Բազմազավակ ընտանիքների վիճակը շատ անմխիթար է, օրական հարյուրավոր զանգեր եմ ստանում, մարդիկ ուտելու բան չունեն.Խաչատուր Մարոզյան2020-04-06 13:42:00
Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի հիմնադիր նախագահ Խաչատուր Մարոզյանը դիմել է Հրապարակին․
«Հրապարակ». Բազմազավակ ընտանիքների վիճակը շատ անմխիթար է, օրական հարյուրավոր զանգեր եմ ստանում, մարդիկ ուտելու բան չունեն, կոմունալները ո՞նց են վճարելու։
Զանգում եմ սոցապ, ասում եմ՝ ի՞նչ նախաձեռնություն կա, որ էս ընտանիքներին օգնություն ցուցաբերվի, Հանրապետությունում 6500 բազմազավակ /4 և ավել երեխա ունեցող/ ընտանիք կա, ոչ մի ընթացք չկա՝ նրանց օգնություն ցույց տալու, ասում են՝ ոչինչ չենք կարող անել արտակարգ դրություն է, դիմեք կառավարություն։
Ընտանիքի ինստիտուտը, առավելապես բազմազավակ ընտանիքներն անտեսված և անպաշտպան վիճակում են։ Օրական շատ զանգեր եմ մարզերից, գյուղերից ստանում, որոնք ահազանգում են, որ փողը պրծել է, երեխաները ուտելու բան չունեն։ Կոմունալները ոնց են վճարելու։ Մարդիկ ասում են՝ կառավարությունը գոնե էս երկու ամիսը օգնի ֆինանսապես յոլա գնան, հետո կանաչը կհելնի, դուրս կգան կանաչի կուտեն, մի բան կանեն։ Շատերը փորձում են զանգել սոցապ կամ կառավարության թեժ գիծ, զանգերին չեն պատասխանում։ Ստիպված դիմում են մեզ, որ մի ճար անենք։
Իմացա նաև, որ Խաչատուր Մարոզյանը բաց նամակ է գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Նիկոլ Փաշինյան.
Բազմազավակ ընտանիքների անունից Ձեզ եմ դիմում որպես ընտանիքների հիմնահարցերով զբաղվող հասարակական կազմակերպության` Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ և հայտնում, որ
երկրում ստեղծված արտակարգ իրավիճակի հետ կապված մեր ազգաբնակչության սոցիալապես անապահով խավը հայտնվել է ծանր ֆինանսական պայմաններում։ Մեր հասարակական կազմակերպությունում օրական տասնյակ հեռախոսազանգեր են ստացվում սոցիալապես խոցելի խավերի ներկայացուցիչներից և բազմազավակ /4 և ավել երեխա ունեցող/ ընտանիքներից, որոնք հայտնում են, որ իրենց ընտանիքները հայտնվել են ֆինանսապես անելանելի դրության մեջ, չեն կարողանում օրվա հացի փող հայթայթել, չեն կարողանում նաև կոմունալ վճարումները կատարել։
Օրվա ընթացքում ոչ մի կերպ չկարողացանք հեռախոսակապ հաստատել կառավարության պատասխանատու պաշտոնատար անձանց հետ, որպեսզի հայտնել ստեղծված իրավիճակի մասին և լուծումներ պահանջել։ Մեր բոլոր հեռախոսազանգերը մնացին անպատասխան, ուստի հարկ համարեցի գրել Ձեզ։
Այս օրերին մեզ են դիմում շատ բազմազավակ ընտանիքներ, որոնք չէն կարողանում հայթայթել գումար սննդի համար, ի վիճակի չեն վճարել իրենց կոմունալ վճարները։
Հանրապետությունում կան մոտ 6500 բազմազավակ ընտանիքներ, որոնցից մոտ 5500 ֊ ը ստանում են ընտանեկան նպաստ, մնացած թվով 1000 ընտանիքները ընդգրկված չէն նպաստառուների մեջ։
Բազմազավակ ընտանիքները հայտնում են, որ վերջացել է ամեն ինչ, ոչ սնունդ կա, ոչ էլ փող, երեխաները ունեն հացի խնդիր։ Նրանք առաջարկում են, որ կառավարությունը բազմազավակ ընտանիքների կոմունալ վճարները վերցնի իր վրա, որպեսզի ստացած նպաստով գոնե կարողանան օրվա հացի հարցը լուծել։
Գտնում եմ, որ առաջարկը խելամիտ է և այս քայլով որոշակիորեն կմեղմվի հասարակության ամենախոցելի շերտերի սոցիալական դժվարությունները, ուստի այն ընդունելի պետք է լինի կառավարության կողմից։
Շնորհակալություն։
Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ Խաչատուր Մարոզյան
Այս նյութը դիտել են - 4644 անգամ