Այս օրերին քննարկվում են այդ չափորոշիչներն ու ծրագրերը, այն էլ՝ առանձնակի շտապողականությամբ, արտակարգ իրավիճակում:
Իսկ որտե՞ղ: Զում հարթակում՝ ըստ առարկաների...
Ես այսօր մասնակցում էի նույնիսկ պատմության առարկաների քննարկմանը...
Կարծում եմ՝ ուսուցիչներիս բաց հարթակ է պետք, որ միմյանց աչքերի նայենք ու խոսենք, ոչ թե հեռավար տարածքներ:
Ստացվում է, որ մեզ համոզելու ճանապարհ է ընտրվել, երբ ամեն հարցի համար կան պատասխանները: Եվ ո՞վ պիտի մեզ համոզի, որ հայ գրականությունն Աբովյանով է սկսվում, որ Մաշտոցը, Խորենացին, Նարեկացին, Շնորհալին, Ֆրիկը, Գոշը, Այգեկցին, Քուչակը, Սայաթ-Նովան գրականության թեմա չեն... Պարզվում է՝ վերջինիս խաղերի լեզուն դժվարամատչելի է 21-րդ դարի սովորողի համար, ու նաև հանրակրթական դպրոցները բանասերներ կրթելու համար չեն:
Հազարավոր ուսուցիչներից քանի՞ հարյուրն են մասնակցելու այդ քննարկմանը, քանի՞ հազարը հնարավորություն չեն ունենա մասնակցելու, քանի՞ տասնյակն են հարցեր բարձրացնելու, քանի՞ հազարի անունից է ասվելու, որ քննարկվել է նախագիծը և ընդունվել... Ո՞ր մի ուսուցչի կառուցողական առաջարկ է ընդունվելու, երբ այդ նախագիծը, առանց մեր կարծիքն իմանալու, արդեն «օրինակելի ծրագիր» անունն է կրում:
Ուղղակի ցավալի է, ո՞վ կմտածեր, որ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ այսպես կմասնատվեր, որ ԲԱՆԱՍԵՐՆ այսպես «կընկներ», բայց ո՞ր մեկի մասին գրել...Մենք կրթությամբ ու՞մ ենք ուզում նմանվել, եթե կարող ենք, մեր միջավայրն էլ փոխենք, որ խաղաղ ապրենք ու կարողանանք անտեսել հայ դասականներին մեր ազատ ընտրությամբ: