Սպառվում է ծիրանը, գնում են արկղերով, գնում են՝ ազերուն և աշխարհին ցույց տալով, որ հայը հաղթել գիտե...2020-07-18 11:59:00
Այո՛, մենք՝ հայերս, զսպանակվել, հզորանալ գիտենք վտանգի պահին, կարևոր իրավիճակներում։ Մեր գենին հատուկ այդ հրաշքն է մարդկության մանկությունից եկող հային պահել պատմության թատերաբեմի վրա։ Իսկ շատերը փոշիացել, անհետ կորել են չար մշուշի պես...
Ծիրանը մեծ պատմություն դարձավ Մոսկվայում։ Նախ՝ մի քանի ստահակներ ոտքերի տակ ճժմեցին աստվածատուր միրգը, ապա ռուսաց մայրաքաղաքի մեծ շուկայի տեր ազերիները (՞) արգելեցին վաճառել Հայաստանից բերված 1000 տոննա ծիրանը՝ փորձելով քամուն տալ հայ գյուղացու ամիսների աշխատանքը։
Բայց՝ ո՛չ։ Երեկոյան կոչ հնչեց Մոսկվայում ապրող հայերին՝ գնել ծիրանը, չթողնել փչանա։ Եվ տեսեք, թե հաջորդ օրն ինչ կատարվեց վաճառքի համար հատկացված տարածքում (նկարներում)։
Հազարավոր հայեր եկան ծիրան գնելու ու նաև՝ միակամություն ցուցադրելու։ Երկար հերթեր գոյացան, մարդիկ կանգնեցին ժամերով։ Մեկ այլ գործարար հայ էլ անվճար սնունդ էր մատակարարում ժամերով իրենց հերթին սպասող մարդկանց։
Ու սպառվում է ծիրանը, գնում են արկղերով, գնում են՝ ազերուն և աշխարհին ցույց տալով, որ հայը հաղթել գիտե ո՛չ միայն մարտի դաշտում, որ հայը դարերի հեռու խորքերից եկել է զուլալված, բյուրեղացած ու երբ բռունցքված է՝ անհնար է հաղթել իրեն։
Երիցս ճիշտ է շբեդաբնակ ազերի հրապարակախոսը՝ իրենք հայերին պարտվել են ո՛չ միայն Ղարաբաղում։ Պարտվել են զինարվեստում՝ Բաղրամյանին ու Բաբաջանյանին, գրականության մեջ՝ Սարոյանին, աստղագիտության մեջ՝ Համբարձումյանին, երգարվեստում՝ Ազնավուրին, գեղարվեստում՝ Սարյանին, կինոարվեստում՝ Փարաջանովին, արհեստների մեջ՝ Հակոբին, թթու դնելու գործում՝ Հայկանուշին....
Այս նյութը դիտել են - 4119 անգամ