ՀՀԿ խորհրդի անդամ Միհրան Հակոբյանը Tert.am–ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ փետրվարի 12-ին Նախագահ Սերժ Սարգսյանի ունեցած ելույթին, ասում է, որ պահանջված քայլ էր, երբ մենաբարձր մակարդակով հայտարարվեց, որ Լեռնային Ղարաբաղից արևելեք և Գյումրուց արևմուտք որևէ իսկական գորնծընկեր Հայաստանը չունի։ Ըստ նրա՝ Նախագահի ելույթը պատմական նշանակություն ունի: «Ի վերջո, եկավ այդ օրը, երբ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն ի լուր աշխարհի հայտարարեց, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումով չէ, որ պատկերացնում է Հայաստանի պետականաշինության և սոցիալ-տնտեսական ապագան»,– ասաց նա:
– Պարո՛ն Հակոբյան, ինչպես կգնահատեք փետրվարի 12-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը։
- Նախագահ Սարգսյանի ելույթն, անկասկած, հայեցակարգային է: Մենք մի տարածաշրջանում ենք ապրում, որի հարևանությամբ այսօր ընթացող ռազմաքաղաքական գործընթացներն են գծում ապագա աշխարհակարգի հիմքը: Իրականում, կան գործընթացներ, որ մեր կամքից անկախ են զարգանում: Ուզենք, թե չուզենք, բայց ինչ-որ մի պահի Հայաստանն էլ կարող է ներքաշվել այդ գործընթացների մեջ, որոնք խորքային իմաստով կարող են թե՛ բացահայտ մարտահրավեր լինել, և թե՛ հնարավորություն: Կարծում եմ՝ Նախագահը հենց դա ի նկատի ուներ՝ շեշտելով, որ «…մենք ուղղակի հարկադրված ենք ունենալ ուժեղ, ոտքի վրա ամուր կանգնել կարողացող, իր ուժերին վստահ պետություն, որտեղ բոլորը, եթե կարիքը լինի, պատրաստ լինեն դառնալ հայրենիքի զինվոր»:
Կարծում եմ, պահանջված քայլ էր ամենաբարձր մակարդակով հայտարարելը, որ Ղարաբաղից արևելեք և Գյումրուց արևմուտք որևէ իսկական գորնծընթկեր մենք չունենք, համարենք, որ այդ հատվածներում անանցանելի ճահիճ է: Ըստ իս, Նախագահի ելույթը պատմական նշանակություն ունի: Ի վերջո, եկավ այդ օրը, երբ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն ի լուր Աշխարհի հայտարարեց, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումով չէ, որ պատկերացնում է Հայաստանի պետականաշինության և սոցիալ-տնտեսական ապագան: Մենք, իրոք, քառորդ դարի ընթացքում սովորել ենք մեր խնդիրները լուծել առանց Ադրբեջանի և Թուրքիայի հետ տնտեսական ու ենթակառուցվածքային գործակցության: Հիմա այս իրողությունը բարձրացվեց դոկտրինալ քաղաքականության մակարդակի: Կարծում եմ՝ այսուհետ սոցիալ-տնտեսական քաղաքականության և ռազմաքաղաքական հաշվարկները իրականացվելու են այս նոր դոկտրինի շրջանակներում, և դա շատ լավ է: