Այսօր ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ, ԼԵԳԵՆԴԱՐ ԷԼՎԻՆԱ ՄԱԿԱՐՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻ օրն է: 2020-07-09 10:11:00
Այսօր ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ, ԼԵԳԵՆԴԱՐ ԷԼՎԻՆԱ ՄԱԿԱՐՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻ օրն է:
2007 թվականի հուլիսի 9-ի առավոտյան Էլվինա Մակարյանին հայտնաբերում են անշնչացած սեփական բնակարանում։ Պաշտոնապես նրա մահվան պատճառը համարվեց սրտի կաթվածը։
Միայն մի քանի շաբաթ անց Գլենդելի ոստիկանությունը հայտարարեց, որ երգչուհին ինքնասպան է եղել և կյանքին վերջ է դրել ատրճանակի օգնությամբ։
Էլվինան հիմնականում կատարում էր Շառլ Ազնավուրի և Ռոբերտինո Լորետիի երգերը՝ դաշնամուրով նվագակցելով ինքն իրեն։ Խորհրդային տարիներին երգիչները պայքարում էին երգելու իրավունքի համար, իսկ Էլվինա Մակարյանը՝ երգելու ձևի, ոճի և թեմատիկայի համար։ 1980-ականներին Կոմկուսի Կենտկոմը փաստորեն «տնային կալանքի» է ենթարկում նրան՝ վճարելով աշխատավարձ՝ աշխատանքի չգնալու պայմանով։ Նույնիսկ այդ տարիներին՝ 1986-1989 թվականներին, նա չի դադարել ստեղծագործել։ Էլվինա Մակարյանը չափազանց «ուրիշ» էր: Հենց դա էլ նրան չներեցին խորհրդային իշխանությունները: Երգչուհին տիրապետում էր անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և իտալերեն լեզուներին, առնչվում էր համաշխարհային մշակույթի և օտարազգի երաժիշտների հետ։ Սիրահարված էր ամերիկյան ջազին։ Սև, երբեմն շիկահեր մազեր, մուգ ակնոցներ և ծխախոտ. Էլվինա Մակարյանի ոճը ժամանակակիցներին էքսցենտրիկ էր թվում, թեպետ երգչուհին չէր սիրում ուշադրության կենտրոնում լինել, չէր սիրում, երբ իր մասին խոսում էին: Միևնույն ժամանկ չափազանց համարձակ էր:
Այդ ժամանակ ԱՄՆ-ից հրավեր է ստանում, տղայի հետ մի քանի շաբաթով զբոսաշրջության մեկնում։ Այդ օրերին ստորագրում են Հեռուստառադիոպետկոմից նրան ազատելու հրամանը։ Մայրը զանգահարում է և ասում, որ կարող է հետ գալու մասին չմտածել, մնալ ԱՄՆ-ում։ Երգչուհին հարկադրաբար հաստատվում է ԱՄՆ-ում։
Թողարկել է երեք ձայնասկավառակ, բացել է սեփական ստուդիան, նկարահանել տեսահոլովակներ, գրել երգեր։
Լրագրող Արտակ Ալեքսանյանը, որին երգչուհին մահից մեկ շաբաթ առաջ հարցազրույց էր տվել, գրում է. «Կարծում եմ՝ երգչուհու որոշումը խիստ գիտակցված էր: Դա կշռադատված հանրային քայլ էր՝ ուղղված մտավորականությանն ու հասարակությանը:
Էլվինան հարցազրույցի ժամանակ ակնարկեց. «Ես այժմ իմ մասին ձայնագրություններ եմ թողնում: Երբ չլինեմ, ում ձեռքը որ ընկնի, թող մի հատ մեծ գիրք գրի իմ մասին»: Այժմ նրա հարազատները փորձում են գտնել այդ ձայնագրությունները»: Ալեքսանյանը նաև գրում է, որ Էլվինա Մակարյանը կյանքից հեռացավ, որովհետև ուներ պատճառներ։ Նոր հազարամյակը երգչուհու համար ճակատագրական էր։ Սկզբում վախճանվեց նրա մայրը, որի հետ շատ կապված էր, որը նրա ամենամտերիմ մարդն էր, ընկերը, երկրպագուն, քննադատն ու ծնողը. «Երգչուհին մոր մահից հետո տեղափոխվում է նոր բնակարան: Բայց ամենածանր հարվածն առջևում էր: Ռոմանը՝ Էլվինա Մակարյանի միակ որդին, ինքնասպան է լինում 28 տարեկան հասակում: Թվացյալ հրապարակային կյանքով, բայց բոլորին անհայտ Էլվինան փորձում է վերադառնալ կյանք: Սկսում է ձայնագրությունները: Բայց այն, ինչ անում էր, ավելի շատ նախապատրաստական աշխատանք էր հիշեցնում: նա պատրաստում էր իր հրաժեշտը»:
Էլվինա Մակարյանը կտակել էր իրեն այրել ու մոխիրը հանձնել օվկիանոսին: Կտակով նա խնդրել էր նաև հոգեհաց չկազմակերպել, չհավաքվել։ Ուղղակի հիշել իրեն՝ յուրաքանչյուրն ինքն իր համար: Միայն մահն է ԱՆՄԱՀ... Է.Մ:
Աիդա Ավդալյան
Այս նյութը դիտել են - 3220 անգամ