Նիկոլ Փաշինյանը, խոսելով մամուլի թեմայով, ԱԺ ամբիոնից հայտարարել է, թե մամուլը, մամուլի ազատությունը, սոցիալական ցանցերի ազատությունը մարդկանց մղում են մահվան՝«մտքով հասնելով հոկտեմբերի 27»2020-06-25 13:12:00
Հայաստանում ստեղծված ակնհայտորեն ճգնաժամային իրավիճակն, երբ ականատես ենք դառնում կորոնավիրուսային ճգնաժամի աննախադեպ խորացմանն, մյուս կողմից էլ նույն այդ ճգնաժամի հետևանքով բարդագույն իրավիճակ է ստեղծվել տնտեսությունում, իսկ տնտեսագետներն էլ միաբերան պնդում են, որ կորոնավիրուսի տնտեսական վատթարագույն հետևանքներն իրենց զգացնել են տալու ընդամենը մի քանի ամսից (ըստ պաշտոնական ցուցանիշների՝ երկրում տնտեսական ակտիվության ցուցանիշը, 2019-ի մայիսի համեմատ, 12,8%-ով արդեն իսկ պակասել է), կրկին առաջին պլան է մղվում հասարակությանը կառավարելի, պրոցեսներն էլ հնարավորինս կանխատեսելի պահելու հրամայականը:
Հայաստանում նկատվում է երկու զուգահեռ պրոցես՝ մի կողմից՝ խորանում է ճգնաժամը, մյուս կողմից՝ քաղաքական իշխանություններն են փորձում ամրապնդվել բոլոր հնարավոր միջոցներով, և դրա մի դրսևորումներից մեկն էլ, թերևս, ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակն է:
Հատկապես ընդդիմադիր թևից հաճախ է հնչում այն համոզմունքը, որ ՍԴ խնդիրը լուծելուց հետո, երբ մեկ հոգու ձեռքում կկենտրոնանան իշխանության բոլոր թևերը՝ դատականը, գործադիրն ու օրենսդիրն, իշխանություններն անցնելու են չորրորդ իշխանությունը «հորով-մորով անելու» գործին:
Հանուն արդարության պետք է նշել, որ «նոր Հայաստանում» ընդդիմադիր մամուլի նկատմամբ իրականացված հայտնի ոտնձգություններն իսկապես տալիս են նման մտավախության տեղիք, և այդ իմաստով բոլորովին չի բացառվում, որ նույնիսկ ամենաչարագույժ կանխատեսումներն իսկապես իրականանան:
Նիկոլ Փաշինյանը, խոսելով մամուլի թեմայով, ԱԺ ամբիոնից հայտարարել է, թե մամուլը, մամուլի ազատությունը, սոցիալական ցանցերի ազատությունը մարդկանց մղում են մահվան՝«մտքով հասնելով հոկտեմբերի 27»:
Բավական մեծ աղմուկ է բարձրացել՝ կապված «Հրապարակ«-ի
հեղինակ Էդիկ Անդրեասյանի՝ ոստիկանության քրեական հետախուզություն կանչվելու փաստի հետ: Պատճառն Անդրեասյանի հեղինակած «Բռնապետիկն ու մենք» հոդվածն է. լուծելու են հեղինակին քրեաիրավական պատասխանատվության ենթարկելու հարցը:
Գուցե դեպքը կարող էր մասնավոր թվալ ու ռեզոնանս առաջ չբերել, եթե չլիներ մի հետաքրքրական հանգամանք. այս շրջանում կրկին մեջտեղ է եկել ԶԼՄ-ների դաշտը կարգավորելու հարցը, և, օրինակ, բացի ԱԺ-ում անցկացված համապատասխան հարցի քննարկումից՝ նույն ՏՄՊՊՀ-ն սկսել է ուսումնասիրել լրատվական դաշտում գովազդի քաղաքականության հետ կապված հարցերը:
Խոշորացույց պետք չէ ունենալ՝ տեսնելու, թե իրականում ինչ է տեղի ունենում:
Իշխանությունները համոզված են, որ լրատվական դաշտը խեղդվում է «հակահեղափոխական» մամուլի և այլ ԶԼՄ-ների առատությունից, և իրենց քաղաքական շահերից է բխում դաշտն անցանկալիներից մաքրելն ու տեղը սեփական ԶԼՄ-ներով լցնելը: Իհարկե ԶԼՄ-ների նկատմամբ ակնհայտ գերզգայուն վերաբերմունքը պայմանավորված չի կարող լինել, ասենք, լրագրության՝ որպես մասնագիտության նկատմամբ Փաշինյանի ունեցած անձնական հակակրանքով, քանի որ նա նույնպես, հանրահայտ փաստ է, այդ դաշտից է մուտք գործել քաղաքականություն:
Ազատ խոսքի, քննադատական խոսքի նկատմամբ իշխանությունների ունեցած զգուշավոր վերաբերմունքը մեծամասամբ պայմանավորված է այն չգրանցած հաջողություններով, որոնք այսօր արդեն քաղաքական խնդրի են վերածվել, առաջ է եկել հասարակությանը «չբորբոքելու» գերխնդիր.մի կողմից՝ կորոնավիրուսով պայմանավորված սոցիալ-տնտեսական իրավիճակն է օրեցօր օրհասական դառնում՝ չնայած իշխանությունների լավատեսությանը, մյուս կողմից՝ ընդդիմությունն է համախմբվում. չունենալով լուրջ, օբյեկտիվ կռվաններ, որոնք հասարակությանը զերծ կպահեին համախմբվող ընդդիմությանը սատարելու գայթակղությունից՝ իշխանությունների առաջ ծառանում է ընդդիմադիր խոսքը լռեցնելու հրամայականը:
Արդյոք լրատվական դաշտը սևերի ու սպիտակների բաժանելը կարո՞ղ է լուծել այն խնդիրը, որին հետամուտ են իշխանությունները:
Ենթադրենք՝ մեկ օրում անհետանում են բոլոր ընդդիմադիր ԶԼՄ-ները, դրանից հասարակական կարծիքի կորն ի՞նչ փոփոխության կարող է ենթարկվել, խնդիրները կվերանա՞ն, թե՞ ոմանք կարծում են, որ դրանց մատուցման ձևի հարցն իսկապես այն էական գործոնն է, որը կոնկրետ հարց է լուծում:
Բանն այն է, որ հայ հասարակությունը կամ դրա գերակշիռ հատվածը սեփական կյանքի, իսկ առավել ևս իշխանությունների մասին պատկերացում, կարծիք կազմում է ոչ այնքան այս կամ այն ԶԼՄ-ի շնորհիվ, որքան՝ սեփական կյանքի որակի:
Ակախ այն բանից, թե այս կամ այն լրատվամիջոցն այս կամ այն երևույթն ինչ դիտակետից կմատուցի կամ կվերլուծի, մարդիկ ի վերջո սեփական սառնարանի պարունակությունց են վերջնական հետևություն անելու. իրենք լա՞վ են ապրում, թե՞ վատ: Վերջիվերջո նույն նախկին իշխանությունների դառը փորձը պետք է հուշի ներկաներին, որ լրատվական դաշտը վերահսկելով կամ այն գերհագեցնելով՝ խնդիր չի լուծվում, քանի որ եթե այդպես լիներ, ապա նիկոլ Փաշինյանն այսօր վարչապետ չէր լինի:
Հայաստանը հայտարարված է՝ ժողորդավարության բաստիոն, և եթե իսկապես իշխանություններն ունեն նպատակ՝ երկիրն առաջնորդելու ժողովրդավարության ճանապահով, ապա լրատվամիջոցների նկատմամբ վարվող քաղաքականության հարցում պետք է զերծ մնան, այսպես ասած, կացնային տրամաբանությունից: ԶԼՄ-ները փակելը կամ դրանց գործունեությունն էապես դժվարացնելն առաջ է բերելու հակառակ էֆեկտ, նպաստելու է ճգնաժամի խորացմանը:
Քաղաքական խնդիրները չեն լուծվում ԶԼՄ-ներ փակելով, այլ հանգուցալուծվում են արդյունավետ աշխատանքով, ինչը, ցավոք, այնքան էլ տեսանելի չէ:
Այս նյութը դիտել են - 4886 անգամ