«ՀՐԱՊԱՐԱԿ». ՈՎՔԵՐ ԵՆ ՍԴ ԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ
2020-06-24 20:26:00
«Հրապարակ».Ուրբաթ օրվանից, երբ ուժի մեջ կմտնի սահմանադրական փոփոխությունների նախագիծը, իշխանությունը կանցնի ՍԴ կազմը փոխելու գործուն քայլերին։ Իշխանական աղբյուրների փոխանցմամբ, ՍԴ նոր նախագահ է դիտարկվում ՍԴ գործող դատավոր Արման Դիլանյանը, որը դատավոր է ընտրվել հեղափոխությունից հետո։ 
Նրա թեկնածությունը ներկայացրել է Դատավորների ընդհանուր ժողովը։ 
Իսկ իշխանության երբեմնի սրտի դատավոր Վահե Գրիգորյանի թեման կարծես թե փակված է։ Իսկ ինչո՞ւ Դիլանյանը։ «Նախ, փորձ ունի՝ 96 թվականից աշխատում է ՍԴ-ում, եւ երկրորդ՝ որոշակի անաչառություն է դրսեւորել, ու չեն ասի, թե յուրայիններին նախագահ դարձրին»։ Ի դեպ, երեկ ՍԴ դատավորների տարածած հայտարարությանը, որով իրենց «խիստ մտահոգություններն» էին հայտնում բարձր դատարանի շուրջ կատարվող իրադարձությունների առիթով, Դիլանյանը չէր միացել։
ՍԴ-ի մասին օրենքի համաձայն՝ ՍԴ դատավոր, ինչպես նաեւ նախագահ կարող է ընտրվել 40 տարին լրացած, միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, «ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական եւ բարոյական որակներով ու մասնագիտական աշխատանքի առնվազն 15 տարվա փորձառությամբ, հայերենին տիրապետող, բարձրագույն կրթությամբ իրավաբանը»:
Ի դեպ, քննարկվել է նաեւ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին ՍԴ գործուղելու տարբերակը, քանի որ երկար տարիներ աշխատել է ՍԴ-ում, եղել աշխատակազմի ղեկավար, բայց իշխող թիմում եզրակացրել են, որ Վարդանյանն իր տեղում «անփոխարինելի» է՝ ԱԺ-ում չունեն ուժեղ իրավաբան։ Իսկ նոր դատավորների փնտրտուքը շարունակվում է, առայժմ հնչում են նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանի, վճռաբեկի դատավոր, 62-ամյա Մամիկոն Դրմեյանի անունները։
Այս նյութը դիտել են - 5314 անգամ