Լուրեր են պտտվում, թե ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա ելույթից հետո ընկել է ներվային ցնցումների մեջ, մի քանի անգամ կորցրել է գիտակցությունը, հետո հիացմունքից ցանկացել է ցած նետվել պատշգամբից, բայց նրան մի կերպ ետ են պահել այդ մտադրությունից՝ բացատրելով, որ Հայրենիքը և ՀՀԿ-ն դեռ ունեն աննկուն նվիրյալների կարիք, իսկ Մարգոն այդ հարցում բացառիկ է: Եվ միայն դրանից հետո նախկին լրագորողուհին որոշել է շարունակել ինքնազոհաբերումն ու այդ առիթով հանդես է եկել մի ցնցող ճառով:
Հարցին, թե հավատո՞ւմ է առաջիկայում հզոր հայրենիք ունենալու տեսլականին, Մարգարիտ Եսայանը պատասխանեց. «Իհարկե, հավատում եմ: Զարմանում եմ, որ ինչ-որ մեկը չի հավատում: Մեր երկիրն արդեն իսկ հզոր է, որովհետև Հայաստանը միայնակ իր հոյակապ բանակով դիմակայում է ադրբեջանական ագրեսիային, միայնակ դիմակայում է թուրք-ադրբեջանական տանդեմին, հզոր է, որ միայնակ կարողանում է դիմագրավել, այս լարված տարածաշրջանում պահպանել ինքնուրույն դիմագիծը, ճիշտ հարևանություն անել բոլոր այն պետությունների հետ, որոնց դիրքորոշումը Հայաստանի հանդեպ ադեկվատ է ու բարեկամական: Հայաստանն այսօր միայնակ կարողանում է տարածաշրջանում լինել լուրջ դերակատար: Դա միանշանակ այդպես է, և որևէ մեկը չի կարող դա հերքել»:
Ոչ ոք չի էլ պատրաստվում հերքել կամ բանավեճի մեջ մտնել Մարգարիտ Եսայանի հետ: Աստված հեռու պահի նման վեճերից ու ժամանակի անպտուղ վատնումից: Տագնապալին միայն այն է, որ հանկարծ, Աստված մի արասցե, այս խոսքերն ընկնեն գերտերությունների ականջն ու նրանք հասկանան, որ իրենք անտեղյակ՝ Հայաստանն այնտեղ հզորացել ու արդեն սպառնալիք է դարձել բոլորի համար:
Ոմանց մոտ լուրջ կասկածներ ի հայտ եկան այն առնչությամբ, որ պատգամավորուհին խանգարումներ ունի և չի գիտակցում, որ ինքը ՀՀ քաղաքացի է: Փորձեցին շատ զգույշ ակնարկել, որ խոսքը աշխարհի ամենաթշվառ երկրներից մեկի մասին է, հիշեցրին աղքատությունը, կոռուպցիան, արտագաղթը: Սակայն տիկին Մարգոն դրանից ավելի ոգևորվեց ու բացականչեց. «Վստահաբար ձեզ ասում եմ, որ եթե արտագաղթած հայերը տեսնեն, որ Հայաստանում տեսանելի փոփոխություններ են իրականանում, հաստատ վերադառնալու են»:
Բայց հիմա, քանի դեռ սփյուռքի համայն հայությունը չի վերադարձել, չի տեսել Մարգոյին ու գլխապատառ նորից ետ չի գնացել, մի կարևոր լրացում կատարենք մեր դիտարկմանը: Բանն այն է, որ Մարգարիտ Եսայանն իսկապես հավատում է այն ամենին, ինչ ասում է: Այդ երևույթին մարդիկ անվանում են կույր ֆանատիզմ: Բժշկությունը մի փոքր ավելի բարդ տերմինալոգիա է գործածում: Սակայն դրանից հարցի էությունը չի փոխվում: «Ինչքան էլ ուրիշները փորձեն քմծիծաղով վերաբերվել իմ այդ արտահայտած մտքին, բայց ես իսկապես հավատացել եմ դրան և հավատում եմ: Այդ հավատն է, որ Հայաստանը դարձնելու է ավելի ուժեղ»,- անընդմեջ կրկնում է Մարգոն:
Այս նյութը դիտել են - 1506 անգամ