ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՃԱՐՏԱՐԱԳԵՏՆԵՐԻ ԵՎ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐԸՆՏԻՐ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆ
2020-03-10 22:21:00
ԳԼԵՆԴԵՅԼ – Մարտի 7-ին ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանն ընդունեց Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցության (ԱՃԳԸ) նորընտիր խորհրդի անդամներին՝ նախագահ Ռիչարդ Օհանյանի գլխավորությամբ։ Վերջինը դեսպան Բայբուրդյանին ներկայացրեց ընկերակցության առաջիկա ծրագրերը։ ԱՃԳԸ-ն նախատեսում է հայ ճարտարագետների և գիտնականների մեծ ներուժը ի սպաս դնել կրթական և մարդասիրական նոր ծրագրերի իրականացմանը։ Կազմակերպությունը նպատակ ունի նաև, ժամանակի պահանջներին համահունչ, համալրել իր շարքերը երիտասարդ գիտնականներով և ընդլայնել գործունեության աշխարհագրությունը։
ԱՃԳԸ -ի առաջիկա ծրագրերից է նաև ակտիվացնել գործունեությունը Հայաստանում՝ իր ներդրումը բերելով Հայաստան-Սփյուռք կապերին։ Կազմակերպությունը պատրաստվում է հերթական ամենամյա միջոցառմանը, որը առիթ կծառայի ստեղծել հայ գիտնականների և ճարտարագետների մասին տեղեկատվական բազա, պարգևներով խրախուսել լավագույններին, որոնք աչքի են ընկել մասնագիտական գործունեությամբ, նախանշել Հայաստանում կառույցի անելիքները աջակցել հետազոտական աշխատանքներին, ինչպես նաև հայաստանյան սթարթափներին։
Դեսպան Արմեն Բայբուրդյանը ողջունեց Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցության առաջիկա ծրագրերը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել կազմակերպության նախաձեռնություններին, որոնք միտված են հայ գիտական մտքի զարգացման և հայրենիքի շահերին ի նպաստ ծառայեցնելու նպատակին։ Հատուկ ուշադրություն դարձվեց կազմակերպության կողմից կրթական մակարդակներում գիտություն, տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն և մաթեմատիկա (STEM) զարգացմանը և Կալիֆորնիայում և Հայաստանում։
Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ գլխավոր հյուպատոսության խորհրդական Էդգար Գրիգորյանը, Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցության փոխնախագահ Արամ Տեր-Մարտիրոսյանը, գործադիր քարտուղար Լինդա Մկրտչյանը և գանձապահ Սոնա Ջուհարյանը։
Այս նյութը դիտել են - 8037 անգամ