Հայաստանում համավարակի պատճառով արտակարգ դրության ժամկետը ևս մեկ ամսով երկարաձգվում է:
Արտակարգ դրության ժամկետի երկարաձգման հետ կապված ընդդիմության և իրավապաշտպանների ուշադրության կենտրոնում է գտնվում մասնավորապես արտակարգ դրության ընթացքում հանրահավաքների անցկացման արգելքը, որն ուժի մեջ է մտել մարտի 16-ից:
Այս կապակցությամբ անհրաժեշտ է նաև ուշադրության կենտրոնում պահել ևս մեկ այլ սահմանափակում, որն ուղղակի կերպով առնչվում է արտակարգ դրության հետ և կարող է թիրախ դարձնել ընդդիմության գործունեությունը:
Խոսքը վերաբերում է ավելի ուշ՝ մարտի վերջերին, «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում կատարված լրացմանը, որը վերաբերում է հեռախոսային խոսակցությունների վերահսկողությանը և արտակարգ դրության պայմաններում իշխանությունների համար հասանելի է դարձնում տեղաշարժի, հեռախոսազանգերի և հաղորդագրությունների հետ կապված քաղաքացիների անձնական տվյալները:
Իհարկե օրենքի լրացումը չի թույլատրում հեռախոսակապերի կամ հաղորդագրությունների բովանդակության նկատմամբ հսկողությունը, սակայն օպերատորների կողմից հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով հաղորդվող բովանդակության հետ կապված ամենապարզ տվյալների արձանագրումն ու դրանք մշակման համար իշխանության կողմից նշանակված մարմիններին փոխանցվելը կարող է անուղղակի կերպով առնչություն ունենալ ընդդիմության գործունեության սահմանափակման հետ:
Այս կապակցությամբ ի դեպ, ժամանակին իրենց մտահոգությունն են հայտնել նաև միջազգային իրավապաշտպան մի շարք կազմակերպություններ, որին ժամանակին անդրադարձել եմ մեկ այլ գրառման մեջ (https://www.facebook.com/robert.markarian/posts/10207230149428298):