Ոստիկանապետը խիստ հրահանգներ է տվել ստորաբաժանումներին․ «Փաստ»
2020-07-06 23:10:00
«Փաստ» թերթը գրում է. «Ոստիկանության պաշտոնական լրահոսին հետեւելով՝ առաջին հերթին աչքի է զարնում այն հանգամանքը, որ բավական շատ են ապօրինի զենքի կամավոր հանձնման կամ առգրավման դեպքերի մասին տեղեկությունները: Ոստիկանության՝ «Փաստ» թերթի աղբյուրները փոխանցում են, որ նոր ոստիկանապետ Վահե Ղազարյանը պաշտոնավարման առաջին իսկ օրից հատկապես կարեւորում է ազգաբնակչության մոտ եղած ապօրինի զենքի հավաքումը եւ այդ առումով բավական խիստ հրահանգներ է տվել ստորաբաժանումներին։
Մեր զրուցակցի խոսքերով, նոր ոստիկանապետը երկար տարիներ քրեական-հետախուզության ոլորտում է ծառայել եւ «լավ գիտի ապօրինի զենքի հետեւանքները երկրի քրեական իրավիճակի վրա»։
Թեպետ, հանուն արդարության պետք է նշել, որ նույնիսկ ոչ մասնագետների համար է պարզ, թե քաղաքացիների ձեռքին եղած զենքը տեւական ժամանակ ինչպիսի պատուհաս էր դարձել. քիչ չեն տեղեկությունները, որ դրանցով բազմաթիվ հանցանքներ էին կատարվում՝ խուլիգանությունից մինչեւ սպանություն։
Մնում է միայն հուսալ, որ ոստիկանապետը նույն ջանասիրությամբ պայքար կծավալի նաեւ ամեն գիշեր քաղաքացիների համար գլխացավ դարձած հրավառությունների դեմ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Այս նյութը դիտել են - 3879 անգամ