ ուսուցիչներ, խմբի ղեկավար հարգարժա՛ն Հասմիկ Այվազյան, խորին ակնածանքս բոլորիդ, շնորհավորում եմ գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդը, խաղաղ, բարեկեցիկ ու երջանիկ կյանքը թող թևածի բոլորիս ընտանիքներում, թող Նոր տարին այնքան արգասաբեր լինի, որ ուսուցիչն իր որակյալ մանկավարժությամբ բարձրության պատվանդանին լինի, ըստ արժանվույն գնահատվի նրա գործունեությունը, նյութական ապահովությունն էլ մեկտեղվի ուսուցչի վաղեմի հեղինակության բարձրացմանը:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 16186 անգամ