Ովքե՞ր եւ ինչպե՞ս կարող են վերադառնալ ԱՄՆ
2020-03-13 09:38:00
Հաշվի առնելով մի շարք երկրներում կորոնավիրուսի (COVID-19) տարածման արդյունքում ստեղծված իրավիճակը և համաճարակային ռիսկերը՝ Լոս Անջելեսի ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով հյուպատոսական տիրույթում գտնվող ՀՀ քաղաքացիներին կանգնել հյուպատոսական հաշվառման կամ տրամադրել տեղեկություն իրենց գտնվելու վայրի վերաբերյալ:
ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին հյուպատոսարանին տրամադրել տվյալներ՝ անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ, բնակության վայր՝ երկիր, մարզ, քաղաք, և շուրջօրյա հասանելի բջջային հեռախոսահամար:
Հայտարարության համաձայն՝ հյուպատոսական հաշվառման կանգնելը կամավոր և անվճար գործընթաց է, որի նպատակն է ՀՀ քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանությունն ապահովելը, արտակարգ իրավիճակներում հնարավոր աջակցություն ցուցաբերելը, անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրելը։
Իր հերթին ՀՀ գլխավոր հյուպատոսության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, հյուպատոս Նելլի Սարոյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ ներկայացնելով ԱՄՆ նախագահի հայտարարությունը:
Համաձայն Սարոյանի Facebook-ի գրառման՝ «Ս.թ. մարտի 13-ից Միացյալ Նահանգները 30 օր ժամկետով կասեցնում է Շենգենյան գոտու երկրներից Միացյալ Նահանգներ օտարերկրյա քաղաքացիների մուտքը:
Միացյալ Նահանգներ մուտք չեն կարող գործել օտարերկրյա այն քաղաքացիները, որոնք ԱՄՆ ժամանելուն նախորդող 14 օրերի ընթացքում, որևէ ժամանակով, եղել են Շենգենյան գոտու երկրներից մեկում:
Ըստ ԱՄՆ Նախագահի հռչակագրի` մուտքի սահմանափակումից ազատվում են որոշ կատեգորիաների օտարերկրացիներ, մասնավորապես. ԱՄՆ մշտական բնակության իրավունք ունեցողները, ԱՄՆ քաղաքացու ընտանիքի անդամը(կին, ամուսին, անչափաս երեխա, քույր/եղբայր`եթե երկուսն էլ մինչև քսանմեկ տարեկան անձինք են, ԱՄՆ քաղաքացի հանդիսացող անչափահաս երեխայի ծնող), A-1, A-2, C-2, C-3, E-1, G-1, G-2, G-3, G-4, NATO 1-4, NATO-6 կատեգորիայի վիզայով ճամփորդող օտարերկրյա կառավարության ներկայացուցիչները և նրանց անմիջական ընտանիքի անդամները:
Մանրամասների համար վերջիններս պետք է կապ հաստատեն իրենց երկրում ԱՄՆ դեսպանության, ինչպես նաև ավիափոխադրող ընկերության հետ»:
Հավելենք նաև, որ այսօրվանից Լոս Անջելեսում սահմանափակվում է հանրային միջոցառումների անցկացումն ու կազմակերպումը։ Կալիֆորնիայի նահանգապետը հորդորով չեղարկվել են բոլոր 250 եւ ավել մարդկանց ներկայություն ապահովվող միջոցառումները:
Հյուպատոսական հաշվառման ավտոմատացված համակարգի հղումը՝ այստեղ
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության էլեկտրոնային փոստի հասցեն՝ [email protected], [email protected] Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության թեժ գծի հեռախոսահամարները՝ +1(818)6966078, +1(818)6966079:
ՀՀ գլխավոր հյուպատոսություն
Այս նյութը դիտել են - 8867 անգամ