Ծառուկյանը միանում է Վանեցյանի՞ն. կոշտ նախազգուշացում2020-06-06 21:18:00
Չնայած կորոնավիրուսով պայմանավորված անբարեհույս իրավիճակը հայաստանյան կյանքի գրեթե բոլոր բնագավառները պրակտիկորեն կաթվածահար է արել, և բնավ հայտնի չէ, թե երկիրն երբ ի վիճակի կլինի լիովին թոթափել կորոնավիրուսային բեռն ու վերադառնալ բնականոն կյանքին, սակայն դատելով ամենայնից՝ ներքաղաքական կյանքն ակտիվացման միտումներ է սկսել դրսևորել:
Քաղաքական դաշտին նոր շունչ է հաղորդել Գագիկ Ծաուկյանն, ով, կարծես, որոշել է ձեռնոց նետել իշխանություններին՝ հայտարարելով հանրային վստահություն վայելող ուժերի հետ համագործակցության պատրաստակամության մասին:
Մեկնաբանելով Ծառուկյանի վերջին հայտարություններն, ուր նա կատաղի քննադատության էր ենթարկել իշխանություններին՝ պահանջելով, մասնավորապես, Կառավարության հրաժարականը՝ վարչապետի խոսնակը նման հայտարարությունների սկզբանապատճառ է համարել Ծառուկյանի՝ մի շարք քրեական գործերի ընթացքի վերաբերյալ ունեցած մտահագություները՝ վերաբերող փողերի լվացմանը, ընտրակաշառք բաժանելուն, հարկերից խուսափելուն, կոռուպցիային:
Վերջին շրջանի ներհայաստանյան քաղաքական կյանքի ամենանշանակալի իրադարձություն պետք է համարել, թերևս, Արթուր Վանեցյանի՝ նորաստեղծ «Հայրենիք» կուսակցության ղեկավար ընտրվելը: Վանեցյանն, ըստ էության, հայտարարել է արմատական ընդդիմություն դառնալու մասին՝ կոշտ քննադատութան ենթարկելով Փաշինյանին:
Ինչպե՞ս պետք է ընկալել Ծառուկյանի կոշտ քննադատությունն՝ իշխանություններին, որպես, ասենք, ԲՀԿ-ի ընդդիմադիր դեմքը փրկելուն միտված քա՞յլ, թե՞ շատ ավելի գլոբալ մի բան: Ծառուկյանը արտախորհդարանական ընդդիմությանը միանալու հա՞յտ է ներկայացնում, եթե այո, ապա է՛լ ո՞ր ուժերը կարող են տեսականորեն միանալ Ծառուկյան-Վանեցյան բևեռին: Օրինակ՝ ՀՅԴ-ն պատրա՞ստ է մաս կազմելու ապագա ընդդիմադիր բևեռին, իսկ ԼՀԿ-ն:
Մյուս կողմից, իհարկե, հարց է առաջանում՝ կապված այն հարցի հետ, թե առհասարակ ի՞նչ շանս կարող է ունենալ հակաիշխանական որևիցե բևեռ մի իրավիճակում, երբ երկրում համավարակով պայմանավորված իրավիճակը բացի ընդդիմադիրներին որոշ դիվիդենտներ բերելուց, անշարժողունակ իրավիճակի մեջ է դրել քաղաքական ուժերին՝ նկատի ունենալով հակակորոնավիրուսային սահմանափակումները, որոնք, ի դեպ կարող են է՛լ ավելի խստացվել առաջիկայում:
Արդյոք Ծառուկյանի ռիսկն արդարացվա՞ծ է՝ հաշվի առնելով իշխանությունների հասարակական վարկանիշի ոչ ցածր լինելը նաև (սխալ կլինի պնդել, թե իշխանություններից հիասթափությունը տոտալ է) և նաև այն, որ ընդդիմության դեմ պայքարում Փաշինյանն ամենևին էլ միայնակ չէ, որ հանդես է գալու նույնիսկ այն դեպքում, եթե ասենք մամուլի հրապաակումները ճշմարիտ դուրս գան, ու որոշ իշխանականներ իրենց դուրս դնեն Փաշինյանի թիմից: Այլընտրանք միշտ էլ կգտնվի՝ նկատի ունենալով հատկապես Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ազդակը՝ Փաշինյանին, որը ոչ այլ ինչ է, քան ակնարկ՝ վարչապետին առ այն, որ վերջինս ցանկացած պահի կարող է ՀԱԿ-ի վրա հույս դնել, ապավինել դրա կադրերին: Այսինքն՝ խոսել ներիշխանական լրջագույն, անդառնալի ճգնաժամի մասին անհիմն է, և բոլոր դեպքերում Փաշինյանի հետ ուղիղ մենամարտի բռնվելը կարող է անկանխատեսելի լինել. Մանե Գևորգյանի վերոհիշյալ հայտարարությունն, ըստ էության, հենց այդ մասին է:
Ամեն դեպքում կասկած չկա, որ ցանկացած ընդդիմադիր բևեռի ձևավորում կրելու է խիստ ֆորմալ բնույթ այնքան ժամանակ, քանի դեռ փողոցը դատարկ է (դրա դատարկությանը կնպաստի ոչ միայն հանրային անվստահության ցածր մակարդակն,այլև ակնհայտորեն COVID-19-ով պայմանավորված իրավիճակը, որը հայտնի չէ,թե որքան է շարունակվելու), քանի դեռ հասարակությունն իր ամբողջության մեջ շարունակում է քիչ թե շատ ըմբռումով մոտենալ իշխանությունների թերացումներին:
Ալեքսանդր Գրիգորյան
Այս նյութը դիտել են - 3526 անգամ