Ձեռքիս իմ «Մանկավարժի օրագիրն» էր, որ պիտի նվիրեի այդ գրքի ամենափոքրիկ կերպարին՝ Նարե Հարությունյանին2020-03-11 18:14:00
Ազատ դասաժամ ունեի, այցելեցի 2-րդ ա դասարան: Ձեռքիս իմ «Մանկավարժի օրագիրն» էր, որ պիտի նվիրեի այդ գրքի ամենափոքրիկ կերպարին՝ Նարե Հարությունյանին:

Նրա ժպիտն ինձ գերեց, նա ինքնին լույս էր լույս մանուկների մեջ, ու այդ պահից գիրքը ձեռքիս կարծես շնչում էր, ու թվաց՝ լսելի էր «օրագրի» շնչառությունը...

Խոսում, բացատրում էի այս փոքրիկներին, որ գրքի շապիկին նաև իրենց համադասարանցի Նարեի նկարն է, ով հաջողություններ է ունեցել մենթալ թվաբանությունից, և այդ մասին էլ գրված է գրքում, բայց իրենք էլ կարող են հետագայում գրքերում երևալ...

Իմ խոսքերից թե ո՛ր մեկը հասկացան նրանք, չգիտեմ, բայց ինչքա՜ն ուշադիր հայացքներ կային, որ սևեռված էին ինձ, այդ անբիծ էակների հոգում որքա՜ն գեղեցիկ թրթռոցներ կային, հայացքներում՝ կենսատու ժպիտներ, որ ակամայից գերեցին ինձ...
Սովորաբար ես ապրում եմ պահի գեղեցկությամբ, ու գրքի այս նվիրումը նույնքան գեղեցիկ է դառնում, երբ Նարեին բացատրում էի, որ երբ մեծանա, այն կկարդա ու ավելին կհասկանա, և նրա ժպտադեմ հայացքն ինձ տանում էր դեպի գալիքը, որտեղ նա ինձ երևում էր գեղեցկատես հայուհու խելացի ու հմայիչ մի նոր կերպարով:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 2354 անգամ