Գյումրիում ծեծի են ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է. «Ազատություն»
2020-03-05 10:59:00
Այսօր մարմնական վնասվածքներով Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել անչափաս աղջնակ՝ 13 տարեկան: Դեպքի վայր ժամանած ոստիկանության օպերատիվ և քննչական խումբը պարզել է, որ երեխան մարմնական վնասվածքներն ստացել է իրենց տանը, «Ազատությանը» հայտնեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:
«Ծավալված օպերատիվ հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված տանը գտնված անձը՝ արական սեռի ներկայացուցիչ՝ մոտ 28 տարեկան, ծեծի է ենթարկել անչափահասին և վերջինիս մորը, ով ծեծի ենթարկվելուց ժամեր անց (մոտ 8 ժամ անց) մահացել է տանը: Տվյալ անձը, տեսնելով, որ նա մահացել է, անմիջապես տեղյակ է պահել հարազատներին, շտապօգնության աշխատակիցներին, վերջիններս գալով պարզել են, որ այդ անձը մահացել է, իսկ երեխային տեղափոխել են հիվանդանոց», - պատմեց դատախազը:
Երեխային այս պահին վիրահատում են, նրա վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում:
Գաբրիելյանի հանձնարարությամբ քննիչի կողմից հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 112 հոդվածի երկրորդ մասի առաջին և 14-րդ կետերի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը երկու կամ ավելի անձանց նկատմամբ՝ անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ:
Կատարող անձի ինքնությունը հայտնի է, դատախազի ցուցումով նա ձերբակալված է: Դատախազը հայտնեց նաև, որ ծեծի ենթարկելու համար կասկածյալ տղամարդը մտերիմ հարաբերությունների մեջ է գտնվել մահացած կնոջ հետ (43 տարեկան՝ ըստ ոստիկանության):
Այս նյութը դիտել են - 9441 անգամ