«Վենդետայի» պարտությունը. լույս՝ թունելի վերջում2020-06-18 13:25:00
Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի, շատերի համար անակնկալ կերպով բավարարել է ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանների՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին դատարանի որոշման դեմ բողոքը: Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքը վերացվել է, իսկ խափանման միջոց է կիրառվել 2 մլրդ դրամի չափով գրավը, որ դեռևս պետք է վճարվի:
Մեկնաբանելով կատարվածը՝ Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանն, արձանագրելով, որ չնայած դատարանի կայացրած որոշումը կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարանում, կարծիք է հայտնել, որ այս գործով կալանավորում չի կարող լինել՝անկախ ամեն ինչից:
Կատարվեց այն, ինչին շատերն այդքան երկար սպասում էին, բայց հատկապես նրանք, որոնց համար «արդարություն» ու «արդարադատություն» եզրերը ոչ թե լոկ բառեր են, այլ՝ արժեհամակարգ:
Անշուշտ, արդարության հաղթանակն երբեք չէր նյութականցվի, եթե դրա համար օրնիբուն ու անձնուրաց կերպով չաշխատեր այն պրոֆեսիոնալների թիմն, որի համառ, անձնուրաց ջանքերի արդյունքում այսօր բոլորս ականատես ենք դառնում Քոչարյանի նկատմամբ տևական ժամանակ կիրառվող «վենդետայի» ջախջախիչ պարտությանն ու արդարության, ողջամտության հաղթանակին: Իսկ այն, որ հետհեղափոխական Հայաստանում երկրորդ նախագահի շուրջ ծավալված տխրահռչակ պրոցեսներն ի սկզբանե սովորական քաղաքական «վենդետա» էին, իսկական խայտառակություն, անկասկած է (այդ իմաստով, ցավոք, Քոչարյանը միակը չէ, և, թերևս, ճիշտ նույնն է տեղի ունեցել նաև գեներալ Մանվել Գրիգորյաի հանդեպ). Քոչարյանի գործը ծայրից ծայր շինծու, բացառապես քաղաքական նպատակերով մոգոնված խեղկատակություն է, որն ուներ ու շարունակում է ունենալ ոչ միայն ներքին, այլև արտաքին շահառուներ:
Քոչարյանը դարձավ զոհն այն ներքին ու արտաքին քաղաքական իրողությունների, որոնք ձևավորվել են թե՛ Հայաստանում, թե՛ դրանից դուրս, ու որոնք դեռևս շարունակում են իրենց զգացնել տալ:
Բայց դատարանի որոշումը երևիթե ոչ այնքան անձամբ Քոչարյանի կամ նրա թիմի հաղթանակն ու ձեռքբերումն է, որքան՝ ողջ Հայաստանի, քանի որ փաստվում է,որ ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը Հայաստանում դեռ ապագա ունեն, ամեն ինչ չէ, որ կորած է: Առաջին շահողն այս ամենում, անկասկած, հանրությունն է, ինչու ոչ՝ հայոց պետականությունը, որի հիմքում ընկած արժեքները, ցավոք, միշտ չէ, որ վճռորոշ դեր են ունենում գործնական հարթությունում՝ ոտնահարվելով ու պախարակվելով: Այդ արժեքների ոտնահարման մի անբարեհույս հետևանք էր հենց Քոչարյանի կալանավորումը, իսկ հիմա, երբ երկրորդ նախագահն այլևս կալանավայրում չի լինի, մի նոր հնարավորություն կբացվի Հայաստանի ժողովրդավարական զարգացման, դատաիրավական համակարգի վերածնման համար, ուր, ցավոք, շատ հաճախ շարունակում է գերիշխող լինել ամենաթողությունը,ուժի իրավունքն,այլ ոչ թե իրավունքի ուժը:
Արդարադատության համակարգի կենտրոնում պետք է դրված լինի ոչ թե ժամանակի իշխանության քաղաքական շահը կամ մեկ հոգու կամայական ցանկությունն, այլ հումանիզմն ու արդարությունը, քանի որ հենց դա է երկրի առաջընթացի ու բարգավաճման պարտադիր պայմաններից մեկն, եթե ոչ գլխավորագույնը: Հայաստանն ապագա կարող է ունենալ միայն այն դեպքում, եթե գործի ոչ թե «վենդետայի» տրամբանությունն, այլ գերիշխեն Օրենքն ու Իրավունքը:
Թունելի վերջում լույս է նշմարվում…
Գ.Մանուկյան
Այս նյութը դիտել են - 5271 անգամ