Զարեհ Սինանյանի երկրորդ շանսը. կհաջողվի՞ հաղթահարել արգելքը2020-07-09 09:49:00
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է նոր որոշում, որով փոփոխության են ենթարկվում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի նպատակները:
Ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կանոնադրությունը հաստատելու մասին» N 668-Լ որոշման հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարվել են մի շարք փոփոխություններ, հավելվածը լրացվել է:
Այն, որ Սփյուռք-Հայաստան հարաբերությունների ողջ պոտենցիալը ներկայումս, ինչպես և նախկինում, շարունակում է ոչ լիարժեքորեն ռեալիզացված մնալ, առանձնապես նորություն չէ: Հայաստանի բոլոր ղեկավարներն էլ, կառավարություններն էլ վերջին տասնամյակներում միշտ էլ առնվազը հայտարարությունների մակարդակով կարևորել են Սփյուռք-Հայաստան հարաբերությունների լիարժեք զարգացումը, սակայն փաստն այն, որ նույնիսկ հեղափոխությունից հետո, երբ թվում էր՝ ստեղծելու են իդեալական պայմաններ՝ այդ հարաբերությունները վերջապես լիաթոք կերպով զարգացնելու, այդ հարաբերությունները ոչ միայն սակավ դրական տեղաշարժ են գրանցել, այլև բացահայտորեն չեն արդարացրել սպասելիքները երկուստեք. դրանք ինչպես եղել, այնպես էլ մնում են մի տեսակ հում վիճակում, և նույն Սփյուռքն այդպես էլ իր համար չի կարողանում պարզել՝ ո՞րն է այն ձևաչափը, որով նա կարող է իր գործուն, լիարժեք մասնակցությունը բերել հեյրենիքի զարգացմանը:
Արդյոք Փաշինյանի համապատասխան որոշումը կարո՞ղ է վկայել այն մասին, որ նա բավարարված չէ դիցուք Զարեհ Սինանյանի կողմից գլխավորվող կառույցի գործունեությամբ:
Մյուս կողմից՝ հարց է առաջնում, թե համապատասխան տեքստերի շարադրանքը փոխելիս, դրանք կրճատելիս կամ վերաշարադրելիս գործնականում ի՞նչ է փոխվելու, եթե անփոփոխ է մնում երկիրը, եթե բարեփոխումներն այդպես էլ մինչև վերջ կյանքի չեն կոչվում, պետությունն ավելի գրավիչ չի դառնում՝ բառիս ամենալայն իմաստով:
Ակնհայտ է, որ Սփյուռքի ու Հայաստանի միջև առաջին հերթին փոխվստահության որոշակի ճգնաժամ կա, որը, ցավոք, չհաղթարահվեց անգամ հեղափոխությունից հետո, երբ թվում էր՝ դրա համար ստեղծվել են լավագույն պայմաններն, ու ամեն ինչ նորովի սկսելուն է՛լ ոչինչ չի կարող խանգարել:
Բայց ունեցանք այն, ինչ ունենք հիմա, և հենց դա է, ըստ էության, պատճառը, որ վարչապետը որոշել է որոշ տեքստեր վերաշրադրել, որոնք, սակայն, ակնհայտորեն չեն լուծելու կամ թերի կերպով են լուծելու Սփյուռքի հետ հարաբերություններում գոյացած մարտահրավերները:
Սփյուռքն առաջին հերթին ցանկանում է տեսնել իսկապես նոր, առավել արդյունավետ պետական մենեջմենթ ունեցող Հայաստան, որը կարող է ինչ-որ բան առաջարկել սփյուռքահայությանն, առավելապես տալ, քան ակնկալել:Սփյուռքի հետ աշխատանքի գլոբալ տրամաբանությունը պետք է փոխվի, եթե իսկապես ցանկություն կա՝ «սայլը տեղից շարժելու». առաջին հերթին Սփյուռքին պետք է ընձեռնվեն հայրենիքի կյանքին լիարժեքորեն մասնակցելու, ներքին պրոցեսների վրա ներազդելու հնարավորոթյուներ, ինչի շնորհիվ իսկապես սփյուռքահայը կհաղթահարի Հայաստանի նկատմամբ ունեցած օտարության զգացումը, որ, թերևս, նախկինների ժառանգությունն է, և որը հաղթահարելու վերաբերյալ հեղափոխության օրերին մեկ անգամ չէ, որ խոստումներ ու հայտարարություններ են հնչել նույն Փաշինյանի շուրթերից:
Մինչդեռ, այսօր, նույն ամերիկահայերին առավելապես հիշում են, երբ, ասենք, Գլենդելում ինչ-որ իշխանամետ միտինգ սարքելու կարիք է զգացվում: Սփյուռքի հետ այդպե՞ս է պետք հարաբերվել…
Կորոնավիրուսային աշխարհը (դեռևս պարզ էլ չէ՝ երբ է աշխարհը թևակոխելու հետկորոնավիրուսային փուլ) թելադրում է իր կանոնները: Այդ կանոնները, ցավոք, բարենպաստ չեն կարող լինել նույն Սփյուռքի հետ Հայաստանի հարաբերությունների խնդրում, քանի որ օբյեկտիվորեն կրճատվում են շփման հնարավորությունները, իսկ շփումն, ինչպես հայտնի է, ամեն ինչի հիմքն է: Այս իմաստով վերջին կես տարին ակնհայտորեն կորստաբեր պետք է համարել Սփյուռքի հետ հարաբերություններում՝ դրանից բխող բոլոր անցանկալի հետևանքներով:
Կա՞ արդյոք ճգնաժամը հաղթահարելու ճանապարհային քարտեզ, դրա մշակման առաջին փո՞ւլն են արվող փոփոխությունները: Ցանկություն կա հավատալու, որ ամեն բան հենց այդպես է, և որ արվող փոփոխությունները, որոնց գնահատակններ տալուց առայժմ ձեռնպահ կմնանք՝ սպասելով գործնական ադյուքններին, իսկապես կօգնեն երկկողմ նպատակների ու ընդհանուր ծրագրերի հաջող ռեալիզացմանը:
Առանց մեկմեկու Հայաստանն ու Սփյուռքը ոչինչ են,և դա պետք է գիտակցեն բոլորը:
Գ.Մանուկյան
Այս նյութը դիտել են - 5289 անգամ