Արթուր Սաքունցի հայրը որդու ապօրինությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել
2020-07-13 21:25:00
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի՝ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հայրը՝ Ալբերտ Սաքունցը, հայտարարություն է տարածել որդու ապօրինությունների մասին։ Հայտարարությունը հրապարակել է Armlur.am կայքը։
«Հարգելի՛ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, դիմում եմ ձեզ, որովհետև կարծում եմ՝ ձեր ուշադրությունը ստորև ներկայացված հարցին կարևոր է թե՛ բարոյական, թե՛ իրավական հարթությունում։
Ես՝ Ալբերտ Սաքունցս, հայտնի Արթուր Սաքունցի հայրն եմ։ Ու թեև որդիս կնոջս մահից հետո, երեք տարի շարունակ ինձ վրա բարոյահոգեբանական ճնշում գործադրելով, ստիպել է հեռանալ իմ քրտինքով ստեղծած բնակարանից, իսկ դրանից հետո որևէ կերպ չի հետաքրքրվել իմ ողջությամբ ու առողջությամբ, այսօր էլ նույն գործելոճով շարունակում է ոտնձգությունները կնոջս օրինական ժառանգի՝ իմ հանդեպ։ Դժվար է ասել, թե ինչ իրավական հիմքով է Արթուրը կարծում, թե ինքն է կնոջս միակ ժառանգը, երբ ես կենդանի եմ և փաստացի հանդիսանում եմ նրա օրինական ժառանգը։ Բարոյական հարթությունում ունեմ բոլոր հիմքերը՝ Արթուրին անարժան զավակ համարելու, ինչն էլ հանգեցրել է ձեզ ներկայացվող նյութի իրավական կողմին։
Ես, լինելով կնոջս փաստացի ժառանգը, ինձ ժառանգություն մնացած տարածքը օտարել եմ։ Խոսքը այն տարածքի մասին է, որտեղ ներկայումս վարձակալության հիմքով գործում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։ Նոր սեփականատերը պատշաճ կերպով վարձակալներին ծանուցել է կայացած գործարքի մասին, նաև տվել ողջամիտ ժամանակ տարածքը լքելու համար։ Սակայն Արթուրը, փոխանակ ընդունելու իրողությունը, սկսել է իրավական տարբեր գործընթացներ, դատական հայցեր է ներկայացնում իմ դեմ։ Ու կարծում եմ, որ դա անում է հիմնական գործից ուշադրությունը շեղելու և ժամանակ ձգելու համար։ Ավելին, հաշվի առնելով նրա կապերը՝ կարծում եմ, որ դատական գործերը քննող դատավորների վրա ճնշում է գործադրում, անում է ամեն ինչ՝ ինձ կնոջիցս ստացած ժառանգությունից զրկելու համար։
Այսքանից հետո դժվարանում եմ գնահատական տալ մի իրավիճակի, որտեղ իրեն իրավապաշտպան ներկայացնող անձը, իմ կարծիքով, հակաօրինական քայլերի է գնում, իսկ որդին հոր դեմ հայց է ներկայացնում` նրան ունեզրկելու և օր ծերության ապրուստի վերջին միջոցն էլ նրանից խլելու համար։ Իրավիճակն իսկապես ծայրահեղ է և նյարդային, ինչի արդյունքում նաև առողջական խնդիրներ են առաջացել ինձ մոտ։
Հարգելի՛ լրագրողներ, չէի դիմի ձեզ, եթե հարցը միայն անձնական տիրույթում լիներ։ Ես կարծում եմ, որ մենք՝ որպես հասարակություն, պետք է գնահատական տանք այն իրավիճակին, որում գտնվում եմ ես ու ինձ նման բազմաթիվ մարդիկ։ Ավելին, կարևոր է, որ մեր հասարակությունը ճանաչի իրական կողմից այն մարդկանց, որոնք իրենց որպես իրավապաշտպան են ներկայացնում, բայց դեմ չեն հակաօրինական քայլերի գնալ իրենց նպատակներին հասնելու համար։
Դատական նիստերը դռնբաց են, ուստի կարող եք նաև մասնակցել դրանց։ Իսկ եթե հարցեր կունենաք, կարող եք դիմել իմ փաստաբան Արտակ Ոսկանյանին։
Հարգանքով՝ Ալբերտ Սաքունց, թոշակառու»,-գրել է Արթուր Սաքունցի հայրը։
Այս նյութը դիտել են - 4207 անգամ