Այսօր գործում է բումերանգի օրենքը .փաստաբան2020-06-12 23:06:00
Բացում ես լրատվությունը՝ համատարած հայհոյանք ու հերյուրանք իշխանությունների հասցեին։ Բացում ես համացանցը՝ անձնավորված վիրավորանքներ վարչապետի ու մերձավորների հասցեին։
Անմիջապես հեղափոխությունից հետո, երբ իշխանությունների լուռ համաձայնությամբ համատարած հայհոյում էին, ատելության կոչեր տարածում այն անձանց, հիմնականում լրագրողների և իրավապաշտպանների հասցեին, ովքեր համարձակվում էին Վարչապետի կարծիքին հակառակ արտահայտվել, նաև պատճառաբանելով, թե ինչու են այլ կարծիքի, բարձրաձայնել եմ, որ պետությունն իր գործիքակազմով ունի պարտավորություն պայքարելու, որպեսզի վերջ տրվի համատարած այդ անօրինականություններին և պաշտպանության տակ առնի իր քաղաքացուն, հակառակ պարագայում փաստել եմ, որ գործելու է բումերանգի օրենքը։
Այսօր գործում է բումերանգի օրենքը և, ցավոք, դրանից օգտվում են որոշ անձիք, որոնց նպատակն է թուլացնել, ջլատել պետությունն ու պետականությունը, որին հասնելու համար տարբեր ստեր ու հերյուրանքներ են տարածում Վարչապետի ու նրա մերձավորների հասցեին։ Այստեղ էլ պետական լիազոր մարմինները մատը մատին չեն տալիս։ Անհրաժեշտ է ընդամենը ճշտել փողի աղբյուրը և պարզ կդառնա, թե ում ականջներն են այդտեղից երևում: Իսկ պատվիրատուի առկայության պայմաններում կատարողներին հավաքելը տեխնիկայի հարց է՝ "ուչաստկովիի" մակարդակի գործ. և հաստատ քրեական օրենսգրքով մի քանի ծանր հոդվածներ ի հայտ կգան։
Ցավոք, այսօրվա պետական լիազոր մարմինները ևս տառապում են անսխալականության բարդույթով, որը, իրավամբ, եթե չուղղեն, դառնալու է իրենց կործանման սկիզբը, ընտրողների հիասթափությունը՝ դրանից բխող բոլոր իրավական հետևանքներով, բայց երկրում ձևավորված օրինական իշխանության դեմ իրականացվող ցանկացած անօրինական գործողության պետք է իշխանության կողմից օրենքի ուժով ցավոտ և թիրախային պատասխան տրվի, եթե ոչ, քաղաքացու մոտ իրավունքի ուժով առաջանալու է դիմադրության իրավունք՝ պաշտպանելու իր կողմից օրինական ընտրված իշխանությանը։
փաստաբան Լևոն Բաղդասարյան
Այս նյութը դիտել են - 3832 անգամ