Ուզում եմ հաճախել մի այնպիսի դպրոց, որ չասեմ՝ ցուրտ է
2020-01-30 09:48:00
10-րդ դասարանի աշակերտուհի Անի Մկրտչյանի մտորումներն են իր երազանքների դպրոցի մասին, բայց ափսոսում եմ, որ ներկան ավելի շատ մտահոգությունների շարք է ներկայացնում:
«Ուզում եմ հաճախել մի այնպիսի դպրոց, որ չասեմ՝ ցուրտ է, այլ, ընդհակառակը, ասեմ, որ սիրում եմ իմ դպրոցի ջերմությունը: Հուսանք, որ կգա այդ օրը մեր դպրոցի վերանորոգումից հետո: Ասում են՝ դպրոցը մեր երկրորդ տունն է: Կցանկանայի այդ տանն ուսուցիչ-աշակերտ հարաբերությունը լինի հարգանքով, ուսուցիչները երբեք չվիրավորեն աշակերտներին, առավելապես՝ ծնողներին...Ես չեմ մեղադրում բոլոր ուսուցիչներին, որովհետև մայրս նույնպես ուսուցչուհի է, և տեսնում եմ, որ նա սիրով է գնում դպրոց՝ դասավանդելու իր աշակերտներին։ Նաև ականատես եմ, որ մայրս արձակուրդներին ասում է. «Կարոտել եմ երեխաներիս»:
Ինչքա~ն կցանկանայի, որ բոլոր ուսուցիչները հաճույքով մտնեին դպրոց, բայց լինում են պահեր, երբ հոգնում ես դպրոց գնալուց, նույնիսկ՝ դաս սովորելուց:
Առաջին կիսամյակում այն առարկան, որին այդքան էլ լավ չէի տիրապետում, դասերը սովորում էի, որ գոնե կիսամյակի վերջում չկանգնեմ փակուղու առաջ, բայց միշտ ցածր էի գնահատվում: Չգիտեմ ինչու, հիմա հոգնել եմ այդ դասը սովորելուց, նույնիսկ չեմ էլ ուզում սովորել:
Լինում են պահեր, որ չես ուզում գնալ դպրոց, նույնիսկ դպրոց չգնալու համար ձևացնում ես, որ հիվանդ ես։ Նաև չեմ ասում, որ միշտ ուսուցիչն է մեղավոր, այնպես չի, որ աշակերտը ոչինչ չի անում, ուսուցիչը բարկանում է, բայց չեմ էլ ընդունում, որ ուսուցիչը դասարանում խփում է երեխային, այդ պահին աշակերտը մյուսների մոտ ամենավատ զգացողությունն է ապրում:
Ես այնքան մեծ չեմ, որ քննադատեմ ուսուցիչներին, ուղղակի ճշմարտություն եմ ասում։ Որքա~ն կցանկանայի, որ շատ բան փոխվեր դպրոցում, եթե ես ինքս հնարավորություն ունենայի ինչ-որ բան փոխելու, անկարգ երեխաներին կհեռացնեի դպրոցից, ուսուցիչներից կթողնեի նրանց, ովքեր, այսպես ասած, «նախնադարից» չեն»:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 14296 անգամ